Նոյեմբերի 21, 2024

Ինչպե՞ս են աշխատում Արցախի բժշկական հաստատությունները բլոկադայի պայմաններում

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 14, 2023

Արցախում   դեղորայքի խնդիր կա՝ այս մասին մեկ անգամ չէ խոսվել: Հանրապետության բոլոր բժշկական հաստատությունները գործում են՝ հնարավորությունների սահմաններում: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով գրեթե բոլոր բժշկական հաստատությունների աշխատանքում որոշակի սահմանափակումներ են մտցվել: «Արևիկ» բուժմիավորումն աշխատում է գերծանրաբեռնված՝ ասում է բուժմիավորման տնօրեն Կարեն Մելքումյանը, կապված ձմեռային սեզոնի հիվանդությունների բռնկման և դեղորայքի ու բժշկական նշանակության պարագաների պակասի հետ: 

«Մի քանի շատ ցավոտ ու դժվար որոշումներ կայացրինք: Մենք փորձեցինք առաջնահերթությունը տալ այն երեխաներին, ովքեր բուժում են ստանում ստացիոնար պայմաններում, որպեսզի չստեղծվի մի իրավիճակ, որ հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող երեխաներին չկարողանանք ապահովել դեղորայքով, չկարողանանք  բժշկական օգնություն  ցուցաբերել: Այդ իսկ պատճառով դադարեցրինք բոլոր պլանային միջամտությունները՝ թե՛ վիրահատական, թե՛ հետազոտական, թե՛ լաբորատոր, թե՛ ամբուլատոր պոլիկլինիկաներում»:

 Մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում հունվարի 14-ի առավոտյան տվյալներով բուժում է ստանում 12 երեխա: Այս պահի դրությամբ նրանց Հայաստան տեղափոխելու անհրաժեշտություն չկա՝ ասում է Կարեն Մելքումյանը: Անժամկետ հետաձգվել են ինչպես պլանային վիրահատությունները, այնպես էլ հետազոտությունները: Պլանային վիրահատություններն ու հետազոտությունները ժամանակավոր հետաձգվել են նաև «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում»: Առողջապահության նախարարությունն ու կառավարությունն, իհարկե, անում են ամեն ինչ դեղամիջոցների պակասը լրացնելու համար, բայց կենտրոնը 100 %-անոց արդյունք ապահովել չի կարող՝ ասում է տնօրեն Վլադիմիր Օսիպովը: 

«Ներկայումս քննարկվում են որոշակի պայմաններ, ըստ որի մենք կկարողանանք որոշ քանակությամբ պլանային վիրահատություններ իրականացնել: Մենք աշխատում ենք տնտեսել մեր ունեցած պաշարները, այնպես ենք կազմակերպում տնտեսումը, որպեսզի աշխատանքի որակը չտուժի: Ոչ հղի կանանց պլանային հետազոտությունները նույնպես կանգնեցվել են»:

 Դեկտեմբերի 12-ից մինչև հունվարի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ծնվել է 118 երեխա: Ծնունդների թիվը նախորդ ամիսների համեմատ էական փոփոխությունների չի ենթարկվել: Չի փոփոխվել նաև բուժառուների հաճախելիության դինամիկան: Վլադիմիր Օսիպովը սա բացատրում է նրանով, որ ծննդատան բուժառուները հիմնականում բնակվում են մայրաքաղաքում:  Իսկ ահա շրջկենտրոնների բժշկական հաստատություններում այդ  դինամիկան  փոխվել է: Պատճառը վառելիքի խնդիրն է:  Շրջկենտրոնի հիմնական հիվանդանոցն այս պահին դեղորայքի պակաս չունի, որովհետև հունվար ամսվա պաշարն  ապահովել են դեկտեմբերին: «Բոլոր ոլորտներում խնդիրներ կան, որոնք ուժերի գերլարումով փորձում ենք հաղթահարել"- ասում է Ասկերանի շրջանային բուժմիավորման գործադիր տնօրեն Գոհար Հակոբջանյանը: 

«Ջեռուցման խնդիրներ ունենք։  Որոշ սենյակներում տեղադրել ենք փայտի վառարաններ: Այն սենյակները, որոնք ջեռուցվում են էլեկտրաէներգիայով, տուժում են հովհարային անջատումների պատճառով: Երեկ մի երեխայի մայր խնդրում էր, որ անպայման դուրս գրենք երեխային, որովհետև հովհարային անջատման պատճառով սենյակը բավականին ցրտել էր»: 

Ասկերանի շրջանային բուժմիավորումում, ինչպես հանրապետության բոլոր հիվանդանոցներում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են խիստ անհրաժեշտության դեպքում միայն՝ բացառապես բժշկի թույլտվությամբ:  Դեղորայքի ու հիգիենայի պարագաների  պարագաների խնդիր ունեն բոլոր շրջանային բուժմիավորումները։   Առողջապահության նախարարությունն ըստ անհրաժեշտության դեղամիջոցներ է մատակարարում, բայց կան դեղեր, որոնք ի սպառ վերացել են՝ ասում է  Մարտակերտի բուժմիավորման գործադիր տնօրեն Գագիկ Օհանյանը։ 

«Դեղամիջոցներ կան, որոնք, իսկապես, վերջացել են, դրանք մանկական հակաբիոտիկ հեղուկներն են, սուսպեզիաներն են: Մյուս դեղորայքները ունենք, բայց գնալով պաշարը նվազում է: Կենտրոնում բոլոր հետազոտություները պետք է իրականացվի բժշկի ցուցումներով և պարտադիր ուղեգրով: Առանց ուղեգրի որևէ հիվանդ լաբորատորիա մտնել չի կարող»:

 Իրավիճակը նույնն է նաև Մարտունու շրջանային բուժմիավորումում:   Բլոկադայի մեկ ամսվան նվիրված Ստեփանակերտ-Երևան տեսակամրջի ընթացքում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը ներկայացրել է բլոկադայի պայմաններում ամբողջ հանրապետությունում ստեղծված իրավիճակը: Բժիշկը խոսել է այն հիվանդների մասին, որոնք պարբերաբար այցելում էին ՀՀ տարբեր մասնագիտացված ԲԿ-ներ, իսկ այս պահին դրա հնարավորությունը չունեն: Հանրապետությունում կան նաև բուժսարքավորումներ, որոնք պարբերաբար զննվում են Հայաստանի ինժեներների կողմից, այս գործընթացը նույնպես    անհնար է իրականացնել: 

«Այս ժամանակահատվածում 10-ից ավելի բժիշկներ մեկնել են ՀՀ և չեն կարողանում վերադառնալ և կատարել իրենց բժշկական պարտականությունները: Այդ պատճառով բուժհաստատություններում մենք ունենք կադրային դեֆիցիտ»: 

Հանրապետության բոլոր բժշկական հաստատություններում   իրավիճակը գրեթե նույնն է:  Փաստերի համադրումից  պարզ է դառնում, որ ոլորտում իրավիճակն այս պահի դրությամբ կայուն է: Բայց յուրաքանչյուր հաջորդ օր այն ավելի ու ավելի ծանր է դառնում: Եվ եթե այսպես շարունակվի՝ առողջապահության կազմակերպումն Արցախում գնալով անհնար է դառնալու:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ