Մարտակերտի շրջանի «Ցեխ-ձոր» տեղանքի ճանապարհահատվածը, Ականաբերդ գյուղից դեպի հիմնական մայրուղի տանող ճանապարհը, «Բովուրխանի» ոլորանները, Մարտունու շրջանի Բերդաշենի ճանապարհը, Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի տարածքը. ձյան առատ տեղումների պատճառով դժվարանցանելի են դառնում հանրապետության հիմնականում այս հատվածները: Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը պարբերաբար տեղեկացնում է՝ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին: Մաքրման աշխատանքները մեկնարկել են այն պահից, երբ սկսել է ձյուն տեղալ՝ ասում է ԱՀ քաղաքաշինության աշխատակազմի ճանապարհաշինության քաղաքականության բաժնի պետ Մհեր Համբարձումյանը: Ստեփանակերտ-Դրմբոն, Դրմբոն-Մարտակերտ, Ճանկաթաղ-Մարտակերտ, Ստեփանակերտ-Ասկերան, Ստեփանակերտ-Ննգի-Մարտունի ներպետական ճանապարհների ձնամաքրման աշխատանքներն իրականացրել է «Արցախուղի» ՓԲԸ-ը: Ստեփանակերտ-Սարուշեն-Կարմիր Շուկա ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներն էլ իրականացրել է «Վահե Կարապետյան» ՓԲԸ-ը:
«Կազմակերպությունների կողմից անցած երեք օրվա ընթացքում իրականացվել են ձնամաքրման աշխատանքներ: Այն հատվածներում, որտեղ առկա է մերկասառույց, աղաավազային խառնուրդ ենք ցանել: Հանրապետությունում այս պահին փակ և դժվարանցանելի ճանապարհներ չկան: Դեպի մայրուղի տանող ճանապարհներին, որտեղ մերկասառույց է առաջացել, ահազանգերի պարագայում, օրվա առաջին կեսին աղաավազային խառնուրդ են ցանվել»:
Դժվարանցանելի ճանապարհներից միայն մեկի սպասարկումը չեն կարողացել ապահովել՝ ասում է Մհեր Համբարձումյանը:
«Աշխատանքներ չեն իրականացվել միայն Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհահատվածում: Կեղծ էկոակտիվիստների՝ ճանապարհը փակելու պատճառով «Վահե Կարապետյան» ընկերությունն այտեղ աշխատել չկարողացավ»:
Ամբողջ հանրապետությունում ձնամաքրման և աղաավազային խառնուրդի ցանման աշխատանքներ են իրականացրել 4 մեքենա, յուրաքանչյուրը՝ տարբեր ուղղությամբ: Շահագործվում են միայն դիզվառելիքային շարժիչով աշխատող մեքենաները: Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելը նաև այլ խնդիրներ է առաջացրել. Մհեր Համբարձումյան:
«Աղի պակասություն ունենք, եթե ավելի առատ ձյուն տեղա, սառնամանիքները շատանան, չի հերիքելու: Բլոկադայի պատճառով աղը չենք կարողանում Հայաստանից բերել: Ներկա պահին կա, բայց սպառումը շատ է, չի հերիքելու»:
Դրական կողմերի մասին. այս անգամ ոչ թե բլոկադայի պատճառով, այլ շնորհիվ հանրապետությունում քչացել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Սա ոլորտում, թերևս, միակ դրական կողմն է՝ ասում է ԱԻՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Հայկ Ավանեսյանը:
«Քանի որ այս պահին Արցախը գտնվում է շրջափակման մեջ, և ունենք դիզվառելիքի հետ կապված լուրջ խնդիրներ, նաև գազամատակարարումը խափանվել է, մեքենաների տեղաշարժը միջշրջանային և միջհամայնքային ավտոճանապարհներով քիչ է, ըստ այդմ դեպքեր և պատահարներ վերջին շրջանում, բարեբախտաբար, չեն գրանցվել»։
Եթե լինում են դեպքեր, պատահարներ՝ փրկարարները օգնության աշխատանքներ են իրականացնում, ոստիկանությունը՝ համապատասխան գործողություններ։ ԱԻՊԾ-ն վարորդներին խորհուրդ է տալիս տարվա այս սեզոնին, երբ ճանապարհներին մերկասառույց է, երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում: Երթևեկելու դեպքում էլ պետք է խստորեն պահպանել անվտանգության կանոնները և երթևեկությունը կազմակերպել ձմեռային անվադողերով՝ պատահարներից և դժբախտ ելքով դեպքերից խուսափելու համար։ ՆԳՆ ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ներգրավված են նաև ձնամաքրման աշխատանքներում: Ծառայությունը սերտ համագործակցում է շրջվարչակազմերի և Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ: