«Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամն ստեղծվել է Արցախում միջազգային չափորոշիչներին համապատասխան նախադպրոցական, հանրակրթական, ավագ և նախնական մասնագիտական կրթութուն կազմակերպելու նպատակով: Այսօր հիմնադրամը 300-ից ավելի սան ունի։ Այստեղ ուսուցանվում է 6 մասնագիտություն։ Շենքային պայմանների բարելավումը ևս կնպաստի ուսուցումը բարձր մակարդակով կազմակերպելուն։ Վերանորոգումը միայն ճոխության ու գեղեցկության համար չի արվում. այն անհրաժեշտություն է՝ ասում է կրթօջախի տնօրեն Տաթև Զաքարյանը։
«Պետական բյուջեի ֆինանսավորմամբ կատարվում է շենքի կապիտալ վերակառուցում։ Նախագիծը կազմվել է քաղաքաշինության և ԿԳՄՍ նախարարությունների հետ համատեղ քննարկմամբ։ Հաշվի են առնվել այն բոլոր նրբությունները, որոնք թեկուզ փոքր չափով կարող են նպաստել կրթության որակի բարձրացմանը»։
Նախորդ տարվա ընթացքում փոխվել են կրթօջախի շենքի տանիքը, պատուհանները։ Այժմ վերակառուցման և կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։
«Լավ շենքային պայմաններում կարողանում ես անխոչընդոտ դասապրոցես իրականացնել, պայման ապահովել և՛ աշխատողի, և՛ կրթվողի համար։ Փորձել ենք օպտիմալ օգտագործել շենքային պայմանները»։
2021-2022 ուս․տարում կրթահամալիրում դասապրոցեսը կազմապերվում էր երկու հերթով։ Նոր ուսումնական տարում «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր»-ում կգործի «Երկարօրյա դպրոց» կրթական ծրագիրը։ Սա առաջ է բերում միահերթ ռեժիմ ունենալու անհրաժեշտություն, ինչը հնարավոր կլինի նոր շենքային պայմաններում՝ ասում է զրուցակիցս։
Տաթև Զաքարյանի խոսքով՝ չնայած շենքային անբարենպաստ պայմաններին՝ կրթահամալիրն իր հիմնական նպատակից երբեք չի շեղվել։ Կրթօջախի նպատակն է պատրաստել հմուտ վարպետ- մասնագետների, հետագայում նաև արցախյան շուկա մուտք գործել սեփական արտադրանքով։ Նոր ուսումնականում ևս կուսուցանվի 6 մասնագիտություն․ կարի արտադրության տեխնոլոգիա, փայտագործություն, խոհարարական գործ, ռադիոէլեկտրոնային միջոցների տեխնիկական սպասարկում-նորոգում, վարսավիրական արվեստ և զարդային դիմահարդարում, տրանսպորտային միջոցների շահագործում և նորոգում։ Սակայն այս տարի փոխվել է ընդունելության կարգը:
«Նախորդ տարի դիմորդների ընդունման կարգում սահմանափակումներ չունեինք։ Մի քիչ որակական դաշտ բերելու համար փորձել ենք սահմանափակել տեղերի քանակը: Ընդունելությունը մրցութային կարգով է լինելու։ Ինչո՞ւ տարեկան 20 խոհարարի դիպլոմ տալ, եթե նրանցին առնվազն 5-ն է սիրում իր մասնագիությունը»։
Ստեփանակերտի արհեստագործական ուսումնարանի և համար 4 հիմնական դպրոցի լուծարումից հետո, այդ շենքում հիմնադրվեց և 2021թ. սեպտեմբերից իր գործունեությունը սկսեց «Անտոնիա Արսլան հայ-իտալական կրթահամալիր» հիմնադրամը՝ կից գործող և իտալական սարքավորումներով վերազինված արհեստանոցներով:Կրթահամալիրն ի սկզբանե նպատակ է ունեցել միջազգային չափորոշիչներին համապատասխան կրթություն ապահովել։ Այս բոլոր բարեկարգումներն էլ միտված են խթանելու առաջնային նպատակը: