Նոյեմբերի 21, 2024

Երբ թիրախավորվում են երեխաները. կամ ինչպե՞ս են երեխաները տուն վերադարձել

By Ասպրամ Ավանեսյան Հունվարի 18, 2023

Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դեմքերը փակած ներխուժել են երեխաներին տեսափոխող մեքենա և նկարահանել  նրանց։ Երեկվանից  երեխաների բաց դեմքերով տեսագրությունն ադրբեջանցիները տարածում են   մամուլում ու սոցիալական ցանցերում: Ադրբեջանի «էկոակտիվիստների» այս  պահվածքից վախեցած երեխաներից մեկն ուշաթափվել է։ Հոգեբանական տեռորն այսքանով չի սահմանապակվել. ճանապարհի փակված հատվածով անցնելիս, ադրբեջանցիները ցուցադրաբար բղավոցներ են հնչեցրել երեխաներին տեղափոխող մեքենաների ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Աիդա Գյանջումյանն էր երեխաներին Երևան՝ Եվրատեսիլին մասնակցելու տարել: Հայաստանում մնացել են 40 օրից ավելի: Արցախ վերադառնալու մասին հանկարծակի են իմացել,  հանգիստ էին. ռուս խաղաղապահները ուղեկցելու են նրանց: 

«Երբ Շուշիի մոտ կանգ առանք, ես երեխաներին ասում էի, որ անհանգստանալու կարիք չկա, եթե խաղաղապահներն են մեզ տանում, ուրեմն ամեն ինչ նորմալ է լինելու: Երբ ինչ-որ տեղ կանգ էինք առնում, խաղաղապահները գալիս էին դուռը թակում, ես բացում էի, ու ես էի միշտ փակում: Այդ անգամ երևի լավ չէի փակել, դրանք կարողացան շատ հեշտ բացել դուռը: Գլուխները ներս մտցրեցին, տեսախցիկները դրեցին ու սկսեցին նկարել: Այդ պահը, որ ռուսները նկատեցին, իսկույն եկան դրանց հրեցին դուրս և դուռը փակեցին: Այդքանը շատ արագ տեղի ունեցավ»: 

Երեխաներն իրենց ուժեղ են պահել՝ ասում է Աիդա Գյանջումյանը, կամ գուցե նրանց՝ տուն վերադառնալու ցանկությունն ավելի մեծ էր, քան վախը: Շուշիի մատույցներում երեխաներին բերող մեքենաները բավականին երկար ժամանակ կանգնել են: Անգամ մտածում էին, որ պետք է հետ դառնան: Դեպքից հետո երեխաները հարցնում են. «Տիկին Գյանջումյան մենք ուժեղ ենք, չէ՞»: Անմիջապես հետևեց պատասխանը. «Իհարկե՝ ուժեղ եք, մենք իրավունք չունենք թուլանալու». 

«Երբ արդեն քաղաքը երևում էր՝ քիչ լույսերով, կիսամութ, այնպիսի ցնծություն էր, այնպես էին «ուռա՜» անում, ծափահարում, որ այդ բերկրանքն արժեր այն ամեն ինչին, ինչի միջով անցել ենք մենք: Ասում էին՝ վա՜յ, տիկին Գյանջումյան, վերջապես հասնելու ենք Ստեփանակերտ: Վովկան ասում էր՝ գնալու եմ համբուրեմ հողը»: 

 Ծնողներն իրենց երեխաներին դիմավորել են կեսգիշերին մոտ։ Սպասումը  նախատեսվածից շատ է տևել: Մի քանի ժամ չեն կարողացել խոսել նրանց հետ, որովհետև հեռախոսներն անջատելու հրահանգ կար: Աստղիկ Ավանեսյանի մայրը՝ Արմինե Ավանեսյանը պատմում է, որ մի քանի ժամ անհանգիստ ու տագնապային վիճակում էին: 

«Եթե հաշվենք, որ նրանք դուրս են եկել 17:30-ին, պետք է գոնե ժամը 20:00-ին, կամ փոքր ուշ հասած լինեին, բայց արդեն ժամը 22-ն անց էր, 23-ն էր դառնում՝ երեխաներից լուր չկար: Բնականաբար, բավականին անհանգստացած էինք, փորձում էինք ինչ-որ տեղեկություններ իմանալ: Ուրախալի էր այն պահը, երբ երեխաները զանգեցին ու ասացին, որ բաց են թողել, գալիս են»:

 Աստղիկն, իհարկե, ուրախ է, որ տուն է եկել, բայց մայրը հայացքում տխրություն ու մտահոգություն է նկատել: Պատմում է, թե ինչքան տագնապ կար այն պահին, երբ «էկոակտիվիստները» փորձեցին ներխուժել մեքենա: Հիմա էլ չի հավատում, որ տուն է վերդարձել: 

«Դա հոգեբանական ծանր վիճակի մեջ էր դրել երեխաներին: Ինքը, թվում է, լավ է, ուրախ է, բայց մի փոքր առիթ պետք  եղավ, որ ինքը իր ամբողջ հուզմունքը դուրս թափի, դրանից արդեն հասկացվում է, թե ինչքան է երեխան լարված: Երբ իր ընկերուհին ուշագնաց եղավ, դրանից էր շատ հուզվել: Պատմում է, որ մութ էր, հեռախոսներն՝ անջատած, և երբ կանչեցին աղջկան ու նա ձայն չհանեց, այն ժամանակ հասկացան, որ ուշագնաց է եղել»:

 Փաստն Ադրբեջանում հերքում են կամ առնվազն խեղաթյուրված  ներկայացնում: Ադրբեջանական լրատվամիջոցները  գրում են, թե իբր «հայ երեխաներն անարգել անցել են Լաչինի ճանապարհով և հասել նշանակման վայր»: Երեխաների վերադարձը ներկայացվում է որպես «ապացույց», թե Ստեփանակերտ եկող ճանապարհը բաց է, իսկ  պնդումներն այն մասին, որ ադրբեջանական կողմը փակել է ճանապարհը և այն  անցնել ցանկացող հայազգի անձանց կյանքին ու առողջությանը վտանգ է  սպառնում՝   սուտ։ Մինչդեռ երեկ տեղի ունեցածը փաստում է, որ եռակողմ հայտարարությամբ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող ճանապարհին կան ադրբեջանցիներ, որոնք խոչընդոտում են այդ ճանապարհով ազատ տեղաշարժը: Սա այսօրինակ առաջին միջադեպը չէ: Նման մի դեպք էլ տեղի է ունեցել 2021թ սեպտեմբերին Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում: Ադրբեջանցիները կանգնեցրել էին «Լեռնային Արցախ» ֆուտբոլային թիմին տեղափոխող ավտոբուսը: Ավտոբուսին փակցված Արցախի դրոշը և խորհրդանիշները քերել  սվին դանակով։ Որևէ ֆիզիկական վնաս երեխաներին չեն հասցրել, բայց փորձել են հոգեբանական ճնշում գործադրել: Սա հերթական սադրանքն էր: Տեղի ունեցածն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն ահաբեկչություն է որակում:։ Այն  երեխաներին ահաբեկելու, նրանց հոգեբանական անձեռնմխելիության դեմ ոտնձգելու Ադրբեջանի հերթական գործողությունն էր: 

«Եթե երեխաների իրավունքների միջազգային կոնվենցիայի իմաստով մեկնաբանելու լինենք իրողությունը, ապա սա ոտնձգություն է երեխաների անձնական կյանքին, նրանց անձնական կյանքի կամայական ու անօրինական միջամտություն է և ոտնձգություն նրանց հեղինակության ու բարի համբավի նկատմամբ: Սա ահաբեկչական ակտ է, որը պետք է արժանանա երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույցների շատ խիստ ու հասցեական դատապարտմանը»: 

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը նամակներ է ուղարկում տարբեր կազմակերպությունների ներկայացնելով՝ դեպքի մանրամասները: Գեղամ Ստեփանյանը ակնկալում է նրանց շուտափույթ արձագանքը: Նամակներն ու հայտարարությունները կան, մինչև շաբաթվա վերջ պատրաստ է լինելու երեխաների իրավունքների խախտման վերաբերյալ Արցախի ՄԻՊ-ի զեկույցը: 

«Ամեն ձևով փորձում ենք իրազեկվածությունը բարձրացնել և նաև պարտադրել, որ միջազգային կազմակերպություններն էլ իրենց աշխատանքը կատարեն: Որպեսզի ոչ թե զուտ հռչակագրային իրավունքներ պաշտպանեն, այլ իրականում իրենց առաքելությանը հավատարիմ մնան: -Որքանո՞վ է դա հոջողվում, -Համենայն դեպս այս պահին բավարար գնահատական տալ չեմ կարող: Եթե 38 օր շարունակ նման հումանիտար նշանակություն ունեցող միջանցքը մնում է փակված, ուրեմն միջազգային հանրությունն, այս պահի դրությամբ, ձախողում է իր առաքելությունը»: 

Ադրբեջանն այս քայլով ևս մեկ անգամ ապացուցում է՝ Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը փակ է: Երեկ տեղի ունեցածը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն,  մարդու իրավունքների կոպտագույն խախտում: Ադրբեջանը հաջորդական քայլերով «ապացուցում» է, որ Արցախն Ադրբեջանի կազմում  ապագա չունի: Երեխաների նկատմամբ հոգեբանական տեռորը պետք է արժանանա համապատասխան արձագանքի ու պատժի, որովհետև  անպատժելիությունը ծնելու է նոր հանցագործություններ:

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ