Նոյեմբերի 21, 2024

«Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում»: Հայ կրթական հիմնարկության նվերը առաջին դասարանցիներին

By Վիկտորյա Սարգսյան Օգոստոսի 12, 2023

Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարություն էր տարածել ` «Լույսի պայուսակ» ակցիայի մեկնարկի մասին: Ակցիայի նպատակն է դպրոցական ուսապարկեր հավաքագրել առաջին դասարանցիների համար: Ակցիային առաջին արձագանքողներից եղավ «Հայ կրթական հիմնարկություն» հիմնադրամը, որը 1900 պայուսակ կնվրի առաջին դասարանցիներին:

 

Արցախի ԿԳՄՍ նախարարությունը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին տրամադրում էր ուսապարկեր առաջին դասարանցիներին՝ գրենական պարագաներով: Սա փոքրիկների համար ամենահաճելի ու ամենաանհրաժեշտ նվերներից էր: Արցախի պաշարման պատճառով՝ ավանդական դարձած ծրագիրն այս տարի հնարավոր չէ կազմակերպել, ինչով պայմանավորված էլ նախաձեռնվել է դպրոցական ուսապարկերի հավաքագրման՝ «Լույսի պայուսակ» ակցիան:

Հայ կրթական հիմնարկությունը տարիներ շարունակ եղել է Արցախի կրթական համակարգի բարեկամներից մեկը: Հիմնադրամն Արցախի տարբեր համայնքներում միայն անցած տարի բաժանել է շուրջ 500 դպրոցական ուսապարկ: Այս ծրագրին ևս չէին կարող անմասն մնալ` ասում է հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի գործադիր տնօրեն Արմինե Հարոյանը:

«Տիկին Լուսինե Ղարախանյանը շատ մտահոգ զանգեց ու ասաց, որ այսպիսի ծրագիր կա ու բոլորին խնդրում էր ինչով հնարավոր է օգնել: Հարցրեցի` արդյոք հանարվո՞ր է իրականացնել նման ծրագիր՝ շրջափակված Արցախում: Տիկին Ղարախանյանն ասաց որ կտորի որոշակի պահուստ կա և համապատասխան գործարանն էլ կարող է այդ աշխատանքը կատարել»:

Թեկուզ հեռվից բայց շատ էինք ուզում ինչ-որ կերպ օգտակար լինել մեր հայրենակիցներին, ասում է Արմինե Հարոյանը: Ծրագրի մանրամասները քննարկեցին հիմնադրամի տնօրենների խորհրդի հետ, ինչից հետո էլ՝ անմիջապես մեկնարկեցին աշխատանքները:

«Սա մեր բալիկների համար ուրախության գոնե մի նշույլ կլինի: Եվ ես վստահ էի, որ մեր տնօրենների խորհուրդն ընդառաջելու է, բայց ամեն դեպքում խնդրեցի ճշտգրիտ թվեր ասել: Տնօրենների խորհրդին ժամեր անց ներկայացրեցի մանրամասները և նրանք առանց վարանելու ասացին, որ այս ծրագիրն անպայման պետք է կյանքի կոչվի»:

Մեր աչքին արդեն սովոր «Made in China»–ի փոխարեն, այս պայուսակների վրա գրված է «Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում»: Գաղափարն Արցախում է ծնվել, ֆինանասավորող կողմն էլ սիրով համաձայնվել է:

«Երկար մտածեցինք` արդյոք մեր լոգոն պե՞տք է լինի, քանի որ նման դեպքերում, երբ ֆինանսավորող կողմ է լինում, խնդրում են իրենցից ինչ որ բան ավելացնել: Մենք ասացինք, որ չենք ուզում ոչ մի բան ավելացնել: Եվ Արցախից եկավ այդ գաղափարը: Տիկին Ղարախանյանն ասաց, որ պիտակի վրա գրված կլինի «Արտադրված է Արցախում` շրջափակման պայմաններում»: Սա տարիներ հետո նաև խթան կլինի այդ բալիկների համար, որ իրենք էլ մեծանան ու ցանկանան բարեգործություն անել: Ու հուսանք այլևս այսպիսի պիտակներով արտադրանք չի լինի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում»:

Հայ կրթական հիմնարկությունը տարիներ շարունակ բազմաթիվ ծրագրեր է իրակականցրել Արցախում. վերանորոգել ու կառուցել են դպրոցներ, Արմաթ ինժեներական լաբորատորիաներ ֆինանսավորել, կրթաթոշակներ տրամադրել արցախցի ուսանողներին: Արցախի արդեն 8 ամիս շարունակվող շրջափակման պատճառով մի շարք ծրագրեր կիսատ մնացին:

«Պատերազմից հետո` 2021 թվականին մենք հասցրեցինք վերանորոգել Վերին Հոռաթաղի դպրոցը: Ճանապարհի փակվելուց մի քանի օր առաջ հասցրեցինք Արցախ տեղափոխել մի շարք սարքավորումներ, որոնք նախատեսված էին Շուշիի տեխնոլոգիական համալսարանի համար: Մենք նվիրաբերեցինք գինի և պանիր պատրաստելու համար նախատեսված սարքավորումներ, որոնք թուլ են տալիս զրոյից սկսել գինու և պանրի արտադրություն: Ծրագրերը, ինչպես նախկինում, հիմա էլ շատ են ու կան նաև կիսատ ծրագրեր: Բայց մենք փորձում ենք գոնե այդ կիսատության մեջ որոշակի ամբողջացում կատարել»:

«Լույսի պայուսակ» ակցիան, շարունակվում է։ Հավաքագրված պայուսակներից կարող են օգտվել բոլոր այն աշակերտները, ովքեր հնարավորություն չեն ունենա խանութներից ձեռք բերել դրանք։ Սոցիալական բաղադրիչից զատ՝ «Լույսի պայուսակ» ակցիան նաև խորհրդանշական բնույթ ունի՝ պաշարված Արցախում իրար փոխօգնության ձեռք մեկնելու, միասին խնդիրները հաղթահարելու և բարության ու գիտելիքի լույս տարածելու:

 

Last modified on Շաբաթ, 12 Օգոստոսի 2023 12:37
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ