Նոյեմբերի 22, 2024

Արցախի ոստիկանությունն այսօր դարձավ 21 տարեկան

By Մարգարիտա Ղոււշունց Նոյեմբերի 30, 2022

Հանրապետության նախագահի գլխավորությամբ բարձրաստիճան պաշտոնյաներ ծաղիկներ են խոնարհել հայրենիքի պաշտպանության մարտերում  ոստիկանության անմահացած ծառայողների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հուշանկյան պատվանդանին: Օրհներգ, մեկ րոպե լռություն. պարտադիր այս մեկնարկից հետո արդեն սկսվեց մասնագիտական օրվան նվիրված պաշտոնական միջոցառումը: Երկրի ղեկավարը, շնորհավորական խոսքում կարևորելով համակարգի աշխատողների գործունեությունը պատերազմի ու խաղաղության պայմաններում, նշել է, որ երկրի անվտանգության ապահովման գործում ոստիկանները մեծ դեր ունեն: 

«Առաջին հերթին մեր ապագան պայմանավորված է ոստիկանության գործունեությամբ: Եթե մենք արտաքին վտանգների առումով ունենք այլ երաշխիքներ, ապա ներքին մեր անվտանգությունը, որը հենց երկրի հիմքն է,  պետք է հաջողի նաև ապագայում, քանի որ դա կարևոր և առանցքային ծառայություն է:  Պետք է պահպանել ներքին անվտանգությունը: Պետք է լինենք օրենքի նկատմամբ շատ խիստ, խստապահանջ կատարենք օրենքի պահանջները: Պետք է պատժվեն նրանք, որոնք փորձում են խարխլել մեր պետության հիմքերը և փորձում են խանգարել այս ծանր շրջանում մեր երկրի ներքին անդորրը»:

 Անցած տասնամյակների ընթացքում համակարգում բազմաթիվ փոփոխություններ են եղել՝ սկսած խորհրդային միլիցիայի տարիներից մինչև ՆԳ նախարարության առաջ բերած բարեփոխումներ: Բայց ոստիկանության ծառայողի գործառույթը անփոփոխ է մնացել. այն է՝ պահպանել կայուն հասարակական կարգը, վերահսկել հանրապետության օպերատիվ իրավիճակը, անզիջում ու համակարգված աշխատանքներ իրականացնել հանցավորության դեմ պայքարում:  ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն է  շնորհավորում համակարգի աշխատողներին:  Գաղտնիք չէ, որ ոստիկանները շատ հաճախ  կյանքին և առողջությանը սպառնացող պայմաններում են իրականացնում իրենց գործառույթները: Արցախյան երրորդ պատերազմում ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմից անմահացել են 11 ծառայող: Մեզ առաջ է մղում այն գիտակցումը, որ մահը քաջերի հարությունն է՝ ասում է նախարարը: 

«24 ժամ շարունակ Արցախի ոստիկանը բնակչության կողքին է: Մեր հայրենակիցներն էլ գիտեն, որ նա իրավակարգի, իսկ հարկ եղած դեպքում՝ առաջնագծի մարտիկ է: Երախտագիտության խոսքս եմ հղում արտաքին ծառայություն իրականացնող ստորաբաժանումների աշխատակիցներին: Հանրությունը ձեզանով է ընկալում և չափում ամբողջ համակարգի գործառույթը: Շնորհակալություն օպերատիվ ստորաբաժանումների ծառայողներին: Գիշեր ու զօր նրանք պայքար են մղում հանցավորության դեմ: Այդ աշխատանքը հաճախ դուրս է մնում հանրության տեսադաշտից, բայց արժանի է մեծ գնահատանքի: Համագործակցության համար Ներքին գործերի նախարարության անձնակազմի և անձամբ իմ անունից շնորհակալություն եմ հայտնում երկրի օրենսդիր, գործադիր և դատական իշխանություններին, զինված ուժերին, ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը, իրավապաշտպան կազմակերպություններին, Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգին և Արցախի ոստիկանության վետերաններին»: 

Կարեն Սարգսյանի խոսքով՝ արդյունավետ բարեփոխումների իրական ճանապարհով երկրի բարձրագույն իշխանությունը և ՆԳ նախարարությունը այսուհետ ևս անելու են հնարավորը՝ ոստիկանի հեղինակության բարձրացման, ոստիկանության ծառայողի գիտելիքների կատարելագործման ուղղությամբ: Ոստիկանության համար կարևոր է Արցախի կառավարության և ՆԳՆ նախարարության աջակցությունը՝ համակարգում կատարվող բարեփոխումների համար: Ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի խոսքով՝ կադրային, տեխնիկական և մասնագիտական վերազինումն ավելի է բարձրացնում կառույցի հեղինակությունը: 

«Ուրախ եմ արձանագրել, որ հատկապես վերջին տարիներին հասարակության վստահությունը ոստիկանի հանդեպ մեծացել է: Սա, միանշանակ, նվիրված աշխատանքի արդյունք է, քանի որ ոստիկանի ուսերին է դրված հասարակական կարգի պահպանության, երկրի ներքին անվտանգության ապահովման, հանցագործությունների կանխման, բացահայտման և անվտանգ միջավայր ձևավորելու պատասխանատու գործը։ Հանրապետությունում օրեցօր ընդլայնվում է ոստիկանության ներկայությունը: Սկսած սահմանամերձ բնակավայրերից՝ պարեկային ծառայությունն արդեն դարձել է ոստիկանության կայացած օղակներից մեկը։ Համակարգի կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների աշխատանքն արագ ու օպերատիվ կազմակերպելու և արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ՝ բոլոր ծառայությունների գծով գործուն մեխանիզմներ արդեն ձեռնարկվել են։  Սիրելի՛ գործընկերներ, յուրաքանչյուրիս վարքագիծն ու կերպարը  ոստիկանության ընդհանրական կերպարի ու բարոյականության մի մասն է: Մեր բարեվարքությամբ ու օրինակով արժանի լինենք մեր ժողովրդին: Մասնագիտական օրվա առթիվ ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, մաղթում քաջառողջություն, նորանոր հաջողություններ»:

 Միջոցառմանը համակարգի մի խումբ աշխատակիցներ նախագահի, պետնախարարի, ՊՆ և ՆԳ նախարարների, ԱՀ և ՀՀ ոստիկանապետերի ու այլ գերատեսչությունների ներկայացուցիչների կողմից արժանացել են բարձր պարգևների: Օրվա առթիվ  համակարգի մի խումբ ծառայողների հյուրընկալել և պարգևների է արժանացրել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը :

 
 
Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ