Նոյեմբերի 21, 2024

Հումանիտար ճգնաժամ Արցախում․ արդյո՞ք հարցը միայն հումանիտար է

By Սրբուհի Վանյան Հունվարի 21, 2023

Բավարար չափով, թե ոչ՝ բայց հայկական դիվանագիտությունը փորձում է աշխարհին ներկայացնել այն, ինչ կատարվում է Արցախում Լաչինի միջանցքի փակման պատճառով, ու ներկայացվում է, կարծես, խնդրի միայն հումանիտար կողմը։Համենայն դեպս, այդպիսին է ընկալումը լրատվական դաշտում։ Բայց, արդյոք, խնդիրը միայն հումանիտա՞ր է, և հումանիտար ճգնաժամի վրա շեշտադրում կատարելով ստվերի տակ չե՞ն մնում այն հարցերը, որոնք քաղաքական լուծում են պահանջում։ Եվ հարցի քաղաքական լուծման համար ի՞նչ ռիսկեր ու սպառնալիքներ կարող է պարունակել խնդրի՝ միայն հումանիտար կողմը ներկայացնելու հանգամանքը։ Իրավաբան, միջազգային իրավունքի մասնագետ Տարոն Սիմոնյանը չի կիսում այս տեսակետը․

«Իմ համոզմամբ այդպես չէ, նաև քաղաքական պաշտոնյաների խոսույթում, այդ թվում և Արցախի իշխանությունների, խոսվում է, որ դա միայն հումանիտար ճգնաժամ չէ, այլ ավելի հեռուն գնացող էթնիկ զտման քաղաքականություն։»

Զրուցակիցս կարծում է, որ, այո, պետք է բարձրաձայնել, և հնարավորինս բարձր խոսել հումանիտար այս աղետի մասին, քանի որ սրանով Ադրբեջանն իրականացնում է էթնիկ զտման և ցեղասպանության ակտ։

«Սա ոչ միայն ճանապարհի փակում է, որն առաջացնում է հումանիտար ճգնաժամ, այլև էթնիկ զտումներին ուղղված քայլ, և երկարաժամկետ գործողությունների պլանավորման տեսակետից՝ ցեղասպանության ակտ։ Պատահական չէ, որ հունվարի 30-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում քննվում է նաև ՀՀ-ի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված հայցը  Լաչինի ճանապարհի փակման վերաբերյալ՝ ռասսայական խտրականության կոնվենցիայի շրջանակում»։

Սա նշանակում է, որ ճանապարհի փակումը չի դիտարկվում որպես   միայն հումանիտար ճգնաժամ, սա ռասսայական խտրականության, էթնիկական խնդիր է դիտարկվում նաև միջազգային հարթակներում։ Սա ցեղասպանություն է, քանի որ ստեղծվում են այնպիսի պայմաններ, որտեղ մարդկային կյանքի գոյությունն անհնար լինի։ Դա, իհարկե, ունի աստիճաններ, և դրա բարձրագույն աստիճանը ցեղասպանությունն է, ինչը միջազգային իրավունքում ունի իր բանաձևը։Եվ հենց այստեղ է, որ կիրառելի է «Անջատում հանուն փրկության» միջազգային նորմի սկզբունքը, որի էությունն այն է, որ եթե ազգային փոքրամասնության գոյությունը վտանգված է որևէ պետության կազմում, ապա որպես նրա փրկության միակ ելք մնում է նրա բնակության տարածքի անջատումը տվյալ պետությունից։

«Անջատում հանուն փրկության դոկտրինը ստեղծված է այն գաղափարի վրա, որ ինքնորոշվող ազգը դիմում է արտաքին ինքնորոշման, որովհետև մարդու նվազագույն իրավունքները չեն պաշտպանվում ինչ-որ պետության կողմից, որը վերահսկողություն ունի այդ տարածքում»։

«Եթե մարդու նվազագույն իրավունքերը չեն պաշտպանվում, այդ թվում՝ վտանգի տակ է կյանքի իրավունքը, ապա այլ բան չի մնում, քան դիմել արտաքին ինքնորոշման իրավունքին»,-ասում է, ինչն Արցախի ժողովուրդն արել է 1991 թվականին, ապա և ինքնապաշտպանության միջոցով կարողացել է հասնել հաջողության։

«Այլ բան է, որ 2020 թվականի ագրեսիայի հետևանքով  Արցախի տարածքների մեծ մասն օկուպացվեց, և մենք նորից պետք է սկսենք ինչ-որ առումով զրոյական կետից․  թե աշխարհին համոզենք, որ Ադրբեջանը ցեղասպան քաղաքականություն է վարում, և այս ճանապարհի փակումն ու հումանիտար աղետն էլ փաստ է,  և թե հիմք բերենք Ադրբեջանի գործողությունները Անջատում հանուն փրկության դոկտրինի կիրառման համար»։

Բայց միայն այս դոկտրինը չէ, որ պետք է կիրառվի և կարող է օգտակար լինել Արցախյան հարցի համար, քանի որ Արցախի հարցը միայն մարդու իրվունքերի հարց չէ, այլև տարածքի, և այստեղ է, որ քաղաքական գործիչները պետք է ճիշտ աշխատեն և չկենտրոնանան միայն իրավունքների վրա։ Կատարվու՞մ է, արդյոք, բավարար աշխատանք այդ ուղղությամբ։ Տարոն Սիմոնյանն ասում է, որ կարող է և պետք է կատարվի ավելին։

«Այդ աշխատանքերով կարող է զբաղվել Հայաստանի հանրապետությունը՝ ի դեմս կառավարության։ Քայլեր կատարվում են, բայց դրանք բավարար չեն։ Առկա դիվանագիտական-իրավական զինանոցը մեծ հնարավորություններ է տալիս։ Օգտագործվում է դրա մի որոշ հատվածը»։

Ըստ քաղաքագետի, պետք է դիվանագիտական ու իրավական ամբողջ զինանոցն օգտագործել՝ հասնելու դրան։ Կան մի քանի կոնվենցիաներ, որոնց շրջանակում պետք է Ադրբեջանին կանչել պատասխանատվության դաշտ, բայց հապաղում կա։ Հանուն արդարության  պետք է ասել, որ մեկ-երկու կոնվենցիայի շրջանակներում դատական գործընթաց սկսվել է՝ ասում է, այնուամենայնիվ, դրանք համարելով ոչ բավարար։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ