Շարունակվող պատերազմը, այս անգամ շրջափակման տեսքով, Արցախի տնտեսությանը հսկայական վնաս է հասցրել։ Բազմաթիվ տնտեսվարողներ հայտնվել են ծանր վիճակում և ստիպված են եղել դադարեցնել բիզնես գործունեությունը։ Բայց կան բիզնես ոլորտներ, որտեղ հնարավորություններ են բացվել։ Դրանցից մեկը գյուղատնտեսությունն է։ Սրբուհի Վանյանը զրուցել է գյուղ-ոլորտը որպես բիզնես ուղղություն դիտարկած մի կնոջ՝ Ռիմա Հայրապետյանի հետ, ով չէր էլ պատկերացնում, որ իր կյանքում երբևէ կարող է զբաղվել գյուղատնտեսությամբ։
44-օրյա պատերազմից հետո Ռիմա Հայրապետյանը, ընտանիքի անդամների աջակցությամբ, Ստեփանակերտից 15 կմ հեռավորության վրա գտնվող Քռասնի համայնքում ջերմոց է հիմնադրել։
Շրջափակված Արցախում` առանց վառելիքի, անհրաժեշտ պարարտանյութերի, գազի բացակայության ու էլելկտրաէներգիայի հովհարային անջատումների պայմաններում արդեն 8 ամիս մշակում է այն, փորձելով լուծել երկու կարևորագույն խնդիր․ իր ընտանիքի կեցության հարցն ու իր հայրենակիցներին տեղական գյուղմթերքով ապահովելու խնդիրը։ Հիմնադրել է «Համով բոստան» ապրանքանիշը, և գյուղմթերքն այդ բրենդով վաճառում է Ստեփանակերտի խանութներում։
«Ջերմոցային տնտեսությամբ սկսեցինք զբաղվել պատերազմից անմիջապես հետո, երբ ունեցանք տարածքային մեծ կորուստեր։ Մեծ դժվարություններ հաղթահարեցինք, չնայած մեծ ռիսկեր կային, հողատարածք գնեցինք, ներդրումներ կատարեցինք, կառուցեցինք ջերմոցը։ Աջակցություն ստացել ենք գյուղնախարարությունից»։
Մոտիվացիան` տեղական գյուղմթերքի բացակայության պայմաններում շուկայում առաջացած պահանջարկն էր։ Կառավարությաունը` մեծ չափով գյուղատնտեսական նշանակության հողերի կորստից հետո մշակել էր աջակցության ծրագիր՝ ջերմոցային տնտեսությունները զարգացնելու նպատակով․ Ռիմայի նախագիծը մեկն էր նրանցից։
Շրջափակման պայմաններում, վառելիքի բացակայության պատճառով խնդրահարույց է ինչպես ջերմոց այցելելը, այնպես էլ` բերքը քաղաք հասցնելն ու շուկա հանելը։
«Ջերմոցը մեր տնից 15 կմ հեռավորության վրա է, հիմա վառելիքի պատճառով չենք կարողանում գնալ, և բերքը առաքել»։
Ներկա պահին «Համով բոստան»-ում լոլիկ կա, լոբի, վարունգ, պղպեղ, գազար, ճակնդեղ՝ թվարկում է Ռիման։ Ոգևորված պատմում է, թե ինչպես են առաջին բերքն ստացել. հունվարին, շրջափակումից 1 ամիս անց։
«Առաջին ապրանքը որ շուկա ենք հանել, բողկն էր, հաջողությամբ վաճառեցինք, և այն եղավ մեր բիզնեսի հաջողության գրավականը»։
Բողկին հաջորդեց սպանախը, կանաչեղեն, ապա` այլ բանջարեղեն ևս։ Ճիշտ է՝ անհրաժեշտ պահանջարկը բավարարել դեռ չեն կարողանում։
Այո, հեշտ չէ, ասում է Ռիման, բայց դժվարությունները հաղթահարելի են, եթե կա մեծ ցանկություն, իսկ առաջին արդյունքները ոգևորող են։ Ջրի, ջեռուցման հարցը լուծել են։ Աջակիցներ էլ ունեն. հարազատ մարդիկ, ովքեր խնամում են ջերմոցը` իր բացակայության պայմաններում։ Ռիման ջերմությամբ է խոսում նրանց՝ ջերմոցի մոտակայքում ապրող այդ բազմազավակ ընտանքի մասին։ Հատկապես 12-ամյա Նվերին Ռիման համարում է իր աջ ձեռքը։
«Մի քանի ամիս է, որ ծանոթ ենք իրար, սերտ համագործակցում ենք, նրանք օգտվում են մեր ջերմոցից։ Ընտանիքում կա 4 անչափահաս երեխա, հատկապես 12 ամյա Նվերը այնտեղ վերահսկում է աշխատանքները, կարգավորում դրանք»։
Ցավոք ջերմոցի բերքուբարիքը պահեստավորելու հնարավորություն առայժմ չունեն, մտածում են պահածոյացման մասին։ Բայց ներկայում էլ պահանջարկը մեծ է, հաճախ նաև տեղում են գնում այն։ Բերքը հավաքում են իրար օգնելով, ընտանիքի անդամներով, գնորդ ու արտադրողով։ Տարվա պահանջ է՝ շրջափակման հրամայական։ Արցախում ծանր օրեր են, և բարիքը չպետք է կորչի։