Անահիտը նախկինում հացթուխի աշխատանք չէր կատարել: Առաջին անգամ հաց թխել է պատերազմի օրերին զինվորների համար: Ասում է` ուսուցիչներով հավաքվում էին ու հացի արտադրամասի մյուս աշխատողների հետ հավասար հաց թխում: Պատերազմից հետո վերջնական հաստատվեցին Ծաղկաշատում: Այստեղ թարմ հաց ստանում են Ստեփանակերտից շաբաթական 4 անգամ, մյուս օրերին թարմ հացի կարիք են ունենում: Այդ հանգամանքից ելնելով էլ որոշեց միս ու արյուն տալ նպատակին: Ծանոթացավ «Բարձր տեխնոլոգիաների և ռազմավարական պլանավորման կենտրոն» հիմնադրամի ծրագրերին, առաջարկեց իրենը:
«Քանի որ Ծաղկաշատը Արցախում զբոսաշրջության կենտրոն է, կարծում եմ դա նույնպես կնպաստի բիզնեսի արագ զարգացմանը»:
Զրուցակցիս կարծիքով՝ իր պատրաստած հացը տարբերվելու է թե' համով, թե' բազմազանությամբ:
«Նախատեսում ենք արտադրել հացեր, օրինակ, շաքարային դիաբետով հիվանդների համար, որը մինչ այժմ գյուղ չէին մատակարարում: Բացի հացի արտադրությունից նախատեսում ենք նաև խմորեղեն պատրաստել՝ նորույթների հետ պահպանելով ազգայինը»:
Անահիտ Կասյանն ասում է, որ եթե բիզնես ծրագիրը ֆինանսավորվի, այն օգուտ կբերի ոչ միայն իրենց, այլև համայնքի մյուս բնակիչներին, քանի որ հումքը, օրինակ թեփահան ցորենը, կամ քաղցրավենիքի համար անհրաժեշտ ընդեղենն ու չրեղենը գնելու են գյուղացիներից: Գործի զարգանալուն զուգահեռ նաև նոր աշխատատեղեր կբացվեն: Գնորդի ցանկությունից կախված հացի տեսականին կփոխվի:
«Հացը պատրաստելու ենք և' ավանդական, և' էլեկտրական թոնիրներում, կախված թե ինչ է նախընտրում մեր հաճախորդը: Մենք նաև այդ գործընթացին մասնակից ենք դարձնելու հաճախորդին և ընդունելու ենք նրանց առաջարկները»:
Հացի արտադրամասը լինելու է իրենց տան առաջին հարկում, շինարարական աշխատանքներն արդեն սկսել են՝ ասում է Անահիտ Կասյանը: Նա մեծ հավատով է սպասում բիզնես ծրագրի կյանքի կոչմանը, բայց ասում է, որ եթե անգամ ծրագիրը չֆինանսավորվի հիմնադրամի կողմից, ապա առնվազն մեկ տարի անց կունենա սեփական հացի արտադրամասը՝ իր միջոցներով: