Նոյեմբերի 21, 2024

Բիզնեսը՝ ազգային մշակույթի պահպանման միջոց ու նպատակ

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 14, 2021

Փոքր, կոլորիտային սենյակ՝ աթոռ-սեղաններով. պատերից կախված են արցախյան զարդեր, ձեռագործ աշխատանքներ, երաժշտական գործիքներ, պաստառներ, որոնց հեռվից նայելիս էլ Արցախ ես պատկերացնում։ Այսպիսին է «Թումանյան Արթ Գինետունն» առաջին հայացքից, որտեղ գրեթե միշտ հնչում է տրամադրող երաժշտություն։ Արցախյան կոլորիտով ռեստորան ունենալու միտք Քրիստին Բալայանը վաղուց ուներ։ Այն կյանքի կոչեց պատերազմից մեկ տարի անց՝ մեզ հետ զրույցում պատմում է Քրիստին Բալայանը։ 

«Նախաձեռնության միտքը վաղուց ունեինք։ Մտածում էինք տուն կառուցել, որի առաջին հարկում սրճարան կլիներ։ Երբ սուրճ էինք խմում, թխվածքաբլթներ էի պատրաստում և անպայման ուզում էի կանչել ընկերներիս, բարեկամներիս, միշտ մտածում էի, այնպիսի մի տեղ լինի, որ եփեմ, թխեմ, սարքեմ։ Սկզբից որոշել էինք սրճարան բացել, ճաշացանկը հստակեցնելուց հետո՝ ռեստորան դարձավ»։

Ռեստորանի խոհանոցում Քրիստին Բալայանն է։ Այստեղ նա և տեր է, և խոհարար, և կազմակերպիչ։ Իր աշխատանքից գոհ է։ Ասում է՝ հաճախորդներն էլ են գոհ։ 

«Հասկանալի է, որ ժողովրդի տրամադրությունը հիմա այն չի, ինձ թվում է սա այն տեղն է, որտեղ մարդիկ կարող են գալ, իրար հետ կիսվել, խոսել լավի մասին, վատի մասին»։ 

Ռեստորանում նաև ներկայացված են արցախյան ապրանքատեսակներ։ Վաճառքի են հանված հիմնականում Հայ բարեգործական ընդհանուր միության կազմակերպած «կին ձեռներեցներ» ծրագրի շրջանակում հաղթած ապրանքատեսակները։ 

«Սա Գայանե Մանգասարյանի թեյեր, չիրերն են։ Բոլորը մեր տեղական արտադրանքներն են։ Սրանք մեր պայուսակներն են։ Մի քիչ հեռու տեղական սերկևիլից մուրաբաներ ու ջեմեր են՝ պատրաստված են լիմոնով, ընկույզով, կոճապղպեղով։ Սրանք տնական կոմպոտներ են, բոլորն են պատրաստվել են Արցախում»։

 Ռեստորանում պատրաստվող ուտեստների համար օգտագործվող գյուղմթերքը բերվում են մեր գյուղերից՝ դրանով իսկ նպաստելով գյուղական տնտեսությունների զարգացմանը՝ ասում է տիկին Բալայանը։ 

«Կաթնամթերքն, օրինակ, Հաթերքից ենք առնում, այնտեղ մի մարդ կա արտադրում է, մենք էլ առնում ենք։ Փախլավան Խնաբադից ենք առնում, պատրաստում է բազմազավակ ընտանիքի մայր։ Մրգային չիրերն էլ «Նախշուն» թեյերից ենք վերցնում, այն կարող են նաև որպես նվեր տանել, և՛ համով է, և՛ էկոլոգապես մաքուր»։ 

Քայլում ենք ռեստորանի բակով։ Զրուցակիցս ցույց է տալիս պոլիէթիլենով պատրաստված փոքրիկ խցիկները, որոնք առանձին հետաքրքրություն են ներկայացնում հաճախորդների համար։ Իսկ առջևում նոր գաղափարներ են։ Քրիստին Բալայանն այժմ մտածում է մոտակայքում մսուր-մանկապարտեզ ստեղծելու մասին։

Artsakh Public Radio
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ