Նոյեմբերի 24, 2024

Վերին Հոռաթաղի դպրոցը ընթերցասրահ կունենա

By Սվետլանա Պետրոսյան Դեկտեմբերի 06, 2021
Վերին Հոռաթաղի դպրոցը ընթերցասրահ կունենա iStock

Գայանե Խեչումյանը Վերին Հոռաթաղը շատ սիրեց: Ճիշտ նույնքան, որքան համայնքը՝ իր նոր ուսուցչին: Կենցաղային խնդիրներին հակառակ, կամ գուցե հենց այդ խնդիրներից ելնելով` նա մտածում է երեխաների մտահորիզոնը լայնացնելու, առկա խնդիրների լուծման ուղիներ գտնելու մասին: Նրա պրպտող բնավորությունը շուտով աջակիցներ ապահովեց նրան: Նախաձեռնողականությունը վարակիչ էր:

« «Դասավանդիր Հայաստան» ծրագրի գաղափարախոսություններից մեկը աշակերտների հետ նախագծային ուսուցում անցկացնելն է։ Մենք ստեղծել ենք աշակերտների առաջնորդության խմբակ, որի ժամանակ ուսումնասիրում ենք  համայնքի խնդիրները, զարգացման հնարավորությունները և ռիսկերը, վերլուծություն ենք կատարում և որոշում, թե ինչ կարևոր հարցի կարող ենք լուծում տալ, այսինքն՝ սահմանում ենք որոշակի մեծ գաղափար  և փնտրում լուծման ուղիներ»: 

Երեխաների հետ երկար քննարկումներից հետո որոշեցին դպրոցի նկուղային հարկում ընթերցասրահ ստեղծել: 

«Համայնքի ու աշակերտների կողմից կար բարձր մոտիվացիա և ցանկություն մասնակցելու խմբակին : Ընդգրկվեցին 5 աշակերտ տարբեր դասարաններից։ Ուրիշ աշակերտներ ևս մասնակցելու ցանկություն հայտնեցին, բայց մենք պայմանավորվեցինք իրենց հետ այլ նախագծեր իրականացնել»:

Այնտեղ կքննարկեն ընթերցված գրքերը, համայնքի խնդիրների վերաբերյալ կկազմակերպեն կլոր սեղաններ, նաև ֆիլմեր կդիտեն՝ ասում է զրուցակիցս։

«Մեր այս 5 աշակերտների հետ կազմեցինք նախագիծ, նաև ժամանակացույցն ու բյուջեն: Որոշեցինք ստեղծել հարմար կրթական միջավայր և ունենանք ժամանակակից, նորարար ընթերցասրահ։ Մեր նպատակը պարզապես սենյակ ունենալը չէ։ Շեշտը դրել ենք գաղափարի և բովանդակության վրա»:

Ծրագրի ամենահետաքրքիր պահը անվանակոչումն էր: Միտքը ծագել է, երբ առաջին անգամ ոտք դրեց դպրոցի նկուղ: 

«Նախագիծը անվանել ենք «Մուկլիմանդիլ»։ Ինչու՝ որովհետև մեր կրթակական միջավայրը ՝ընթերցասրահը, լինելու է դպրոցի նկուղում և այնտեղ ընթերցասրահ ունենալը խորհրդանշական էր։ Այն սարդոստայնով կկապի մեզ միմյանց ու գրքերի հետ։ Մենք որոշեցինք արցախյան համով հոտով այն կոչել Մուկլիմանդիլ»:

Ծրագիրը պատրաստ է իրագործման, մնում է լուծել ֆինանսական կողմը: Դրամահավաք են կազմակերպել, փորձում են նաև համացանցի միջոցով հովանավորներ գտնել:

«Ունենք որոշակի գումարային աջակցության կարիք։ Բացեցինք ֆոնդհայթայթման էջ, մարդիկ եղան, որոնք որոշակի գումար փոխանցեցին և, հուրախություն մեզ, համայնքի ուսուցիչները ևս մեծ ոգևորությամբ մասնակցեցին դրամահավաքին։ Գումարը միայն գրքերի ձեռքբերման համար չէ անհրաժեշտ։ Մենք նաև որոշակի կրեատիվ գույք ձեռք բերելու կարիք ունենք»:

Գայանեն կարծում է ,որ ծրագիրը համայնքի և հատկապես դպրոցի համար կլինի շարժիչ ուժ: Դրա վառ ապացույցը աշակերտների և համայնքի նվիրվածությունն է գաղափարին:

«Սկզբնական փուլում կասկածներ կային, արդյոք, հաջողելու՞ ենք, արդյոք,  որևէ մեկը մեզ լսելու՞ է, և որտե՞ղ է տանում այս ամենը։ Բայց կարծում եմ, որ լավ արդյունքներ ենք ունենալու։ Ծրագրի համար ժամկետներ ենք սահմանել։ Դրամահավաքը հաջող իրականացնելուց հետո անպայման սկսելու ենք և, հաստատ, տեղավորվելու ենք ժամկետների մեջ»:

Գայանեն վստահ է, որ նման նախաձեռնությունների իրականացման դեպքում համայնքները կունենան ակտիվ երիտասարդներ, որոնք հավատում են իրենց ուժերին և պատրաստ են փոփոխություններ մտցնել իրենց ու շրջապատի կյանքում:

Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 08 Դեկտեմբերի 2021 14:56
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ