Այսօր Բերձոր էին եկել Արցախի ու Հայաստանի տարբեր ծայրերից: Լեփ-լեցուն էր Սուրբ Համբարձման եկեղեցին, բակն ու շրջակայքը: Շատերը եկել էին հրաժեշտի, շատերը՝ Աստծուց վերջին հույս խնդրելու համար: Հայացքները դառն էին, լուռ, բայց խոսուն: Լուսանկարում էին՝ ինչ պատահի. շրջապատող լեռները, ժայռին հենված տները, գերեզմանոցը՝ որ օրեցօր դատակվում էր, բակի փարթամ ընկուզենին, անխնամ ճանապարհը, որ դեպի եկեղեցի է տանում: Եկեղեցին կանգնած է անխռով. կարծես ոչինչ էլ չի լինելու: Սուրբ Համբարձման եկեղեցում մատուցված առաջին պատարագին Ալինա Գրիգորյանը մասնակցել է, եկել է վերջինին մասնակցելու: Բերձորում է, բայց տուն գնալ չի կարող: Սահմանի վրա է:
«Երբեք չէինք պատկերացնի, որ կհայտնվենք նման իրավիճակում: Սարսափելի է, 20 օր առաջ եմ այստեղ եղել, այսօր արդեն եկեղեցու դուռը չկա: Արդեն համացանցում էլ տեսնում ենք, որ որոշ ժամանակ հետո մեր Հայ առաքելական եկեղեցին մզկիթ է դառնալու»:
Արմիկ Սենեքերիմյանը հազիվ է խոսում: Արցունքները բառերից առաջ են ընկնում: Նա Բերձորի առաջին բնակիչներից է: «Քարը քարի վրա ենք դրել, ապրուստ ստեղծել, երջանիկ ապրում էինք, ով իմանար, որ այս օրն էլ կգա: Չէի պատկերացնում, որ արյունով ազատագրված Բերձորը մի օր կհանձնվի թշնամուն»,-ասում է:
«Դժվարությունները շատ էին, հաղթահարեցինք, ստեղծեցինք մեր պայմանները, ապրում էինք: Ես Երևանից էի եկել, ինձ համար այստեղ ամեն ինչ լավ էր, չէի էլ մտածում հետ գնալու մասին: Ես այնտեղ ամեն ինչ ունեի, բայց ինչ-որ բան ինձ ձգում էր Բերձոր: Մարդիկ ավելի ազնիվ էին: Մենք այստեղ խղճներս հանգիստ ապրում էինք»:
Բերձորցիների մոտ ճամպրուկային տրամադրություն է: Նրանք, կարծես, համակերպվել են ստղծված իրավիճակին: Քաղաքում մնացածները հուսահատ են, հեգեբանորեն ծանր վիճակում՝ ասում է քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը: Որ Բերձորը հանձնվելու էր՝ գաղտիք չէր, բայց որ այդ օրն այսքան մոտ է լինելու՝ ոչ ոք չէր պատկերացնում:
«Մարդիկ փորձում են իրնեց իրերը հավաքել: Մի մասն արդեն տեղափոխվել են Արցախ էլ, Հայաստանի տարբեր մարզեր էլ, մի մասն էլ արդեն հավաքել են իրերը, սպասում են տրանսպորտի: Մարդկանց կեսն արդեն դուրս են եկել»:
Սուրբ Համբարձման եկեղեցու հարևանությամբ Բերձորի գերեզմանատունն է. արդեն գրեթե դատարկ: Թշնամին չպետք է պղծի մեր գերեզմանները:
«Վերջին» պատարագ.
Եկեղեցում «Հայր մերն» է հնչում: Եկեղեցին միասնաբար աղոթք է մրմնջում. «Որովհետև որտեղ երկու կամ երեք հոգի իմ անունով հավաքված լինեն, ես անտեղ եմ՝ նրանց մեջ»: Քրիստոսի անունով հավաքվել են Սուրբ Համբարձման եկեղեցում: բոլորի շուրթերին նույն աղոթքն է՝ Աստված օրհնություն տա հայոց ազգին: Պատարագը տխուր կամ ուրախ չի լինում ՝ ասում է ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
«Մեր շուրջը տեղի ունեցող երևույթի մասին կարելի է մտածումեր անել: Այդ մտածումները բերում են հասցնում նրան, որ մարդ սկսում է իր հոգում ու սրտում մտորումներով դառնություն ապրել: Հարցադրումները շատ են, պատասխանները, ցավոք սրտի, քիչ: Կրոնական տեսանկյունից արող ենք ասել, որ Աստված մեզ տվել էր տնտեսություն և մեքն պետք է այդ տնտեսությունը պահեինք, բազմացնեինք ու փոխանեինք մեր սերունդներին, բայց մենք չգտնվեցինք լավ տնտես և թույլ տվեցինք, անգամ օգնցինք, որ մեր տնտեսության մեջ որոմներ ցանվեն»:
Հրաժեշտները միշտ էլ տխուր են լինում, հայրենիքին հրաժեշտը՝ առավել ևս: Զգացողությունները հակասական են: Վերջին բառը՝ արտասանվում է վերապահումով: Թունելի վերջում միշտ լույս է լինում: