Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Շողեր Սարգսյանը հյուրախաղերով Բելգիայում է: Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի հրավերով մասնակցել է նրանց ամանորյա ներկայացմանը: Այս ներկայացումն առանցձնացավ նրանով, որ բեմադրվեց արցախյան բարբառով:
«Անչափ ոգևորված էի, որովհետև ամառային մեր շրջագայության ընթացքում հասցրել էինք մտերմանալ Բելգիայի հայ համայնքի հետ, և բոլորին շատ կարոտել էի: Բացի դրանից ինձ համար կարևոր է, որ ես հնարավորություն ստացա ևս մեկ անգամ իմ բարբառով աշխարհին, Եվրոպային ներկայացնելու իմ հայրենիքը, մշակույթը և ևս մեկ անգամ բոլորին հիշեցնելու, որտեղից ենք մենք և ինչպես ենք ապրում Արցախում»:
Բելգիայի հայ համայնքին են ներկայացրել Թումյանի «Անխելք մարդը» և «Անբան հուռին»:
Հաջողված ներկայացումը երկար ու ոչ ավանդական փորձերի արդյունքն է: Դրանց մեծ մասը հեռավար է տեղի ունեցել:
«Եվ այդ փորձերի ընթացքում էլ հետաքրքիր էր համագործակցել Երևանից մեր գործընկերների հետ: Շատ հետաքրքիր էր, թե ինչպես են նրանք հասկանում բարբառը և փորձում կիրառել այն: «Անխելք մարդը» հեքիաթն ենք ներկայացրել բարբառով: Եվ շնորհակալ եմ նաև այն դերասաններին, որոնք ինձ հետ աշխատեցին, որպեսզի գեղեցիկ արդյունք ստանանք»:
Արցախյան բարբառով ներկայացումը շատ սիրվեց հայ համայնքի կողմից՝ ասում է Բելգիայի հայկական մշակութային կենտրոնի ղեկավար Կարեն Թադևոսյանը:
«Նպատակն այն էր, որ երբեք չմոռացվի, որ կա Արցախը, կա բարբառը, այդ ժողովուրդը: Մանավանդ այս դժվար ժամանակներում բոլորդ էլ գիտենք, որ Արցախը բլոկադայի մեջ է: Եվ մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք այստեղ խոսել այդ մասին»:
Արցախի շրջափակումից մեկ օր առաջ էր Շողերը գնացել Երևան: Մինչ Բելգիա մեկնելը մասնակցել էր Երևանում կազմակերպված ակցիաներին՝ հույս ունենալով, որ ճանապարհը կբացվի և հանգիստ կմեկնի հյուրախաղերի: Բայց իրավիճակը գնալով ավելի անորոշ դարձավ: Ի պաշտպանություն Արցախի՝ Բելգիայում նույնպես ցույցեր են կազմակերպվել: Ինչպես յուրաքանչյուր հայ, մենք նույնպես մտահոգված ենք Արցախում տիրող իրավիճակով՝ ասում է Կարեն Թադևոսյանը: Արդեն վաղը Շողերը վերադառնում է Հայաստան, բայց Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շարունակվում է փակ մնալ: Արցախում Շողերին սպասում է իր մեծ ընտանիքը. 12 հոգու ամանորյա ցանկությունը միասին Ամանորը դիմավորելն է: