Նոյեմբերի 22, 2024

Երազել, ձգտել ու հասնել․ Անգելինա Գրիգորյանի հաջողության պատմությունը

By Աննա Գրիգորյան Նոյեմբերի 05, 2022

 «Morpho» անվանումը, որ ձեզ կարող է հանդիպել էկո պայուսակների կամ շապիկների վրա, կապույտ թևերով թիթեռնիկի անուն է։ Աշխարհի մյուս թիթեռներից «Morpho»-ն տարբերվում է նրանով, որ ճախրում է ծառերի ամենաբարձր ճյուղերի վրա միայն։ Այս հարցում թիթեռնիկն ու Անգելինան ընդհանրություն ունեն․ 15 տարեկան հասակում նա արդեն իսկ հիմնադրել է սեփական բիզնեսն ու չի դադարում երազել․ ճախրել ամենաբարձրում, ձգտել լավագույնին։ Իսկ ամեն ինչ սկսել է 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ, թվում էր, թե այլևս երազելու ուժ չկա՝ պատմում է Անգելինան։  

«Հայրենիքի փրկություն բոլորս էինք ուզում, և կարդալով թիթեռի մասին` ինձ այն դուր եկավ և ընտրեցի որպես ապագա ապրանքանիշի անուն»։

«Morpho»-ն արտադրում է հայկական արտադրության էկո պայուսակներ և շապիներ: Անգելինան դրանք ինքնուրույն է կարում, հետո, կրկին ինքնուրույն, հատուկ ներկերով նկարում վրան։ Սա Անգելինայի սիրելի զբաղմունքն է, որին նվիրում է իր ամբողջ ազատ ժամանակը։ Սկզբնական շրջանում օգտվում էր տատիկի հին կարի մեքենայից, իսկ հետո ձեռք բերեց սեփականը` նոր և տասնյակ գործառույթներով ժամանակակից կարի մեքենա: Կտորներն ընտրում է բացառապես հայկականն ու որակյալը, որոնք ժամանակի ընթացքում չեն փոխի իրենց ձևը: Տանն արդեն սովորել են կարի մեքենայի աղմուկին, կտորներին ու ներկերին։ Սա Անգելինայի աշխարհն է, որից նրան ժամերով չես կարող կտրել։ Հատկապես սիրում է կարելու պրոցեսը:  

«Ինձ ավելի շատ մոտիվացնում է մարդանց արձագանքը։ Ոգևորվում եմ,  երբ տեսնում եմ, որ  քաղաքում մարդիկ մեծ սիրով կրում են իմ պայուսակները»։

Ապարանքանիշի անգլիական անվանումը չի խանգարում ստեղծագործել ազգային մոտիվներով: Ժամանակակից դիզայներական չափորոշիչների և հայկական զարդանախշերի համադրմամբ նա ստանում է յուրահատուկ տեսականի, որոնք անտարբեր չեն թողնում նաև օտարերկրացիներին: Հատկապես մեծ պահանջարկ ունեն արցախյան թեմաներով պայուսակներն ու շապիկները։ 

«Ամենասիրվածը Տատիկ-Պապիկի և Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու պատկերներով պայուսակներն են: Կամ արցախի բարբառով գրված որևէ ասույթ»։

Երազել, ձգտել ու հասնել։ Սա է Անգելինայի նշանաբանը։ Իսկ կապույտ թևերով թիթեռնիկն օգնում է նրան ճախրել։ Առջևում նորանոր բարձունքներ են, որոնք, համոզված է զրուցակիցս, իրենք միասին կհաղթահարեն։ 

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ