Նոյեմբերի 25, 2024

Որքան էլ ծանր լինի,պետք է հիշել` մենք նաև այս կերպ ենք պայքարում

By Մարգարիտա Ղուշունց Դեկտեմբերի 18, 2022
Մարտունեցիների հետ հանդիպմանը Ռուբեն Վարդանյանը նախ ներկայացրել է այն իրավիճակը, որում հայտնվել է Արցախը` Ադրբեջանի հայատյաց քաղաքականության պատճառով` նշելով` ցավալին այն է, որ մենք չգիտենք, թե այն որքան կարող է տևել: 
 
«Այս իրավիճակը կարող է շատ երկար տևել։ Մենք չպիտի կասկածենք, որ հարևան պետությունը չի ուզում ոչ մի ձև, որ մենք հանգիստ ապրենք։ Ես ուզում եմ, որ մենք զգաստ լինենք, պատերազմը նոյեմբերի 9-ին չի վերջացել, և մենք պատերազմի մեջ ենք գտնվում»։
 
  Ադրբեջանը պայքարում է ոչ միայն ռազմաքաղաքական դաշտում, այլև տեղեկատվական: Այս ընթացքում այդ երկրի ամբողջ տեղեկատվական ներուժն ուղղվել է արդարացնելու կեղծ բնապահպանական թեզերը, որոնք պատրվակ են դարձրել Արցախի կյանքի ճանապարհն արգելափակելու համար: Արցախում, իհարկե, ծանր փորձություններ շատ են տեսել ու հաղթահարել, բայց այսպիսի վիճակում առաջին անգամ ենք հայտնվում:
 
«34 տարվա մեջ մենք առաջին անգամ ենք շրջափակման մեջ։ Նույնիսկ ամենածանր 1990-ականներին՝ առաջին պատերազմի տարիներին ուղղաթիռները աշխատոտւմ էին։ Սա առաջին փորձն է, երբ ամբողջությամբ շրջափակված ենք»։ 
 
Այս իրավիճակից էլ պարտավոր ենք պատվով դուրս գալ: Պետական համակարգն ու հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է աշխատի ուժերի գերլարումով, կազմակերպված ու կարգապահ: Իր հերթին իշխանությունն ամեն ինչ անում է` հանրության շրջանում վստահության ու սոցիալական արդարության ամրապնդման համար: ԱԺ պատգամավոր Մարսել Պետրոսյանի խոսքով` մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ներկայացնել մեր ցավն ու խնդիրը, ցույց տալ մեր դիմակայելու կամքը:
 
«Մենք, ըստ էության հասել ենք կարմիր գծին, որից հետո մենք պետք է սպիտակ դրոշ բարձրացնենք, բայց ում առաջ պիտի դա անենք»։
 
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով: Հարցերի մեծամասնությունը, բնականաբար, անվտանգային միջավայրին էին վերաբերում: Ներկաները հետաքրքրվեցին իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունների ընթացքով: Ի՞նչ առաջարկներ ենք մենք ստացել, որոնց մասին հիշատակվել է ՌԴ ՊՆ տեղեկագրում: Հարցին պատասխանել է պատգամավոր Դավիթ Իշխանյանը: 
 
«Մեր կողմից հետևյալն է․ ճանապարհը պետք է բացվի, որից հետո կարող ենք քննարկել։  Մենք առիթ ենք ունեցել լսելու Կաշենի հանքի տնօրենի տվված ընդհանուր տեղեկությունները, որպեսզի մենք՝ քաղաքական պատասխանատուներս այդ հարցերի մեջ խոցելի տեղեր չունենանք»։
 
Էկոլոգիական խնդիրը պարզապես շղարշ է, որի քողի տակ Ադրբեջանը փորձում է իրագործել Արցախին տիրելու, այն հայաթափելու վաղեմի երազանքը: Կհաջողվի՞ դա նրան, թե ոչ` թերևս որոշվում է հենց այս օրերին: Ուստի, որքան էլ ծանր լինի շրջափակման մեջ ապրելը, պետք է հիշել, մենք նաև այս կերպ ենք պայքարում:
 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ