Արցախի տոտալ շրջափակման 8-րդ օրը Ստեփանակերտի շուկան նախորդ շաբաթվա պես մարդաշատ չէ․ ապրանքը սակավ է, ամենամեծ պակասությունը՝ Հայաստանից բերվող բանջարեղենը։ Առաջինը սպառվել է կարտոֆիլն ու սոխը։ Վաճառողները հայտնում են նաև կաղամբի, բազուկի և այլ ապրանքների սակավության կամ ամբողջական սպառման մասին։
«Բանջարղենն է հիմնականում: Դե, ամեն ինչը Երևանից ենք բերում, ոչինչ չունենք գրեթե։ Բայց դե կարևորները՝ կաղամբը, գազարը, կարտոֆիլը պակաս է: Այս մթերքների պահանջարկը շատ է։ Բազուկը կարմիր, սոխը չոր․․․ »։
Տիկին Լյուբան նշում է՝ իր ունեցած ապրանքը կբավարարի ևս մեկ-երկու օր, դրանից հետո չգիտի՝ կրպակը կբացի՞, թե՞ ոչ։ Գրեթե 5 օր է, որ վաճառակետը կիսադատարկ է։ Եղած պաշարը երկու օր է բավականացրել:
«Դե 5 օր է այս վիճակն է, 2 օր ենք ձգել»։
Տիկին Լյուբայի մոտ մնացել են միայն տեղական ապրանքատեսակները, որը սակայն ընդհանուր տեսականու չնչին տոկոսն է կազմում։ Խաշիլ, կուրկուտ, չոր լոբի, տնական պահածոներ՝ նախկինի պես հասանելի են, գները՝ հիմնականում փոփոխության չենթարկված։ Երևանից բերված ու դեռևս չսպառված նարինջը, թուրինջը, խնձորն ու մանդարինը, ըստ վաճառողների, նույնպես չեն թանկացրել։
«Խաշիլը նույնը 750 է, կուրկուտը նույնը, լոբին նույնը, մի քիչ պանիր ունենք՝ նույնը։ Ոչինչ չի փոխվել։ Մանդարինը 600, նարինջը 750, պնդուկը 120։ Պահածոները ես եմ փակել, ես ինքս եմ արել, դա է, բան չունենք, էսպես դեռ նստում ենք, որոշ չոր բաներ ունենք»:
Տարբեր վաճառակետերում իրավիճակը հիմնականում նույնն է՝ սպառված է բանջարեղենի զգալի մասը, կարտոֆիլ գտնելը, թերևս, ամենաբարդն է։ Վաճառողները գները ներկայացնելիս զգոն են՝ տեղյակ են, որ չարդարացված գնաբարձրացումների հանդեպ վերաբերմունքը խիստ է։
«Խանութում կաղամբն է պակաս, բազուկն է պակաս, ապրանքները ոնց բերել ենք՝ նույն գնով վաճառել ենք, էդպիսի խնդիր չկա: Որոշ ապրանք դեռ կա, խնձոր ունենք․․․ Կարտոֆիլը երեկ է վերջացել։ Սոխը 300 դրամ տեղական, տաքդեղները 150 դրամ»։
Երկու տարի առաջ Հադրութի շրջանի Տող գյուղից տեղահանված և այսօր Ստեփանակերտում իր փոքրիկ բիզնեսը հիմնած տնտեսվարը վստահեցնում է՝ բնավ ընկճված չեն, ավելի վատ օրեր են ապրել։ Քիչ թե շատ բարվոք է մսամթերքի շուկայի վիճակը․ մսագործները հիմնականում տեղական միս են վաճառում։ Խանութներում մի փոքր նոսրացած են Հայաստանից բերված երշիկեղենի բաժինները։ Տեղական թարմ միս վաճառող մսագործները, սակայն, վստահեցնում են՝ ապրանքի խնդիր այս պահին չունեն։
«Մեր միսը միշտ տեղական է լինում, միշտ էլ տեղական է եղել։ Թանկացում չկա, դե դեռ մսի պրոբլեմ էլ չունենք։ Տուժվելն էնպես չի, որ ասենք ոչ մի բանով չենք տուժվել, առևտուրը պակասել է, ժղովուրդը չեն կարողանում գնան գան, բայց մսի առումով դեռ ունենք։ Մեր աշխատանքը մեծ բան է, դեռ որ աշխատում ենք՝ ապրում ենք, որ չաշխատենք՝ հետո դժվար է լինելու։ Դեռ աշխատանքը կա, կարևորը դա է»։
Զրուցակիցս շեշտում է՝ Արցախն առաջին անգամ չէ անելանելի թվացող իրավիճակում, ժողովուրդը ընկճվել ու թևաթափ լինել չի շտապում։
«Մեր ժողովուրդը միշտ էլ ուժեղ է եղել, միշտ էլ լինելու է, մենք մեր հայրենիքից ոչ մի տեղ էլ չենք գնալու, մենք ամբողջ կյանքում էլ այդպես ենք ապրել, առաջին տարին չի, երկրորդ տարին չի, էս 30 տարի է՝ այդպես էլ ապրում ենք»։
Մեկ շաբաթից ավելի ադրբեջանցի այսպես կոչված «բնապահպանների» տեռորի տակ դիմագրավող արցախցիները շարունակում են հնարավորինս զուսպ ու համբերատար դիմագրավել հարևանների ոչ առաջին, ոչ էլ, հավանաբար, վերջին սադրանքին։