Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքն այսուհետ կգործի նոր կարգավորումներով․ Ազգային ժողովում երեկ ընդունվեց օրենքի լրամշակված տարբերակը։ Օրինագիծը լիազոր մարմնի նախաձեռնությամբ է խորհրդարան բերվել․ Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Գալստյանի խոսքով՝ օրենսդրական բացերի շտկման անհրաժեշտություն կար։ Նմանատիպ կարգավորումներ կատարվել են նաև ՀՀ համապատասխան օրենքում՝ նկատում է Սուրեն Գալստյանը։
«Առաջարկվող փոփոխությունները՝ 9-րդ հոդված․ ըստ գործող օրենքի, իրավահաստատող փաստաթղթերի ամբողջականության պահանջը չէր տարածվում միայն նախկինում պետական կամ համայնքային բնակֆոնդում ընդգրկված բազմաբնակարան շենքերում գտնվող շինությունների նկատմամբ իրավունքերի պետական գրանցման վրա։ Այս փոփոխոււթյամբ առաջարկում ենք այդ պահանջը չտարածել նաև հարևանների ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող պարիսպի կամ այլ բաժանագծի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վրա»։
Կադաստրային քարտեզները միշտ չեն կատարյալ լինում, և գործող օրենքը հաճախ այդ սխալները շտկելու հնարավորությունը սահմանափակում է՝ ասում է գերատեսչության ղեկավարը։ Օրենքի 14-րդ հոդվածի փոփոխությունը կստեղծի այդ օրենսդրական հիմքը՝ սահմանելով ուղղման կարգ՝ կառավարության համապատասխան որոշմամբ։ Օրենքի 24-րդ հոդվածով՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների ծագմանը, փոփոխմանը, իրացմանն ուղղված գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման ներկայացնելու բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր է ստեղծվում։ Բացառություն են կազմում միակողմանի գործարքները:
«Մասնավորապես, զինված ուժերի կազմում ռազմական գործողությունների, մարտական առաջադրանքների կամ այլ ծառայողական պարտականությունների կատարմանը ներգրավված լինելու հանգամանքը, կամ դիմողն այնպիսի հիվանդություն ունի, որը խոչընդոտել է նրա իրավունքի իրացմանը»։
Վերոնշյալ լրացումը ենթադրում է նաև փոփոխություն օրենքի 30 -րդ հոդվածում՝ պարզաբանում է կադաստրի նախագահը։ Համաձայն այդ կետի՝ լիազոր մարմինը պարտավոր է մերժել գրանցումը, եթե նոտարական վավերացում ստացած գործարքների հիման վրա պետական գրանցման դիմումը ներկայացվել է 24-րդ հոդվածով սահմանված ժամկետի խախտմամբ։Կադաստրի ոլորտի գործող տեղեկատվական էլեկտրոնային համակարգը լիարժեք գործարկման խոչընդոտներ կային. անհրաժեշտ էր կառավարման ավտոմատացված համակարգի կիրառմամբ անշարժ գույքի ռեգիստրի գործառույթների հստակեցում կատարել։ Լրամշակված օրենքով հնարավոր կլինի օրենսդրորեն ամրագրել էլեկտրոնային համակարգի միջոցով ավարտական փաստաթղթերի կազմումն ու հաստատումը։
«Օրենքի 32 հոդվածի լրացմամբ սահմանվում է փոստային կապի միջոցով տեղեկատվության տրամադրման պայմանները, անշարժ գույքի պետական միասնական տեղեկատվության մերժման հիմքերը, ինչպես նաև տրամադրվող տեղեկատվության բովանդակությունը։Օրենքի 33 հոդվածի լրացմամբ հստակեցվել է անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվության տրամադրումը կասեցնելու հիմքերը։ Օրենքի 34 հոդվածով առաջարկվող փոփոխությունը նպատակ ունի կարգավորել պետական գրանցման ժամանակ թույլ տված սխալները ուղղելու հիմքով նոր գրանցման վկայականի տրամադրման հետ կապված հարցեր։ 35 հոդվածի փոփոխությամբ հստակեցվում է գույքի սեփականատեր չհանդիսացող անձին այլ գույքային իրավունքների պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու հիմքերը, բացառությամբ հիփոթեքի պետական գրանցման։ Օրենքի 43 հոդվածով նախատեսվում է կարգավորել և հստակեցնել նաև ամուսինների համատեղ կյանքում ձեռք բերած գույքային հարաբերություններին առնչվող հարցեր։ 48 հոդվածի փոփոխությամբ հստակեցվում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներում ի պաշտոնե ստորագրությունների իսկությունը ճանաչելու իրավասություն ունեցող անձանց կողմից կազմվող պայմանգրերի ստորագրման կարգը, իսկ օրենքի 45 հոդվածի փոփոխությամբ լրացվում է ստորագրությունների իսկության ճանաչման նպատակով ներկայացվող պայմանագրերին առաջադրվող պահանջները»։
Կատարվել են նաև այլ՝ տեխնիկական բնույթի փոփոխություններ։ Նոր օրենքն ավելի լայն հնարավորություններ կստեղծի համակարգի զարգացման և ոլորտում աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից՝ ասում է ոլորտի պատասխանատուն։