Նոյեմբերի 21, 2024

«Ամանորյա հեքիաթ»-ը ժպտալ է ստիպում

By Անի Աբաղյան Դեկտեմբերի 27, 2022

Դահլիճը ճիչերով է լցվում. երեխաների անվերջ հարցերը՝ սա ի՞մ տեղն է, ե՞րբ է սկսվելու, ինչու՞, ինչպե՞ս, ստանում են իրենց պատասխանները, երբ բեմում հայտնվում են «բարի» կախարդն ու մյուս կերպարները: Ներկայացումը սկսված է: 

«Ճանաչեցի՞ք ինձ»: «Ո՛չ»: «Ես բարի կախարդն եմ, և ով վատ սովորի իրեն կպատժեմ»: 

«Բարի» կախարդը ներկայացման չար կերպարն է: Կախարդական անտառ մտնող եզակի մարդ է առանց անեծքի դուրս գալիս այնտեղից: Ամանորյա հեքիաթում քչերն էին «փրկվում», հատկապես, երբ դահլիճի հուշումները «մատնում» էին փոքրիկ տղաների, կատվի ու մյուսների թաքնվելու վայրը:  Ներկայացումից հետո հարցերը կրկնապատկվել էին. կա՞ն իրականում կախարդներ, չարը պարտադիր պատժվելու՞ է: Հարցերին արդեն պատասխանելու են ծնողները ու ներկան, որի հանգուցալուծումից է կախված՝ հավատա՞լ հեքիաթներին, թե՞՝ ոչ: 

«Ներկայացումը մըզ շատ տուր ա եկալ. Վերջում բարին հաղթալ ա չարին Ձմեռ պապիկի շնորհիվ»: «Ներկայացումը շատ լավն էր, մեզ շատ դուր եկավ: Շատ լավ կերպարներ են եղել և մեզ շատ ուրախացրել են այս վատ իրավիճակում»: 

Ստեփանակերտի համար 12 դպրոցի ուսուցիչ Նարինե Գրիգորյանին երեխաների ժպիտներն ու ոգևորված դեմքերն են հուզել: Ուրախ է, որ չնայած շրջափակմանը, հնարավորություն կա, որ երեխաները ուրախանան: 

«Լավ տպավորություններ ենք ստացել, երեխաների համար շատ հետաքրքիր էր: Այս բարդ իրավիճակում նման միջոցառումների կազմակերպումը ողջունելի է»:

«Ամանորյա հեքիաթ» ներկայացմանը 11 կերպար է մասնակցում, դերասաններից 7-ը առաջին անգամ են խաղում: Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանի խոսքով՝ մայրաքաղաքի բոլոր դպրոցների երեխաները ընդգրկված էին ներկայացմանը, բայց նվերների չհերիքելու պատճառով համար 10 դպրոցը դուրս է մնացել: 

«Տարվա սկզբից որոշում ենք, թե տարվա վերջում մանկական ամանորյա ի՞նչ ներկայացում ենք խաղալու: Չէի ցանկանում, որ ներկայացումը առանց նվերների լինի ու սկսել ենք հովանավորներ փնտրել: Միջոցառումը բաղկացած է երկու մասից. մեկը ներկայացումն է, մյուսը՝ Ձմեռ պապիի հետ տոնածառի շուրջ նվերների բաժանումը: Բոլորը ընդգրկված էին, բայց այս պահին 10-րդ դպրոցը դուրս մնաց՝ նվերների չհերիքման պատճառով»: 

Փափազյանականների՝ «Ամանորյա հեքիաթ»-ի վերջին խաղը Ճարտարում է լինելու դեկտեմբերի 29-ին: Իսկ այսօր Ստեփանակերտը լուսավորվել է ոչ միայն ամանորյա լույսերով, այլև փոքրիկների անկեղծ ծիծաղով:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ