Նոյեմբերի 24, 2024

Երբ հոսանքի լարերով նաև տարածաշրջանային ծրագրեր են անցնում

By Հասմիկ Դիլանյան Օգոստոսի 31, 2022
Բերձորի միջանցքի փակվելն Արցախի համար էներգետիկ նոր հարցեր է առաջացրել․ Հայաստանը Արցախին հոսանք էր մատակարարում Գորիս-Տեղ հատվածով ու Բերձորի միջանցքով։ 44-օրյա պատերազմից հետո Արցախն այլևս էներգետիկ առումով ինքնաբավ չէ։ Մոտ 3 տասնյակ ՀԷԿ-երի մեծ մասն այժմ թշնամու օկուպացրած տարածքներում է։ Պատերազմի հետևանքով Արցախն ունեցել է 112,5 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ-երի կորուստ․ 187,5-ից մնացել է 75 մեգավատ դրվածքային հզորությամբ ՀԷԿ։ Ամենամեծ մասն ապահովում է Սարսանգի ՀԷԿ-ը՝ 50 մեգավատ, եւս 5 ՀԷԿ՝ 12-13-ական մեգավատ դրվածքային հզորությամբ, եւ սա չի բավարարում Արցախի էներգետիկ ապահանջները։ Ուստի եթե մինչ պատերազմն Արցախից էինք Հայաստան հոսանք բերում, ապա հիմա՝ պատերազմից հետո, Հայաստանից է հոսանք արտահանվում։ Արտահանման միակ ուղին անցնում էր Բերձորով․ այժմ հրատապ տեղափոխվում են էլեկտրահաղորդման լարերը։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյան․
 
«Ակտիվորեն կառուցվում է Կոռնիձորից Արցախ էլեկտրահաղորդման նոր գիծը, որպեսզի Արցախը չհոսանքազրկվի։ Մենք գիտենք, որ Ադրբեջանը գնալու է նմանատիպ սադրանքների։ Այս պահին, այո, Արցախը էներգետիկ առումով մեզանից կախված է։ Բայց մինչև պատերազմը, Արցախն է ր մեզ հոսանք մատակարարում»։
 
 Ստեղծված իրավիճակում այլ ելք, քան էներգետիկ անվտանգային հարցերը ամրացնելն ու համակարգը բազմազանեցնելն է, չկա։ Այս պահին բացը լրացվում է էներգիայի այլընտրանքային աղբյուրների միջոցով՝ ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
 
«Արևային կայաններ ենք կառուցում։ Նոր լիցենզիաներ ենք տրվում։ «Ռենկո»-ի կայանն է ցանց մտել»։ 
 
Փորձագիտական դաշտում կարծում են, որ Հայաստանը դեռ կարող է տարածաշրջանում էներգետիկ կարևորագույն դերակատարում ստանձնել, ու նախ պետք է արագացնել Իրան- Հայաստան բարձրավոլտ կայանի կառուցումը։ Իսկ մինչ դա ձգձգվում է, ու պաշտոնական մակարդակում դրա տարբեր պատճառներ են նշվում, օրերս Իրանը հայտարարեց Խերիս-Մեղրի 90 կիլոմետրանոց էլեկտրահաղորդման նոր գծի գործարկման մասին, որով Հայաստան կարտահանվի 400 կիլովատ իրանական էլեկտրաէներգիա։ Էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանի դիտարկմամբ՝ սա պետք է Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի շրջանակում դիտարկել՝ դրա մի մասը, թեեւ ընդհանուր տարածաշրջանային ծրագիրը դեռ դանդաղում է։ Ընդ որում, Ավետիսյանի դիտարկմամբ, դանդաղում է հայկական կողմի պատճառով․
 
«Իրանի ծրագիրն այդ Հյուսիս-Հարավի իրանական հատվածի ավարտի ազդարարումն է՝ ըստ էության։ Ամբողջական հերթը կամ քայլը մերն է, որպեսզի մենք նույնպես այդ ծրագիրը ավարտին հասցնենք։ Պաշտոնապես հայտարարվեց, որ դա պետք է 2023-ին ավարտվի, բայց երբ մասնագիտորեն ես նայում՝ 2024թ․ -ից շուտ հնարավոր չի լինի ավարտել։ Սա ոչ միայն մեր էներգետիկ անվտանգության, այլև տարածաշրջանում էներգետիկ դերակատարման տեսանկյունից է կարևոր»։ 
 
Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը պետք է ավարտին հասցված լիներ դեռ 2019-ի վերջին, սակայն ժամկետերը չեն պահպանվել, քանի որ 2017-ի փետրվարին կառուցումը կասեցվել էր վարչապետի որոշմամբ՝ նոր , ավելի մատչելի տարբերակով շարունակելու հիմնավորմամբ։ ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը ընդգծում է՝ ծրագրի համար Իրանից հրավիրված էներգետիկ մասնագետների ու շինարարների մեծ մասը պատերազմից հետո Իրան էր վերադարձել։ Բայց 2021-ին զգալի աշխատանքներ կատարվել են․
 
«Համեմատության համար ասեմ, որ 2019-2020 թվականներին կատարվել է այնքան աշխատանք, որքան 2006-2019թվականը։ 2006-2019թթ ընկած ժամանակահատվածում էլ աշխատանքների ամենամեծ մասը կատարվել է 2018 թվականին։ Մինչ այդ երևի կատարվել էր ընդհանուր աշխատանքների 5-7 տոկոսը»։
 
 Երևանը Թեհրանի հետ ներկայում ունի «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» համաձայնությունը, որի ժամկետն ավարտվում է 2026թ.-ին։ Նախատեսվում է այն երկարաձգել մինչև 2030թ.-ը, նաև ավելացնել ներկրվող իրանական կապույտ վառելիքի ծավալը. ներկայում տարեկան ներմուծվում է 365 միլիոն խորանարդ մետր։ «Կա պայմանավորվածություն տարեկան ծավալն ավելացնել մինչև 600 մլն խմ մինչև Հյուսիս-Հարավ էներգետիկ միջանցքի պատրաստ լինելը, իսկ դրանից հետո արդեն՝ 1.5-ից հասցնել 1.8 մլրդ խորանարդ մետրի՝ ավելի վաղ փոխանցել էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը։ Վերջին շրջանում հայ-իրանական փոխայցերը նկատելի ակտիվացել են, ու դրանց օրակարգում հիմնականում էներգետիկ հարցեր են։ Իրանական կողմում էլ են կարեւորում այս գործակցությունը՝ հույս հայտնելով, որ իրանական գազ կմատակարարվի Հայաստանին ոչ միայն էլեկտրաէներգիայի արտադրության, այլև այլ սպառման համար, անգամ՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այլ երկրներ հասցնելու տարբերակները։
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ