Վարդ, կակաչ, նարգիզ, մեխակ, կակտուս, մոր սիրտ, փողի ու երջանկության ծաղիկներ, գիշերային գեղեցկուհի․ Ռաիսա Պողոսյանի տանն ու բակում լիարժեք գարուն է։ Տարատեսակ ծաղիկների մի մասն արդեն ծաղկել է, մի մասն էլ սպասում է արևոտ ամռանը։ Ամռանն է սպասում նաև գիշերային գեղեցկուհին, նրան այդպես է կոչել ինքը՝ ընկեր Պողոսյանը։ Վաստակաշատ ուսուցչուհին, որ մի ողջ կյանք չոր թվերի հետ է աշխատել, սիրում և խանդավառությամբ է խոսում ծաղիկների մասին, հաճախ նաև նոր անուններ տալիս դրանց։
«Ես մանկուց ծաղկասեր եմ եղել, մանկուց նաև բնությունն եմ սիրել»։
Մանկուց սիրել է նաև արշալույսները, որ բացվում էին Սպիտակաշենի իրենց տնից՝ ամեն օր տարբեր, բայց միշտ գունեղ ու տրամադրող։ Բերդաշենի իրենց տնից, որտեղ նա հարս է եկել տասնյակ տարիներ առաջ, արշալույսները չեն երևում։ Բայց տարիների հետ նա ավելի ու ավելի է սկսել մտածել արշալույսների մասին, սպասել դրանց, զգալ կարիքը, հավատալ հայոց երկնակամարի վառ արշալույսին։ Ինչպես արցախյան գրեթե բոլոր ընտանիքներում, Աղաբեկյանների ընտանիքում էլ խոսակցության թեման Արցախում և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն է։ Զրույցի թելը հաճախ է ներկայից ապագա ու անցյալ հասնում՝ փոխելով տրամադրությունն ու նույնիսկ ձայնը։ Դպրոցական տարիներն առանձնակի ոգևորությամբ է հիշում։
«Ասում են՝ հիմա դժվար է դասավանդելը, հիմա դժվար է երեխաների հետ աշխատելը։ Ես էլ ասում եմ՝ երբ չի դժվար եղել, սերունդը փոխվում է, պիտի սերնդի հետ մոտեցումներդ էլ փոխես։ 70-ական թվականների երեխաները ու 90-ական թվականների երեխաները նո՞ւյնն են, իհարկե՝ ո՛չ։ Դու պետք է հասկանաս սերնդին»։
Ռաիսա Պողոսյանի ամուսինն էլ՝ Արարատ Աղաբեկյանը, նույնպես մաթեմատիկայի ուսուցիչ էր։ Ընտանիքում, սովորաբար, վեճեր չեն լինում, թե ով է ավելի լավ տիրապետում առարկային։ Կինն ասում է․
«Ընկեր Աղաբեկյանը շատ խելոք է, ափսոս, որ ընդամենը 10 տարի է իր գիտելիքները երեխաներին փոխանցել»։
«Մաթեմատիկան բոլոր գիտությունների արքան է ու ծառան»․ այսպես է ներս մտնողին դիմավորում Բերդաշենի Մոնթե Մելքոնյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի դասասենյակը։ Սա նաև ամուսինների նշանաբանն է, որով առաջնորդվել են մանկավարժությամբ զբաղվելու տարիներին։ Վաստակաշատ ուսուցչուհին թոշակի է անցել 2012թ․, բայց մինչև հիմա չի թողել մաթեմատիկան։ Պարապում է գյուղի երեխաների, նաև թոռների հետ։ Չի՞ հոգնում հարցին բազմանշանակ ժպտում է․ մաթեմատիկան իր տարերքն է։ Ռաիսա Պողոսյանի մտահոգությունը մեկն է․ փոխվել է կրթության հանդեպ վերաբերմունքը։
«Երբ 5-րդ կամ 6-րդ դասարանի դասագիրքը առաջին անգամ փոխեցին, ես ուսումնասիրեցի այն և գնացի մեր ուսմասվարին ասացի, որ ես հին գրքերով եմ դասավանդելու։ Ասացի, որ նոր գիրքը չեմ հավանում, ասացի, եր եթե գան ստուգման ես պատասխանատու եմ։
-Այսինքն նորարարությունը բոլոր ժամանակներում էլ չի ընդունվե՞լ։
-Եթե նորարարությունը ճիշտ տրվի՝ կընդունվի։ Մենակ մաթեմատիկայի դասագրքերի հետ չէ խնդիրը, բոլոր հետագա փոփոխությունների հետևանքն այն էր, որ հիմա ուսումը այդքան ցածր մակարդակի վրա է դրված»։
Գյուղում ամուսիններին բոլորը ընկեր-ով են դիմում․ մեծից մինչև փոքր, անկախ նրանից՝ դասավադե՞լ են իրենց, թե՞՝ ոչ։ Ընկեր Պողոսյանն ասում է, որ ուսուցչի հանդեպ վերաբերմունքը ժամանակի ընթացքում փոխվել է։ Ասում է ու վերհիշում Մուշկապատում տեղի ունեցած մի դեպք․
«Առաջին սեպտեմբերի 1-ին գնում էի դպրոց, գյուղամիջում մի պապիկ էր նստած, բարևեցի, նա էլ պատասխանեց՝ բարև Վարժուհի։ Հիմա ոչ ոք ուսուցչի հանդեպ այնպիսի հարգանք չունի, ինչպին այն պապիկը։ Նա կարծես մեծարեր ուսուցչին։ Այդ դեպքից հետո այլևս ինձ ոչ ոք այդպես չդիմեց»։
Այսպես՝ անցյալի ու ներկայի միջև զուգահեռներ անցկացնելով՝ ամուսինները մտորում ու երազում են լուսավոր ապագայի ու նոր արշալույսների մասին՝ շարունակելով մշակել իրենց այգին, վիճել ծաղիկների մասին, խնամել ելակները և անցնող-դարձողին ուրախացնել ծաղիկներ նվիրելով։ Իսկ այսօր՝ մեռելոցին, այդ նույն ծաղիկներից ընկեր Պողոսյանը քաղել ու տարել է Արցախյան պատերազմում զոհված իր որդու գերեզմանին։