Փոքրիկներն իրենց գանգատներն են պատմում բժիշկներին: Այսօր 4-րդ օրն է, բայց արդեն «Արևիկ» մանկական բուժմիավորումում մանկական նյարդաբանները հասցրել են հետազոտել 200 երեխայի: Պարբերական այցերն իրենց դրական ազդեցությունն են թողել փոքրիկների առողջության վրա՝ ասում է մանկական նյարդաբան Հասմիկ Մամյանը:
«Ի տարբություն նախորդ այցիս՝ այս անգամ առողջ փոքրիկների ավելի շատ եմ ընդունել, ինչը շատ ուրախալի փաստ է: Առողջների մեջ գերակշռում են կրծքով կերակրվող երեխաները: Ընդունած 200 երեխաներից 50-ը առողջ են եղել: Ունեցել ենք վարքի խանգարումով, գլխացավերով, էպիլեպսիայով երեխաներ»:
Մանկական նյարդաբան Անաիդա Արսենյանը ծնունդով Մարտակերտից է: Մինչև «Արևիկ» մանկական բուժմիավորում գալը՝ խորհրդատվություններ ու հետազոտություններ է իրականացրել Մարտակերտում: Բժշկի խոսքով՝ շրջաններում խիստ զգացվում է մանկական նյարդաբանների կարիքը:
«Մեկ շաբաթվա ընթացքում Մարտակերտում ընդունել եմ շուրջ 70 երեխայի: Որպես բժիշկ սա իմ առաջին այցն էր, բայց շատ կցանկանայի շարունակական դարձնել ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում, որովհետև ոչ բոլորն են կարողանում գյուղերից մայրաքաղաք հասնել»:
«Բժիշկներ Արցախի համար» ծրագրի շրջանակներում մանկական նյարդաբանները երկրորդ անգամ են այստեղ, առաջին այցը մարտ ամսին էր: Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անգելինա Իսախանյանն է մանրամասնում․
«Այս պահի դրությամբ, քանի որ «Արևիկ» բուժմիավորումը մանկական նյարդաբանի կարիք ունի, պարբերաբար Արցախ են ժամանում մասնագետներ, որոնք տեղում իրականացնում են հետազոտություններ, խորհրդատվություններ, անհրաժեշտության դեպքում՝ վիրահատություններ»:
Նյարդաբանների խոսքով՝ ծրագիրը շարունակական բնույթ է կրում. երկու ամիս պարբերությամբ երկու մասնագետ մայրաքաղաքում են՝ նորից լսելու փոքրիկների գանգատներն ու բուժելու նրանց: