«Աղավնո գետի վրա կառուցված կամրջից օգտվելու է հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների կողմից անվտանգության ապահովմամբ։ Իսկ կամրջի տակով անցնող ճանապարհով իրականացվելու են ադրբեջանական կողմի փոխադրումները՝ խաղաղապահների վերահսկողության ներքո» ,-այս մասին ասել են ԱՀ Անվտանգության խորհրդի գրասենյակից՝ պատասխանելով «Արցախ» լրատվականի գրավոր հարցմանը։
Հաշվի առնելով Լաչինի միջանցքի նոր երթուղու գործարկման հետ կապված հանրային մտահոգությունները, Արցախի հանրային ռադիոյի լրատվական ծառայությունը հարցում է ուղարկել Անվտանգության խորհրդի քարտուղարին․
2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետի համաձայն, 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքը մնում է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ։ Որո՞նք են միջանցքի ֆիզիկական պարամետրերն ու աշխարհագրական կոորդինատները, հստակեցվա՞ծ են, արդյոք դրանք,
5կմ լայնությամբ միջանցքում որևէ ձևով լինելու՞ է ադրբեջանական ներկայություն՝ քաղաքացիական կամ ռազմական։ Ո՞ր երկրի օրենքներն են գործելու միջանցքում։ Եվ եթե ճանապարհին որևէ միջադեպ լինի, ո՞ր երկրի օրենքներով է արդարադատություն իրականացվելու։
Հին շեն գյուղին և նոր երթուղուն իշխող բարձունքում այժմ ադրբեջանական դիրք կա։ Այն, ակնհայտորեն, 5 կմ-ից ներս է գտնվում։ Արդյոք, մնալու՞ է այդ դիրքը, թե՞ պետք է տեղափոխվի։ Եթե այո, ապա ե՞րբ է այն տեղափոխվելու։
Միջանցքում որևէ հայկական կամ ադրբեջանական զինվորական ներկայություն չի լինելու։ Միջանցքը գործելու է ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողությամբ՝ հայտնել են ԱԽ-ից։
Արցախի Հանրապետությունը Հայաստանի Հանրապետության հետ կապող նոր միջանցքում, որն ունի 5 կմ լայնություն և 7 կմ երկարություն, ևս գործում է Արցախի Հանրապետության օրենսդրությունը։Ինչ վերաբերում է Հին շեն գյուղին և նոր երթուղուն իշխող բարձունքում ադրբեջանական դիրքի առկայությանը, ապա ԱԽ գրասենյակից հայտնել են, որ աշխատանքներ են տարվում՝ ապահովելու 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համապատասխան պահանջների կատարումը: