Նոյեմբերի 25, 2024

Այսօր 16 սոցաշխատող ավարտական վկայական է ստացել

By Անի Աբաղյան Հուլիսի 18, 2022

Սոցիալական աշխատողները միմյանց շնորհավորում են՝ նոր ոլորտ մտնելու և այդ ոլորտի  առաջին շրջանավարտները լինելու համար։ 

«Առաջին շրջանավարտները՝ Լուսինե Ստեփանյան․ Սվետլանա Զաքարյան, Արևիկ Բաբայան․․․։ Շնորհավորում եմ»։

 Սոցիալական աշխատողների արագացված դասընթացը տևել է 9 ամիս, բայց ոլորտը սպասում է նաև մագիստրոսներին։ «Սոցիալական աշխատողների ասոցիացիայի» նախագահ Միրա Անտոնյանի կարծիքով՝ ծրագիրը Արցախի համար կարևոր ու պահանջված  է։ 

«Այս համոզմունքով ենք սկսել ծրագիրը և արդեն ունենք արագացված դասընթացը, որը տևել է 216 ակադեմիական ժամ։ Մասնակիցները հնարավորություն են ստացել դասընթացի շրջանակում և՛ սովորել սոցաշխատողի աշխատանքը, և՛, քանի որ կառավարությունը նրանց աշխատանքի է ընդունել, աշխատել։ Չափազանց ժամանակակից  մասնագիտություն է։ Ես երջանիկ եմ և այսօր պատմական օր է․ առաջին սոցաշխատողները հավաստագրվեցին»։

 Դասընթացին մասնակցել են 25 դիմորդներ, նրանցից 16-ն այսօր վկայականներ են ստացել։ Գոհար Գյուրջյանը սոցիալական աշխատողի մասնագիտությունը ձեռք է  բերել մինչ դասընթացը՝ Երևանի պետական համալսարանում, բայց լրացուցիչ գիտելիքները չեն խանգարի՝ նշում է Գոհարը։ Այժմ նա աշխատում է Մարտակերտի սոցիալ-հոգեբանական աջակցության կենտրոնում։ 

Ի՞նչ են անում սոցիալական աշխատողները

«Ճիշտն ասած, ներկա պահին նեղ մասնագիտական աշխատանքները շատ քիչ են, որովհետև ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետներ չկան։ Հիմնականում սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ցուցումներն ենք անում, ինչքանով՝  իրենք պատկերացնում են այս աշխատանքը Արցախում․ կարիքների գնահատումից, խորքային գնահատումից սկսած, գույքագրումներ, տեղահանված ընտանիքներ այցեր, խոցելի խմբերի ընտանիքների հայտնաբերում ենք կատարում»։

 Ի՞նչ խնդիրների են բախվում սոցաշխատողները

 Սոցաշխատողները կարճ ժամանակում տարբեր խնդիրների են բախվել։ Դրանցից ամենակարևորը   միջգերատեսչական հարաբերություններն են։ Օրինակ սոցաշխատողն այցելում է տարբեր ընտանիքներ և արձանագրում խնդիրներ: Այդ պահին նրան անհրաժեշտ է լինում ոստիկանի, բուժաշխատողի կամ այլ պետական մարմնի  օգնություն, որը, սակայն, սոցաշխատողը դեռևս չի կարող տրամադրել։ Այս խնդրի համար պետական նախարար Արտակ Բեգլարյանն իր լուծումն է առաջարկում։ 

«Բոլոր մարմիններում պետք է լինեն արագ արձագանքման անձ կամ թիմեր, որոնց հետ սոցաշխատողները կարող են կապվել, դա կլինի Ոստիկանությունում, Առողջապահությունում, ԿԳՄՍ-ում և այլ մարմիններում։ Գերատեսչությունները ունենան այդ մարդկանց անունների ցանկը, որ անհրաժեշտության դեպքում արագ արձագանքեն․ սա իհարկե հարցը արագ կարգավորելու համար, բայց պետք է նաև մեկ այլ ձևաչափով իրար կողք հավաքել գերատեսչություններից մարդկանց, որոնք կարող են շաբաթը մեկ, ամիսը մեկ անգամ ևս հավաքվել, խնդիրները քննարկել ու համապատասխան լուծումներ տալ»։

  Միրա Անտոնյանը կողմ է  առաջարկին: Այն  կիրագործվի որոշ փոփոխություններից հետո։  Անհրաժեշտ է սոցաշխատողներին նաև տրանսպորտային միջոցներ տրամադրել, համայնքներում բարձրացնել նրանց գործառույթների մասին իրազեկվածությունը: Սոցիալական աշխատողի դերի և նշանակության մասին ասոցիացիայի նախագահն է պատմում։ 

«Եթե ինչ-որ մեկը այլևս չի կարողանում իր կեսնագործունեությունը ակտիվ կազմակերպել, գործառնել ինքնաբավ, սոցիալական աշխատողը օգնում է, որ այդ մարդը ոտքի կանգնի։ Դա նշանակում է ոգու, հոգու, մտքի հետ աշխատանք, դա նշանակում է անձի ակտիվացման աշխատանք։ Սա լրիվ նոր մշակույթ է, որը փոխելու է Արցախը»։

 Այժմ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությամբ նոր մասնագետներ են պատրաստվում։ Միրա Անտոնյանի խոսքով՝ դեռևս  175 մասնագետի կարիք կա։   Առողջապահության և ԿԳՄՍ նախարարները, որոնք ներկա էին ավարտական վկայականների հանձնման ժամանակ,     իրենց պատրաստակամությունն են հայտնել՝ աջակցել  ոլորտի  զարգացմանը։    

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ