Նոյեմբերի 21, 2024

Ասկերանում վրան-տաղավարներ են տեղադրվել գյուղմթերքը վաճառելու համար

By Լանա Համբարձումյան Հունիսի 29, 2023

Ասկերանում շրջափակման դեմ պայքարելու նոր միջոցներ են գտել: Շրջկենտրոնում, քաղաքապետարանին կից տեղադրվել են վրան-տաղավարներ՝ շրջանի հողագործների գյուղմթերքն իրացնելու համար: Ասկերանի մեր թղթակից Լանա Համբարձումյանի ռեպորտաժը: 

Արդեն 2-րդ օրն է, ինչ Ասկերանի քաղաքապետարանին կից բացվել է փոքրիկ շուկա:

Ասկերանի շրջանի գյուղատնտեսությամբ զբաղվող մարդիկ գյուղմթերքը իրացնում են վրան-տաղավարներում:

Քաղաքապետ Հայկ Շամիրյանը նշում է, որ նման շուկա ստեղծելու մտահղացում առաջացրել է Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված վառելիքի բացակայությունը:

Իր խոսքով հողամշակների համար գյուղմթերքը մեծ քանակով Ստեփանակերտ հասցնելը բարդ է և խնդրահարույց իսկ շրջկենտրոնում վաճառելը քիչ թե շատ հեշտացնում է նրանց աշխատանքը: Արդյո՞ք նախաձեռնությունը հավանության է արժանացել հողամշակների կողմից՝ պատասխանում է քաղաքապետը.

«Իմ կարծիքով արժանացել է, որովհետև շատ են զանգահարել ասելով, որ բերքի իրացման խնդիր կա և հարցրել՝ կկարողանա՞ն արդյոք իրացնել այն: Վերջին ամիսներին տեղած սելավներն ու հունիսի 18-ին տեղած կարկուտը քիչ թե շատ վնասներ են հասցրել և բերքի պակաս կա, բայց ջերմոցային տնտեսությունները կարելի է ասել, որ չեն վնասվել: Կարծում եմ բերքը պիտի շատանա և մարդիկ կկարողանան այս դժվար պայմաններում էլ ավելի թեթև հաղթահարել դրանք»:

Բնակչությունն Ասկերանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվող ամենօրյա հայտարարությունների և նկարների միջոցով իրազեկված է լինելու առաջիկա նախաձեռնությունների մասին, ասում է քաղաքապետ Հայկ Շամիրյանն ու հավելում, որ տաղավարները մշտապես տեղադրված են, սահմանափակումներ չկան, գյուղմթերք արտադրողները կարող են ցանկացած ժամի մոտենալ առք ու վաճառքի համար:

Last modified on Հինգշաբթի, 29 Հունիսի 2023 13:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ