Գայլերի և շնագայլերի հերթական հարձակումը եղել է նոյեմբերի 24-ին Աշան համայնքում: Գյուղացիները համայնքի այդ հատվածն օգտագործում են անասնապահության համար և այնտեղ տեղակայել են անասնագոմեր, «Արցախ» լրատվականի հետ զրույցում ասել է Աշանի համայնքի աշխատակազմի հաշվապահ Շողեր Գրիգորյանը։ Նրա խոսքով՝ օրեր առաջ տեղի ունեցած հոշոտման դեպքը Գոմեր կոչվող տեղամասում էր, որտեղ բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ ու հողագործությամբ։ Գայլերի հարձակումից տուժել է երկու մենատնտես․
«Առավոտյան ոչխարների տերերը՝ Գագիկ Մուսայելյանն ու Պարգև Վարդանյանը հայտնաբերել են գայլերի կողմից հոշոտված անասուններին։ Նրանց տան եկամուտը կախված էր հենց այդ ոչխարների վաճառքից»:
Վնասի չափը մեծ է, ինչից կարելի է եզրակացնել, որ անասուննների վրա գայլերի ոհմակ է հարձակվել, ասում է հաշվապահը։ Նախնական տվյալներով հաստատված թիվն օրեցօր փոխվում է․
«Ընդհանուր հաստատված է 58 գլուխ ոչխարի հոշոտվածության, որից 20-ը Գագիկ Մուսայելյանին էր պատկանում․ 38-ը՝ Պարգև Վարդանյանին։ Կան նաև վիրավոր ոչխարներ, որոնցից ամեն օր մեկ-երկուսը սատկում են»:
«Մարտունու անասնաբուժական սպասարկման կայան» ՊՈԱԿ -ի տնօրեն Նվեր Սաֆարյանը բնակչությանը հորդորում է նման դեպքերում անպայման զանգել համապատասխան մարմիններին, կազմել ակտ և մարդկանց զգուշացնել, որ տվյալ անասունի միսն օգտագործման ենթակա չէ: Նրա խոսքով՝ գայլերի հարձակման դեպքերը գնալով ավելանում, վնասներն ավելի մեծ չափերի են հասնում: Աշանցիներն արդեն հետևել են կոչին, ասում է Շողեր Գրիգորյանը: Ակտն արդեն կազմված և ներկայացված է համապատասխան անասնաբուժական կայան։ Տուժած մենատնտեսները հուսով են, որ պետության կողմից ինչ-որ աջակցություն կլինի։ Նման դեպքերում փոխհատուցում, որպես այդպիսին, լինում է, «Արցախ» լրատվականին ասաց ԱՀ Էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարության Անասնաբուծության և անասնաբուժության վարչության գլխավոր մասնագետ Խաչիկ Ավագյանը։ Կոնկրետ ոչխարների դեպքում 1 կգ մսի դիմաց տրվում է 900 դրամ փոխհատուցում։