Նոյեմբերի 21, 2024

Անձրևները չեն դադարում, բայց կունենանք խմելու և ոռոգման ջրի պակաս

By Ասպրամ Ավանեսյան Հունիսի 19, 2023

Արցախն էներգետիկ ոլորտում այլևս ինքնաբավ չէ, Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով անհնար է դարձել էլեկտրաէներգիայի ներկրումը, իսկ հանրապետությունը սնուցվում է բացառապես հիդոէլեկտրակայանների արտադրանքի շնորհիվ: Այս բոլոր հանգամանքները և ոլորտում պատերազմից հետո ստեղծված իրավիճակը բերեցին նրան, որ Արցախն էլեկտրականությամբ ապահովելու ամբողջ բեռն ընկավ Սարսանգի ջրամբարի վրա կառուցված «Սարսանգ» հէկի վրա: Էներգետիկ ոլորտը բավարարելու համար ջրամբարի ջուրն օգտագործվեց, բայց ջրի խնդիրը միայն էներգետիկ ոլորտում չէ, որ դրսևորվում է: Ոռոգման և խմելու ջրի խնդիրը նույնպես լուրջ է, այդ խնդիրները ևս այս կամ այն կերպ կապված են շրջափակման հարուցած հարցերի հետ: Ինչպիսի՞ն է իրավիճակը ոլորտում. Հարցի շուրջ Ասպրամ Ավանեսյանը զրուցել է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արարատ Խաչատրյանի հետ:

 

Ջրային բավարարվածության հարցը ռազմավարական նշանակություն ունի այն երկրների համար, որոնց տնտեսության մեջ մեծ տեղ է զբաղեցնում գյուղատրտեսությունը: Արցախում գյուղատնտեսության զարգացման նախադրյալները մեծապես կապված են ջրամատակարարման հետ: Ոլորտում ամռանը մշտապես խնդիրներ են առաջանում: Հանրապետության Ջրային կոմիտեն պլանավորված, ինչպես նաև` ըստ անհրաժեշտության այդ խնդիրներին լուծումներ է տալիս: Շրջափակմամբ պայմանավորված` ջրային խնդիրները դժվար է լուծել` վերականգնման, կառուցման, ամրացման համար անհրաժեշտ նյութերը ներկրելով պայմանավորված: Ջրամատակարարման ճյուղի արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ են համապատասխան կապիտալ ներդրումներ` ասում է Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արարատ Խաչատրյանը:

«Պետության կողմից միջոցներ են ներդրվում ջրամատակարարման և ջրային տնտեսության համակարգերի զարգացման, արդիականացման, կորուստների թեկուզ մասնակի վերականգնման համար: Պետության միջոցների հաշվին ջրային կոմիտեն իրականացնում է ջրային համակարգերի կառուցում, վերակառուցում, պահպանում: Վերանորոգման մեծ աշխատանքներ ենք կատարում, որովհետև ջրային համակարգերը ունեն մինչև 60 տարվա հնություն»:

Հաշվի առնելով Արցախի աշխարհագրական առանձնահատկությունները, ինչպես նաև` գլոբալ տաքացումները և դրա հետևանքները, պետության համար ամենակարևոր խնդիրն այս պահին քաղաքացիներին խմելու ջրով ապահովելն է, ասում է Խաչատրյանը: Տեղումների, վերգետնյա ջրերի, աղբյուրների ջրերի սակավությանը զուգահեռ մեծանում են խմելու և ոռոգման ջրի խնդիրները: Վերջին շրջանում տեղացած հորդառատ անձրևները ջրային ոլորտում խնդիր են լուծել.

«Վերջին 2 ամսվա տեղումները մեծ օգուտ և վնաս տվեցին գյուղատնտեսությանը, որը բնական է, երկու հաջողություն մի տեղ չի լինում, մենք պետք է կարողանանք պայքարել` նոր տեխնոլոգիաներ օգտագործելով: Բայց տեղումները բուսականությանը ահագին օգուտ տվեցին, աղբյուրների մեծամասնությունում արդեն ջուր կա, ինքնահոս եղանակով ոռոգում կատարվում է, գետերում ջուր կա: Այսինքն այս տեղումները մեծ թափ տվեցին գյուղատնտեսությանը»:

Բայց անգամ այս ամենը հաշվի առնելով ամռան հաջորդ եղանակներին խնդիրներ են առաջանալու խմելու և ոռոգման ջրի հետ կապված: Խնդրին լուծում տալու համար պետությունը և ջրային կոմիտեն ծրագրեր են մշակում:

«Այդ ամիսներին ջրային կոմիտեն կառավարումը կատարում է ֆորս մաժորային իրավիճակից ելնելով. ստիպում ենք, խնդրում ենք, հորդորում ենք մեր բաժանորդներին խնայողաբար օգտագործել ջուրը, ոռոգման համակարգում էլ այդ ջուրն օգտագործեն արդյունավետ: Կարելի է քիչ օգտագործել, ամեն տնտեսություն էլ կարող է քիչ օգտագործել»:

Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի մի շարք համայնքներում ամռանը ջրի խնդիրը մասամբ կլուծվեր, եթե Պատարայի ջրամբարը կառուցված լիներ: Բայց 2023 թ. ջրամբարի վրա ոչ մի աշխատանք չի կատարվել, պատճառը` անհրաժեշտ նյութերի և գործիքների բացակայությունն է, իսկ բացակայության պատճառը շրջափակմամբ է պայմանավորված:

«2022թ. ջրամբարի հիմքն է կառուցվել, ջրընդունիչն է կառուցվել: 2023 թ. շրջափակման հետ կապված կարելի է ասել ոչ մի աշխատանք չի կատարվել: Եթե 2023թ մենք աշխատանքներ կատարեինք ցեմենտի մեծ քանակություն էր պետք լինելու, որը շրջափակմամբ պայմանավորված չկարողացանք ներկրել: Իսկ եթե Պատարայի ջրամբարի վրա այս տարի աշխատանքներ կատարեինք, ինչ որ քանակությամբ ջուր կարող էինք կուտակել»:

Ամառային եղանակին հատուկ ջրային խնդիրներն առավել խորն են դարձել շրջափակման հարուցած խնդիրների պատճառով: Այս առումով, ինչպես ասում են, եղանակը հօգուտ մեզ է խաղում, բայց ինչքանով և մինչև երբ բնույթյունը կարող է փոխհատուցել կամ վերականգնել մարդածին աղետները:

Մարդածին խնդիրները, մարդկային գործոնով պետք է լուծվեն, դա վերաբերում է նաև ջրային պաշարների վերականգնմանը: Բայց այն միայն մի կողմից չի կախված:

Last modified on Երկուշաբթի, 19 Հունիսի 2023 21:09
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ