Ստեփանակերտում առավոտյան մեկնարկել է կտրոնների բաշխման գործընթացը՝ արդեն ընդլայնված ցանկով։ Հնդկաձավարի, բրձնի, շաքարավազի, ձեթի ու մակարոնեղենի կտրոններին ավելացել են մրգի, բանջարեղենի, ձվի ու լվացքի փոշու կտրոննները։ Այսօր առավոտից սպասարկման կետերը սկսել են աշխատանքը։ Նախորդ ամսվա համեմատ այս անգամ տեղամասերում հերթեր չեն նկատվել։
«Ամեն ինչ կարգ ու կանոնով ընթանում է, եկել եմ կտրոնը ստացել, հիմա էլ գնում եմ։ Նախորդ անգամվա տված կտրոններով արած առևտուրը, ճիշտն ասած բավարար էր, այս մեկը ավելի շատ է, մենք երկու հոգի ենք մեզ լավ բավարարում է»,- քաղաքացին է, որ եկել էր ստանալու իր ընտանիքին հասանելիք կտրոնները։ Իսկ տեղամասում աշխատող օպերատորները և սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարության ներկայացուցիչը հաստատում են ասվածը։
«Նախորդ անգամվա համեմատ այս անգամ հերթեր գրեթե չեն գոյանում, պատճառը երևի այն է, որ նախնական բազան արդեն ունենք, ըստ որի միայն անձնագրի տվյալներն ենք մուտքագրում․ նախորդ անգամ գրում էինք որտեղ է աշխատում, ինչով է զբաղված և այլն»։
«Առավոտյան ժամը 9-ին սկսել ենք աշխատանքները։ Շաբաթ, կիրակի և երկուշաբթի օրերին սպասարկելու ենք քաղաքացիներին։ Քաղաքացին կարող է ներկայանալ մի քանի անձնագրով՝ կտրոնները ստանալու համար։ Նախորդ փորձից ելնելով՝ այս անգամ ամեն ինչ ավելի կազմակերպված ու հանգիստ է ընթանում»։
Ստեփանակերտում այժմ գործում է 18 սպասարկման տեղամաս նախկին 19-ի փոխարեն․ չի սպասարկելու Կնունյանց փողոցում տեղակայված սպասարկման կետը, մյուս տեղամասերը գործում են ըստ կարգի՝ աշխատանքը հարմարեցնելով էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների գրաֆիկին՝ «Արցախ» լրատվականին հայտնել է Բնակարանային հարցերի կոմիտեի ներկայացուցիչ Զինա Գասյանը։
«Ճիշտն ասած, կտրոնների բաշխման առաջին գործընթացի ժամանակ են առաջացել դժվարությունները, այս պահին աշխատանքները համակարգելը ավելի հեշտ է, որովհետև համապատասխան ամբողջ բազան ունենք։ Այսպես խուսափում ենք հերթերից ու աշխատանքը նորմալ կազմակերպում»։
Շրջաններում սակայն, կտրոնների տրամադրման գործընթացը դեռևս չի մեկնարկել։ Զինա Գասյանի խոսքով՝ Մարտակերտի, Մարտունու և Ասկերանի վարչակազմերի ղեկավարները ստացել են անհրաժեշտ քանակությամբ կտրոններ, իսկ բաշխման գործընթացը կհամակարգվի համայնքների պատասխանատուների կողմից։