Նոյեմբերի 24, 2024

Արցախում 150 ուսուցիչ վերապատրաստում կանցնի

By Անի Աբաղյան Օգոստոսի 18, 2022

Հանրապետությունում մեկնարկել են ուսուցիչների առարկայական վերապատրաստման դասընթացները։ Ստեփանակերտի, Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի,  ինչպես նաև  Հադրութի և Շուշիի դպրոցների ուսուցիչներն այսօր աշակերտական  նստարաններն են զբաղեցրել․ վերապատրաստման դասընթացի առաջին օրն է։ Հայաստանի Հանրապետությունից հրավիրված մասնագետները ծանոթանում են ուսուցիչների հետ, ներկայացնում  վերապատրաստման ծրագիրը։ Կրթության փորձագետ, «Էպիկենտրոն» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սոֆյա Հովսեփյանը նշում է այն առարկաները, որոնց վերապատրաստման դասընթացները մեկնարկել են։ 

«Այս պահին վերապատրաստման դասընթացը իրականացվում է 5 առարկաների համար՝ հայոց լեզու և գրականություն, պատմություն, անգլերեն լեզու, դասվարի գործ և մաթեմատիկա։ Շուտով՝ հոկտեմբերի ամսին, կմեկնարկեն նաև մյուս առարկաների վերապատրաստման դասընթացները»։  

Կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչ Ռուզաննա Բոզիյանի խոսքով՝  դասընթացներին մասնակցում է 150 ուսուցիչ․ այս մասշտաբով վերապատրաստման դասընթացներ վերջին անգամ իրականացվել է 2018 թվականին։ 

«Այս տարվա վերապատրաստման դասընթացին Ստեփանակերտ քաղաքից ընդգրկվել է 50 ուսուցիչ, Մարտունու, Մարտակերտի, Ասկերանի շրջաններից 25-ական ուսուցիչ, այսինքն՝ ամեն առարկայից 5-ական ուսուցիչ, Ստեփանակերտում գործող Շուշիի և Հադրութի դպրոցներից 5-ական ուսուցիչ»։

 Նախորդ տարիներին վերապատրաստման դասընթացները անցկացնում էին ՀՀ-ում Կրթության ազգային ինստիտուտի մասնագետները, որի արդյունքները, ըստ Բոզյանի, գոհացուցիչ էին: Ովքե՞ր են  վերապատրաստող մասնագետներն այս անգամ՝  Սոֆյա Հովսեփյանն է ներկայացնում։ 

«Հայաստանի Հանրապետությունից հրավիրված մասնագետները տիրապետում են համապատասխան մոդուլներին և ունեն վերապատրաստելու իրավունք։ Կոնկրետ առարկաների և չափորոշիչների վրա հենված 110 ժամանոց դասընթաց է, որն իր մեջ ներառում է 35 մասնագիտական և հետազոտական դասեր, մյուս ժամերը՝ ՏՀՏ ոլորտի վերապատրաստման,ներառական կրթության, հոգեբանության, գնահատման և օրենքի դասեր են»: 

Դասըթացներին կցված Մարտունու, Մարտակերտի ուսուցիչներին հատկացվելու է գիշերակացի, ճանապարհածախսի գումար և օրապահիկ, Ասկերանի շրջանի ուսուցիչների համար՝ ճանապարհածախսի գումար։ Այն ուսուցիչները, որոնք ապրում են Ստեփանակերտում, հատկացվող գումարներից չեն օգտվելու։  Դասընթացի վերջում 150 ուսուցիչներն էլ ատեստավորման քննություն են հանձնելու, որի արդյունքները պարզ կլինեն օգոստոսի 23-ին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ