Նոյեմբերի 25, 2024

Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանը 25 տարեկան է

By Ասպրամ Ավանեսյան Հոկտեմբերի 31, 2022

76 ուսանող՝ 7 մասնագիտությունների գծով.  25 տարի առաջ  «Մեսրոպ Մաշտոց» համալսարանն   ուսանողների ու մասնագիտությունների այս  թվով մտավ  կրթական դաշտ։  Այսօր արդեն համալսարանը շուրջ 700 ուսանող ունի, ուսումնասիրվող մասնագիտությունների քանակը   12  է: Գործունեության 25 տարիների ընթացքում համալսարանը բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել. «Մեսրոպ Մաշտոց համալսարան» թերթ, որ լույս է տեսնում 1996 թ. ի վեր, 2007 թ. լրատու հանդես, թատերասրահ, «Art studia» թատերախումբ, ամուր կապ Արցախի զորամասերի ու դպրոցների հետ, ուսումնագիտական կապեր մի շարք համալսարանների  հետ: Բուհի ռեկտոր Դոնարա Գաբրիելյանը հպարտությամբ է խոսում համալսարանի ձեռքբերումների մասին:

«Ուզում եմ իմ սերն ու հարգանքը փոխանցել Մեսրոպ Մաշտոց համալսարանի կոլեկտիվին: Այստեղ աշխատում են մարդիկ, ովքեր նվիրված են իրենց աշխատանքին, իրենց համալսարանին: Նրանք անում են ամեն ինչ, որպեսզի համալսարան ընդունվածները ստանան արժանի գիտելիք և կարողանան ծառայել հայրենիքին: Մեր համալսարանի կարգախոսն է.«Անել այն ամենն, ինչ կարող է օգնել հայրենիքին»»:

Մեսրոպ Մաշտոց համալսարանի շրջանավարտներն աշխատում են հանրապետության մասնավոր և պետական հատվածներում: Միջոցառմանը ներկա էին նաև նրանք, ոչ միայն որպես հանդիսատես, այլև որպես մասնակից: Միջոցառմանը ներկա էր  ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը: Նա համալսարանի առաջին ուսանողներից է:  Հպարտությամբ է նշում, որ համալսարանի ուսանողները ներգրավված են պետական կառավարման համակարգի գրեթե բոլոր օղակներում:

«25 տարի առաջ էլ, հիմա էլ մենք ունեինք բարի ավանդույթներ: Այդ ավանդույթները մինչև օրս պահպանվում են և ամեն ինչի հիմքում, ամեն ինչի սկզբունքը ընտանիքի գաղափարն է: Այսօր՝ 25 տարի անց, այդ ջերմությունը, այդ մթնոլորտը, այդ լավագույն ավանդույթը պահպանվում է»:

Միջոցառմանը ներկա էր նաև «Մանկական Եվրատեսիլ 2010» մրցույթի հաղթող Վլադիմիր Արզումանյանը: Նա նույնպես Մեսրոպ Մաշտոց համալսարանի շրջանավարտ է: Վլադիմիր Արզումանյանը միջոցառմանը հանդես է եկել երաժշտական կատարմամբ:

Բուհի ուսանողներն անմասն չեն մնացել հայրենիքի պաշտպանության սուրբ գործից: Նրանք ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես քառօրյա, այնպես էլ 44-օրյա պատերազմին: Համալսարանականները սրբությամբ են  պահում իրենց կյանքը հանուն հայրենիքի զոհած ընկերների հիշատակը։ Համալսարանի ծննդյան օրվա  առիթով կազմակերպված միջոցառմանը երգ-երաժշտությունն   ու ասմունքը հայրենիքի մասին էին: 

Միջոցառումը համեմված էր պարային, թատերական ու հումորային համարներով:  

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ