ԱՀ գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Հարությունյանը ներկայացնում է, թե ովքեր և ինչպես են ստանալու հասանելիք սերմացուն։
«Կարտոֆիլի սերմացուի տրամադրումը կազմակերպվում է ըստ համայնքներից ներկայացված հայտերի։ Մենք առաջնորդվում ենք նախարարության տրամադրած ցուցակներով՝ տվյալ հողօգտագործողի հետ կնքելով պայմանագիր և տրամադրելով սերմացու»։
Կարող են սերմացու ձեռք բերել նաև Ստեփանակերտ քաղաքի բնակիչները, որոնք ունեն մինչև 1000 քառ․ մ և ավելի հողատարածք և գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն՝ տեղեկացնում է Նարեկ Հարությունյանը և պարզաբանում կարգը։
«Ստեփանակերտ քաղաքում կազմակերպվում է քաղաքապետարանի միջոցով, մինչև 1000 քմ հողամաս ունենալու դեպքում, իսկ ավելի մեծ հողատարածքի առկայության դեպքում ԳԳԱՀ-ն է զբաղվում»։
Օրեր առաջ շրջանառվեցին լուրեր, ըստ որոնց հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են՝ սննդում օգտագործելու նպատակով։ Այս առիթով լիազոր մարմինը նույնիսկ հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ նման կարտոֆիլը սննդի տեսքով օգտագործելու համար պիտանի չէ։ Մեկնաբանելով այս տեղեկատվությունը՝ Նարեկ Հարությունյանը մասնավորապես ասել է․
«ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ սննդի տեսքով օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում երկար պահպանելու նպատակով ենթարկվել է քիմիական նյութերով հատուկ մշակման։ Հորդորում ենք զերծ մնալ նման գործողություններից և ձեռք բերված կարտոֆիլի սերմն օգտագործել նպատակային»։
Ինչպե՞ս տարբերի գնորդը, այսպես կոչված, թունախեղդած կարտոֆիլը։ Հարցին ի պատասխան՝ Նարեկ Հարությունյանն ասում է, որ դրանք տեսքով սովորական կարտոֆիլից չեն տարբերվում, և գնորդն անզեն աչքով այդ տարբերությունը տեսնել չի կարող։ Այդ դեպքում, ինչպե՞ս է վերահսկողություն իրականացվում՝ պատասխանը լիարժեք չէր․ «Կարտոֆիլի սերմի ոչ նպատակային օգտագործման բոլոր դեպքերը կքննվեն համապատասխան մարմինների կողմից, և մեղավորները սահմանված կարգով կենթարկվեն պատասխանատվության»,- ասում է զրուցակիցս։
«Բոլոր պետական լծակները պիտի օգտագործվեն, որ սերմացուն չվաճառվի։ Մեր կողմից վերահսկողությունը կատարվում է տեղում՝ ստուգելով թե սերմացուն նպատակայի՞ն է օգտագործվել, թե՞՝ չէ։ Մնացած վերահսկողությունը այլ մարմինների կողմից է իրականացվում»։
Բացի կարտոֆիլից, Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը տրամադրում է նաև այլ սերմացու։ Ինչպես կարտոֆիլի, այնպես էլ մյուս գյուղմթերքների սերմացուի ձեռքբերման ձևն ու գինը տարբեր են։
«Տրամադրում ենք կտավատի, առվույտի, կորնգանի սերմացու, որոնց գինը 100 տոկոսով սուբսիդավորվում է։ Տրամադրում ենք հաճարի ու կարտոֆիլի սերմացու, որոնք տարբեր գներ ունեն՝ կապված վաճառքի տեսակից։ Ուղղակի վաճառքի դեպքում 1 կգ կարտոֆիլի համար 210 դրամ են վճարում, եթե 20 տոկոսի չափով է վճարում կատարվում՝ 238 դրամ է, իսկ եթե կնքվում է փոխառության պայմանագիր՝ 270 դրամ է։ Հաճարի սերմացուի դեպքում 1 կգ-ի արժեքը առուվաճառքի դեպքում 200 դրամ է, 20 տոկոս վճարման դեպքում ՝227 դրամ, փոխառության դեպքում՝ 250 դրամ։ Փոխառության պայմանագրերը կնքվում են 5 տոկոս տոկոսադրույքով։ Կան նաև գարնանացան մշակաբույսեր, որոնց սերմացուն տրամադրվում է անհատույց»։
Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի գործառույթներին շրջափակման պայմաններում ավելացել է ևս մեկը՝ կառույցը զբաղվում է ներմուծված սննդի մատակարարումներով։ Նարեկ Հարությունյանն ասում է՝ կա ստեղծված հանձնաժողով, որի միջոցով անցկացվում են մրցույթները, խանութների ցանկը, և հաստատվելուց հետո առաքվում են։ Խոսքը առաջին անհրաժեշտության ապրանքների մասին է, որոնց բաշխումը հիմնականում կազմակերպվում է ըստ կտրոնների։