«Չկա և չի լինելու Հայաստանի ու Արցախի Հանրապետությունների հետագա գոյությանը և հայկական պետականությանը վնասող որևէ փաստաթուղթ, և Արցախի ճակատագիրը որոշելու է Արցախի ժողովուրդը՝ Արցախի իշխանությունների հետ համատեղ»,- այս մասին հայտարարել են Արցախի Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները՝ այսօր հրավիրված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցելով Հայաստանի իշխանությունների՝ արցախյան գործընկերներին տրված հավաստիացումները։ «Ազատ հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն է ներկայացնում այցի մանրամասները։
«Այցի հիմնական նպատակն Արցախի ու Հայաստանի շուրջ վերջին զարգացումներն են, մարտահրավերները։ Հանդիպումների օրակարգն էր համատեղ ջանքերով այդ մարտահրավերներին դիմակայելու եղանակներ մշակելը։ Հանդիպումներ ենք ունեցել ՀՀ ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի հետ, խորհրդարանում ներկայացված 3 խմբակցությունների ղեկավար կազմի հետ։ Նաև՝ ԱՀ նախագահի հետ միասին հանդիպել ենք Վեհափառին։ Քննարկումներ են տեղի ունեցել, և մեզ վստահեցրել են, որ առանց Արցախի ժողովրդի ու իշխանությունների Արցախի ճակատագրի վերաբերյալ որևէ որոշում չի կայացվելու»։
Մտահոգիչ հարցերը շատ էին, պատգամավորները արցախցիների անունից այդ հարցերի պատասխաններն էին ակնկալում Հայաստանի իշխանություններից։ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավար Սեյրան Հայրապետյանն ասում է, որ մի մասի պատասխանները ստացել են։
«Հարցերը բազմաթիվ էին, մի մասի պատասխանները ստացել ենք, մի մասը՝ ոչ։ Հանդիպման ընթացքում պարզել ենք, ՀՀ և Արցախի դիրքորոշումը, որ Արցախի անկախությունը այլընտրանք չունի,նույնն են, տարբեր են գործիքակազմը և մեխանիզմները։ Գործում են նույն նպատակի համար, տարբեր դաշտերում։»
Այդ համատեքստում Արցախի պատվիրակությունը ներկայացրել է սեփական տեսակետները, ստեղծված իրավիճակից երկարաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով ելքերն ու անելիքները։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո երկու հայկական պետությունների խորհրդարանների համագործակցության որոշ խոչընդոտներ են առաջացել, և այցի ընթացքում քննարկվել են նաև համագործակցության մակարդակի բարձրացմանը միտված քայլերը։ Այսօր ավելի քան երբևէ, երբ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային լուրջ մարտահրավերների առաջ է հայկական պետականությունը, միասնական գործելու, միաբան լինելու անհրաժեշտություն կա։ Այսօր Հայաստանը և Արցախը միևնույն անվտանգային համակարգի մեջ են․ Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում մի կողմ դնել բոլոր տարաձայնությունները և միաբանվել, իրենք էլ ցույց են տալիս օրինակը։
«Հայկական պետականությունը լուրջ վտանգի առաջ է կանգնած։Բոլորս հասկանում ենք, որ դրան դիմակայել կարող ենք միայն միաբանվելով, միասնական գործելով։ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնության շնորհիվ կարող ենք հաղթահարել դժվարությունները, ինչպես եղել է արցախյան առաջին պատերազմի ժամանակ»։
Հակառակ դեպքում հետևանքներն անդառնալի են լինելու, ասում են պատգամավորները։ ԱԺ 5 խմբակցությունները սեպտեմբերի 13-ին Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակման առնչությամբ հայտարարություն էին տարածել, դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան, ցավակցելով Հայաստանի մեր քույր-եղբայրներին, նրանց հարազատներին, և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին։ Պատգամավորները պնդում են՝ միասնությունը միայն կոչերով չպետք է լինի, այլ նաև կոնկրետ գործողություններով։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի խոսքով՝
«Եվս մեկ անգամ փաստեցինք, որ միասնական ջանքերով կարող ենք հաղթահարել մեր առջև ծառացած մարտահրավերները։ Արցախն իր միասնականությունը ցույց տվեց թե հայտարարություններով, թե Հայաստանի մեր քույր եղբայրների կողքին կանգնելով։Միասնությունը նաև գործերով պիտի լինի»։
«Մենք պետք է այս պահին միասնական ու զգոն լինենք, լինենք մեր սիրելի քույր-եղբայրների կողքին Հայաստանում։ Մերն է Ջերմուկը, Գյումրին, ինչպես մերն են Ստեփանակերտն ու Մարտակերտը»,-ասում է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը։ ՀՀ իշխանությունները հավաստիացնում են՝ առանց արցախցիների կամքի ու ցանկության ոչ մի փաստաթուղթ նրանց ճակատագրի առնչությամբ չի ստորագրվելու։ Վստահելի են հավաստիացումները, թե ոչ՝ ժամանակը ցույց կտա, բայց այն, որ մենք պետք է շատ զգոն լինենք՝ միանշանակ է։ Արթուր Մոսիյանը համոզված է, որ ՀՀ վարչապետի հայտնի հայտարարությունից հետո Արցախի ճակատագրի վերաբերյալ փաստաթղթի ստորագրումը կանխվել է՝ ժողովրդի ինքնաբուխ ընդվզման և Երևանում ու Ստեփանակերտում հանրահավաքների արդյունքում։
«Հաճախ իշխող կուսակցության որոշ պատգամավորներ անտեսելով այս ամենը, անում են հայտարարություններ, որոնք վնասում են։ Երևան մեր այցը պլանավորված էր, բայց Վարչապետի հայտարարությունն առիթ դարձավ, որ այն շուտ կայանա։ Ժողովուրդը ընդվզեց, և որոշումները փոխվեցին»։
Բայց այդ ամենով հանդերձ իրար միասնականության կոչ անելը, գործած սխալները երեսով տալը, ոչ մի արդյունք չի տա․ համախմբումը ոչ թե կոնկրետ իշխանության շուրջ է, այլ երկիրը դժվարին կացությունից փրկելու կամքի, ընդհանուր գաղափարի և գործի։ «Արցախի ժողովրդավարություն կուսակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը լրջանալու և խոսքերից գործի անցնելու կոչ է անում․
«Պարտավոր ենք վերանայել մեր բոլոր ծրագրերը։Կարևորում եմ պաշտպանության բլոկին զուգահեռ քաղպաշտպանության ոլորտի ծրագրերի իրականացումը։ Ամբողջ մեր ռեսուրսը պիտի մոբիլիզացնենք, վերադառնանք իրականություն և դիմակայենք դժվարություններին։ Ցանկացած մարդու կարիք մենք ունենք։ Հույսներս մեր վրա դնենք»։
Մենք հույսներս պիտի մեր վրա դնենք, լծվենք ընդհանուր նպատակի իրագործմանը։ Այսօր արցախցիներին հուզող հարցը մեկն է՝ մնալո՞ւ ենք Արցախում, հա՞յ ենք ապրելու, Արցախը հայկակա՞ն է լինելու։ Պատգամավորներն ասում են՝ այո, եթե մենք բոլորս միասնական ենք այդ պայքարում, անկախ մեր քաղաքական դիրքորոշումներից ու անձնական շահերից։