Նոյեմբերի 23, 2024

ՄԻՊ տարեկան հաշվետվությունը Ազգային ժողովին

By Սրբուհի Վանյան Մայիսի 19, 2022
ՄԻՊ տարեկան հաշվետվությունը Ազգային ժողովին National Assembly

Գովեստներն իր հասցեին, Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով, պարտավորեցնող են, և ինքն անձամբ իրեն հանձնառու է համարում Արցախում Մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտի կայացման գործում։ Նաև պատրաստակամ է հաշվի առնել Խորհրդարանի առաջարկներն ու դիտարկումները՝ ուղղված ՄԻՊ գործունեության արդյունավետության բարձրացմանը։ 2021 թվականն Արցախի Հանրապետության համար առանձնացել է հետպատերազմական ժամանակահատվածին բնորոշ իրավիճակներով ու իրադարձություններով։ Այդ ամենը չէր կարող իր անդրադարձը չունենալ մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակի վրա, և,  Պաշտպանի գրասենյակը վերանայել է իր քայլերը՝ ներառելով գործունեության և՛  ուղղությունները, և՛ ձևերը, և՛ բովանդակությունը։ 

«2021 թվականին Պաշտպանի գործունեությունն ընթացել է հետևյալ ուղղություններով․Մարդու իրավունքների ու ազատությունների ենթադրյալ խախտումների  վերաբերյալ դիմումների ուսումնասիրություն, խոշտանգումների կանխարգելում, հաշմանդամների, երեխաների, բռնատեղահանվածների, խոցելի խմբերի անձանց իրավունքների պաշտպանություն, օրենսդրության կատարելագործում, Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախի ժողովրդի իրավունքների կոպտագույն խախտումների փաստահավաք աշխատանք և տարաբնույթ զեկույցների պատրաստում, Մարդու իրավունքների ու ազատությունների հանրային իրազեկում»։ 

Հաշվետու տարում Պաշտպանի գրասենյակը ստացել է 430 դիմում՝ 510 անձանցից։ 2021-ին ստացված դիմումները 20 տոկոսով ավելի են 2020 թվականին ստացված դիմումներից։ Ինչպես դիմումները, այնպես էլ ընդունելության և հեռախոսազանգերի միջոցով ստացված տեղեկատվությունն ուսումնասիրվել և ընթացքավորվել է՝ համագործակցելով պետական մյուս կառույցների հետ։ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ դրանց մեծ մասը սոցիալական իրավունքի տիրույթում էին։ Բայց կային նաև աշխատանքի, սեփականության իրավունքներին, տեղեկություններ ստանալու, կրթության, առողջության, արդար դատաքննության, տեղաշարժվելու և այլ իրավունքներին առնչվող դիմումներ։ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը բաց և թափանցիկ է աշխատում, ինչպես իր կողմից կատարված աշխատանքը հանրայնացնելով, այնպես էլ միջազգային կառույցներին զեկույցներ հղելով։

«Հաշվետու տարում ՄԻՊ֊ը հրապարակել է  «ԱՀ հայկական  մշակութային ժառանգությունը․  Ադրբեջանի կողմից կատարված վանդալիզմի դեպքերը և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգը» արտահերթ զեկույցը։ «Ադրբեջանի կողմից Գերեվարված հայ  զինծառայողների, քաղաքացիական անձանց կեղծ մեղադրանքների վրա հիմնված հետապնդումների և դատավարությունների վերաբերյալ» միջանկյալ զեկույցը, «Ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ միջանկյալ զեկույցի թարմացված տարբերակը։ Պատրաստված բոլոր զեկույցները տարածվել են ՄԱԿ-ում որպես պաշտոնական փաստաթուղթ»։

Որպեսզի այդ ոլորտներում Մարդու իրավունքերի խախտման դեպքերը նվազեցվեն, Գեղամ Ստեփանյանը ՄԻՊ գրասենյակի հետազոտությունների ու ուսումնասիրությունների արդյունքում ձևավորված առաջարկություններն է ներկայացնում։ 

«Դատական համակարգում առկա խնդիրների կարգավորման,  դատարանների գործունեության թափանցիկության բարձրացման նպատակով պետք է Արցախում ներդրվի դատական տեղեկատվական առցանց համակարգ։ Պետք է արձանագրել, որ միջնորդությունների ներկայացման և դատարանների կողմից բավարարման դեպքերը շարունակում են մեծ թիվ կազմել։ ՏԻՄ և պետական այլ մարմինների պաշտոնյաների կողմից պատշաճ վարչարարության իրականացման իրավունքի դեպքերը տարիների ընթացքում չեն նվազել։ Տեղեկություններ ստանալու իրավունքի վերաբերյալ առկա են նույն խնդիրները։ Հիմնականում մատնանշում են իրենց ծանրաբեռնվածությունը, մինչդեռ օրենսդրությամբ նախատեսված է համապատասխան ընթացակարգեր և ժամկետներ, որոնց խախտումների համար, ցավոք, ոչ ոք դեռ պատասխանատվության չի ենթարկվել»։ 

Արցախի Օմբուդսմանը նկատում է, որ այնուամենայնիվ, ՄԻՊ և պետական մյուս կառույցների համագործակցության արդյունքում դրական տեղաշարժեր նկատվում են, բայց դեռևս կան ավանդույթներ, որոնք մարդու իրավունքների խախտման պատճառ են դառնում։ Պատգամավորի հարցին ի պատասխան Գեղամ Ստեփանյանը Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի՝ այդ պաշտոնում նշանակվելուց հետո շուրջ 5 տասնյակ անձի՝ աշխատանքից ազատվելու և նրանց կողմից ՄԻՊ-ին ուղղված դիմումի վերաբերյալ մանրամասներն է ներկայացրել։

«ՄԻՊ֊ի կողմից Մարդու իրավունքների խախտման վերաբերյալ որոշումներն ինքնանպատակ չեն։ Դրանք կոնկրետ մարդկանց իրավունքների պաշտպանության՝ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ սահմանված երաշխիքներ ապահովելու  նպատակ են հետապնդում»։ 

Պատգամավորների հարցերին պատասխանելով` Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է հաղորդել Ադրբեջանի կողմից գերեվարված անձանց իրավունքների, տեղահանվածների խնդիրների մասին, ներկայացրել   ՄԻՊ գրասենյակի քայլերը՝ սեփական իրավունքների վերաբերյալ իրազեկվածության և հասարակության իրավագիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ։ «Խորհրդարանին ներկայացված տարեկան հաղորդումը ՄԻՊ-ի կողմից իրականացվող հսկայածավալ աշխատանքի ու Արցախում մարդու իրավունքի ինստիտուտի արդյունավետ գործունեության վկայությունն են, և Գեղամ Ստեփանյանը շարունակել է Արցախի օմբուդսմանի գրասենյակի լավագույն ավանդույթներն ու բարի համբավը», - այս կարծիքն են արտահայտել ՄԻՊ-ին հարցեր ուղղած պատգամավորները։

«Պարոն Ստեփանյան, պիտի ասեմ՝ կեցցեք։ Կեցցե՛ք, որովհետև այս հաղորդման մեջ ես ինձ տեսա, և բոլորը երևի կտեսնեն  իրենց։ Ահռելի, ոչ ձևական  աշխատանք եք կատարել»։

Պատգամավորները հետաքրքրվել են Մարդու իրավունքների գրասենյակի ռեսուրսներով՝ այդ թվում և մասնագիտական, կառույցի առավել արդյունավետ աշխատանքի կազմակերպման համար։ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ գրասենյակը բավարար ռեսուրս ունի։ Կա միայն միջազգային իրավունքի մասնագետի կարիք, և ՄԻՊ աշխատակազմը մասնագետի համալրում սպասում է առաջիկա ամիսներին․ Գրասենյակի պատվերով ՄԻՊ աշխատակազմի մասնագետներից մեկը ներկայում վերապատրաստվում է արտասահմանում։

Artsakh Public Radio
Last modified on Հինգշաբթի, 19 Մայիսի 2022 17:40
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ