Թշնամի պետության կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմներն ունեցել են նաև հայկական մշակութային ինքնության ու պատմության ոչնչացման նպատակ: 44-օրյա պատերազմը ևս բացառություն չէր: Առաջին օրից սկսած Ադրբեջանը ծանր տեխնիկայով հրթիռակոծել ու ռմբակոծել է արցախյան մշակութային արժեքները: Պատերազմի ավարտից հետո ռազմական բռնազավթման տակ գտնվող հայկական տարածքներում ոչնչացան եկեղեցիներ, խաչքարեր, անգամ պատմական գերեզմանոցներ: Վերջին մեկ ամսվա ընթացքում թշնամին «ճանապարհաշինարարական աշխատանքի» պատրվակով Բերձորում ավերել է պատմական գերեզմանոցը: Մշակութային ժառանգության փորձագետ, «Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում» ծրագրի գիտաշխատող Արմինե Տիգրանյանի խոսքով` տարածաշրջանում չի կարող լինել հայերի ավելի խոսուն վկայություն, քան գերեզմանոցներն են, ինչի ավերման համար հատուկ ռազմավարություն է ընտրվել:
«Նման պնդման համար հիմք է տալիս այն հանգամանք, որ գերեզմանոցները ավերվեցին նոր ենթակառուցվածքներ կառուցելու շարժառիթով, գլոբալ ճանապարհաշինական աշխատանքների քողի ներքո, որի արդյունքում անհետ ոչնչացվեցին հայկական մի շարք բնակավայրեր: Այս գործընթացը հանգեցրեց նաև Շուշիի պատմական գերեզմանոցի, Ասկերանի շրջանի` Շոշ համայնքի Սղնախի 18-րդ դարի հայկական գերեզմանոցի, ինչպես նաև մի շարք այլ գերեզմանոցների ոչնչացմանը»:
Բերձորի պատմական գերեզմանոցի ավերումն արձանագրել է «Կովկասի ժառանգության մշտադիտարկման կենտրոնը» ընթացիկ տարվա մայիսի 18-ին: Կենտրոնը արբանյակային պատկերների միջոցով արձանագրել է այնտեղ տեղադրված 14-րդ դարի եզակի խաչքարի, ինչպես նաև 15-16-րդ դարերով թվագրվող մի շարք խաչքարերի ոչնչացումը: Փաստին անդրադարձել է նաև Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկման նախաձեռնությունը monumentwatch.org կայքում:
«Պետք է ասել, որ Բերձորի գերեզմանոցի տարածքի 14-րդ դարի եզակի խաչքարի ոչնչացումը միջազգայնորեն արգելված է, քանի որ խաչքարերի մշակույթը դեռևս 2010 թվականից ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ մշակութային ժառանգության ցանկում: Սա նշանակում է, որ խաչքարային արվեստը ունի համամարդկային, բացառիկ, համընդգրկուն արժեք և միջազգային լրացուցիչ պաշտպանություն: Խաչքարային արվեստը ճանաչված է որպես հայկական և անկախ այս կամ այն պետության ցանկությունից պետք է պահպանվի»:
Համեմատելով հայկական տիրապետության ժամանակաշրջանում մշակութային ժառանգության և այսօր թշնամու տիրապետության տակ գտնվող հայկական մշակութային ժառանգության վիճակը` Քաշաթաղի շրջան նախկին ղեկավար, պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանը ոչ ավել, ոչ պակաս` վայրագության դրսևորում է կոչում:
«Ամեն մի քարը մեզ համար հարազատ էր, և մենք ասում էինք, որ այս ավերակները, կարևոր չէ մեր, թե ուրիշի պապերն են կառուցել, պատերազմ են անցել, ավերվել, հերթով վերականգնում էինք` դրանց մեջ հոգի, սիրտ դնելով: Այնտեղ մնացել էին գերեզմանոցներ, հատուկենտ իրենց հուշարձաններից, որոնք խորհրդային տարիներին չէին վերացրել հենց իրենք: Մենք այդպես էինք վարվում: Հիմա այդ տարածքը, մեր հայրենիքը նրանց տիրապետության տակ է, որտեղ էլ ցույց են տալիս իրենց իրական մոտեցումը: Մի կողմից մարդկային մոտեցում, մյուս կողմից վայրենություն»:
Բացի գերեզմանատան ու խաչքարերի ոչնչացումից, Ադրբեջանը հիմնահատակ քանդել է նաև քաղաքի կենտրոնում` բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ 1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող Փառքի հուշահամալիրը, որն այդ բռնապետական երկրի արդեն տանամյակներ տևող նմանօրինակ գործողությունների շարունակությունն է: Ինչպես նշում է Տիգրանյանը, բռնազավթված տարածքներում գտնվող հուշարձանները պաշտպանված են նաև միջազգային իրավունքով.
«Ինչ վերաբերում է Ադրբեջանի կողմից Փառքի հուշահամալիրի հիմնահատակ ավերմանը, հարկ է նշել, որ Միջազգային քրեական դատարանը 8-րդ հոդվածով օկուպացված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացումը միջազգային ռազմական հանցագործություն է որակում: Բացի այդ` մշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացումը արգելված է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Փարիզում ընդունված «Մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման մասին» հռչակագրում»:
Բռնազավթված տարածքներում ամենատարբեր, այդ թվում` մշակութային ժառանգության պահպանման հարցերը կարգավորվում է Միջազգային հումանիտար մարդասիրական իրավունքով: Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ բռնազավթված տարածքներում գործող օրենքները ձեռք են բերել սովորույթային իրավունքի կարգավիճակ և գործում են համընդհանուր և անշրջելի կանոնի դրույթներով:
Բայց արդյոք այդ կանոնները Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցում անշրջելի՞ են: Չնայած ադրբեջանական վանդալիզմը բազմիցս դատապարտվել է, միևնույնն է, շոշափելի արդյունքներ չկան. բռնապետները շարունակում են ավերել: Զրուցակիցներս այսպես են կարծում.
Արմինե Տիգրանյան — «Պետք է ասել, որ Բերձորի գերեզմանատան, եզակի խաչքարերի, Փառքի հուշահամալիրի ոչնչացումը և տարածաշրջանում մյուս արժեքների ոչնչացման քաղաքականությունը դեռևս հստակ արձագանք չի ստացել միջազգային հանրության կողմից, Ադրբեջանն էլ որևէ դատապարտման չի արժանացել նմանօրինակ վանդալիզմի գործողությունների կապակցությամբ»:
Ալեքսան Հակոբյան — «Քաղաքակիրթ աշխարհը բավականաչափ արձագանքում է, բայց այդ արձագանքի չափը ինձ չի գոհացնում, որովհետև այնպես պետք է լիներ, որ դրանք արգելվեին, արմատապես կասեցվեին»:
Անկախ պետության ճանաչված, չճանաչված լինելու փաստից մշակութային ժառանգությունը պետք է պահպանվի և՛ պատերազմական իրավիճակներում, և՛ խաղաղ` գոյություն ունեցող միջազգային հումանիտար իրավունքի նորմերով: Սակայն բռնապետական, թշնամի երկիրը երկու պարագայում էլ միայն ավերել գիտի: