«Ես համ պատշար եմ, համ փայտամշակման գործարան եմ, համ էլեկտրիկ, համ էլ որմնադիր»։
90-ամյա Բաշիր պապիկը Ղազանչիի ամենատարեց բնակինչն է, բայց, ինչպես ինքն է սիրում ասել, բոլորից ջահել է երևում։ Ձեզ է՞լ հետաքրքրեց Բաշիր պապիկի երկարակեցության գաղտնիքը։ Պարզե՛նք։
«Երկարակեցության իմ գայտինքն այն է, որ շատ եմ աշխատում: 52 տարի աշխատել եմ կոլտնտեսությունում: Շաբաթներով տուն չեմ եկել: Շատ եմ չարչարվել: Բայց մի բան էլ ասեմ․ Երկարակեցության իմ գաղտինքը նաև այն է, որ պետական օղի չեմ օգտագործում, միայն իմ քաշած օղին եմ խմում: Ամբողջ գաղտնիքը աշխատանքն ու իմ քաշած օղին է»:
Բացի իր թվարկածից, Բաշիր պապիկը նաև լավ գյուղատնտես է։ Մեր այցից առաջ էր այգուց վերադարձել։ Աշխատելուց չի հոգնում, բայց երբ չարչարանքը ջուր է դառնում՝ ջուր չլինելու պատճառով, տխրում է։ Ամբողջ գյուղի խմելու ջուրը մեկ հուշաղբյուրից է գալիս։
«Ամբողջ գյուղը այդ աղբյուրի հույսին է: Անցյալ տարի ցամաքել էր, ջուր չկար: Այս տարի ոչինչ, նորմալ է: Ոռոգովի ջուր ընդհանրապես չունենք: Ամեն ինչ էլ վարում ենք, բայց հենց գալիս է հուլիսի կեսեր- օգօոստոս, ջուրը վերջանում է»: Բաշիր պապիկը նաև շատ լավ է հիշում հին Ղազանչին։ Գյուղը 5 անգամ տեղափոխվել է։ «Առաջինը եղել է «Կարմր Եղծեմխութ», երկրորդը՝ «Սարեն խութ», երրորդը՝ «Ծեփած խաչ խութ», չորրորդը՝ «Հենգ շեն»: «Հենգ շենի» աղբյուրը մինչև հիմա գոյություն ունի»:
Ղազանչին հերոսական գյուղ է՝ ասում է Բաշիր պապիկը։ Մեծ Հայրենականին գյուղից 338 մարդ է մասնակցել, նրանիցից 73-ը չի վերադարձել։ Խորհրդային տարիներին գյուղի բնակիչները ադրբեջանցիների պատճառով մեծ դժվարությունների միջով են անցել։ Ղազանչին շրջապատված էր 11 ադրբեջանական գյուղերով։ Մինչ արցախյան շարժումը Ղազանչիում 103 տուն կար՝ մոտ 450 բնակիչ։ Թե որտեղից է եկել Ղազանչի անվանումը, Բաշիր պապիկի խոսքով, հայտնի չէ։
«Բուն Ղազանչի է կոչվում և չենք կարող ասել, թե որտեղից է առաջացել: Բայց, ըստ թուրքական աղբյուրների, այս գյուղը հայտնի էր որպես ոկերիչների գյուղ: Մենք ունենք մի աղբյուր, որը կոչվում է «Զըրգյարանց աղբյուր»: «Զարգյար» թուրքերեն նշանակում է ոսկերիչ»:
1992-ի մարտի 4-ին Ղազանչի գյուղն ընկավ։ Այն ամբողջովին թալանվեց ու ավերվեց ադրբեջանիցների կողմից։ Իսկ գյուղի բնակչությունը սփռվեց ամբողջ աշխարհով։ Երբ 94 թվականին գյուղն ազատագրվեց, շրջանային ղեկավարությունը ժողով հրավիրեց՝ որոշելու բնակիչների հետագա ճակատագիրը։
«Սկզբից մեզ տվել են մեր իսկական հողամասը՝ Սեյսուլան գյուղը: Ասացին, որ այնտեղ տները կան: Երիտասարդները չուզեցին՝ թե մենք չենք ուզում գնալ, էնտեղ մոծակ կա: Մենք ուզում ենք մնանք Սրխավանդում: Այդպես էլ մնացինք մեր պապական հողի այս կտորում՝ Սրխավանդում»:
Այդպես էլ հիմնվեց Նոր Ղազանչի գյուղը։ Սկզբից 6-7 ընտանիք հաստատվեց այս տարածքում, որոնցից մեկն էլ Բաշիր պապիկն էր։ 4 երեխա ունի՝ 2 տղա և 2 աղջիկ։ Ցավով նշում է, որ տղաներն ու աղջիկներից մեկը 80-ականների վերջին տեղափոխվել են Ռուսաստան ու մինչ այսօր չեն եկել։ 11 թոռ, 26 ծոռ ունի Բաշիր պապիկը։
«Մեկ ամիս առաջ էլ ծոռանս ամուսնացրի, հիմա սպասում եմ կոռանս: Եթե կոռանս էլ տեսնեմ... -Իսկ թոռներիտ հետ խոսում ե՞ս, ինպե՞ս ես խոսում: - Հա, իհարկե, հեռախոս ունեմ, ինենց հետ էլ խոսում եմ»:
Մի քանի րոպեում Բաշիր պապիկը հասցրեց պատմել գյուղի գրեթե ողջ պատմությունը: Անգամ քաղաքականությունից հասցրենցինք խոսել: Բաշիր պապիկի խոսքով՝ այս ծանր իրականությունը փոխելու միակ ճանապարհը միասնական լինելն է: Իր երազած խաղաղությունը տեսնելու հույսը այդքան էլ մեծ չէ, բայց մեծ է ցանկությունը, որ այդ խաղաղությունը տեսնեն իր երեխաները, թոռները, ծոռները: