Ադրբեջանական մարտական դիրքերից երեկ կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ. քաղաքացուն հաջողվել է փրկվել: Այս մասին հաղորդագրություն է հրապարակել Արցախի Հանրապետության ՆԳՆ ոստիկանությունը: «Օգոստոսի 15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Ավդուռ գյուղի վարչական տարածքի Գոմեր կոչվող տեղամասում` հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով ժամը 19:30-ի սահմաններում կրակել են հացահատիկահավաք կոմբայնի ուղղությամբ, որը վարում էր Մյուրիշեն գյուղի բնակիչ Մ.Ա.-ն: Նրան հաջողվել է փրկվել, վնասվել է միայն կոմբայնը»,-ասվում է հաղորդագրությունում: Ոստիկանությունից նշում են ,որ Կրակոցների պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները: Հաղորդումը փոխանցվել է ռուսական խաղաղապահ զորակազմին: