Կարմիր շուկայի վերին թաղում իրար կողքի կանգնած են մի քանի միանման տներ։ Այդ տներում ժամանակավորապես հանգրվանել են Մարտունու և Հադրութի շրջանների՝ թշնամու կողմից բռնազավթված բնակավայրերից տեղահանված ընտանիքներ։ Տների հանդիման բլուրների շղթան իրարից բաժանում է Հադրութի և Մարտունու շրջանները։ Այդ բլուրների հետևում է գտնվում Ազոխ գյուղը։ Այդտեղից են Կարմիր շուկա տեղահանվել տարեց ամուսիններ Վալերիկ ու Արշալույս Սարդարյանները։ Նրանց տան բակը մշակված է, ամեն հատվածում երևում են տնկիներ և սածիլներ, փոքր և մեծ ջերմոցներ։ Բակից հյուրասենյակ մտնելիս հյուրերին առաջինը դիմավորում է ընտանիքի ավագ որդու սև-սպիտակ լուսանկարը, ով զոհվել է Առաջին արցախյան պատերազմում։ Ծանրագույն կորուստը վերապրել օգնել է մյուս զավակներին խնամելու պատասխանատվությունը։ 44-օրյա պատերազմին վիրավորվել են միջնեկ որդին և թոռը, սակայն ապաքինվելուց հետո կրկին վերադարձել են ծառայության։
«Մեծ տղաս ընդունվել է Ստեփանակերտի ինստիտուտի քիմկենսաբանական բաժինը։ 1992 թվականին, երբ կռիվն սկսվեց՝ երկրորդ կուրսում էր։ 1992 թվականի օգոստոսի 19-ին․․․ զոհվել է․․․ ու այդ օրվանից իմ կյանքն ուրիշ կերպ է դարձել։ Ինչևէ․․․ Կյանքը շարունակվում է, երեք երեխաների համար պիտի ապրեինք, պիտի մեծացնեինք, պիտի իրենց երազանքին հասցնեինք։ Այդպես շարունակվել է մեր կյանքը։ Թոռնիկներս արդեն բանակում ծառայել են, հիմա պայմանագրային են։ 20 թվականի պատերազմին էլ թոռներիցս մեկը, աղջկաս տղան, վիրավորվել է։ Միջնեկ տղաս է վիրավորվել, բայց փառք աստծո, հիմա առողջ են, նորից ծառայում են բանակում։ ՈՒ այդպես, կյանքը շարունակվում է»։
Պատերազմի օրերին ընտանիքը տեղափոխվել է Երևան, այն հույսով, որ շուտով վերադառնալու են հարազատ գյուղ։ Պատերազմից հետո ընտանիքի անդամները տեղափոխվել են Ստեփանակերտ, իսկ նրանցից մի քանիսը՝ Ստեփանակերտից արտասահման։ Սակայն ամուսիններն ամուր կապված են Հայրենիքին։
«Երբ 20 թվականին տեղահանվել ենք, բոլորս գնացել ենք Երևան։ 17 հոգով ամուսնուս հորաքրոջ որդու տանն ենք մնացել։ Հույս ենք ունեցել, որ հետ ենք դառնալու, այդտեղ չենք մնալու։ Խոխեքը մեկը մյուսի հետևից բոլորը տեղափոխվել են Ստեփանակերտ։ Բայց քանի որ բոլորս միասին էինք, կարծես ամենաերջանիկ կյանքն էր։ Թոռս եկել է Ստեփանակերտ, հորն է ձայն տվել՝ «պապա, մենք այստեղից չենք գալու, դուք էլ եկեք»։ Պապան գնացել է, ինքն էլ կնոջն է ձայն տվել, թե՝ արի։ 3 հերթով էինք սեղան նստում։ Հետո մեկ առ մեկ, ծիծեռնակի պես, բնից թռչել են, մնացել ենք մենք երկուսով»։
Հարազատ գյուղը միաժամանակ այդքան մոտ է և այդքան հեռու։ Գյուղական առօրյան երբեմն մոռանալ է տալիս անցած փորձանքները, սակայն հարազատ գյուղի կարոտը երբևէ չի լքում։ Այնտեղ է մնացել նաև որդու գերեզմանը։
«Դե, գյուղը գյուղ է, բայց շատ բան ենք կորցրել։ Ճիշտ է՝ նույն հողն է, նույն գործերն են, նույն գյուղական գործերն են, որ անելիս ենք եղել, բայց մեր գյուղը մեզ համար ուրիշ էր։ Ծննդավայրը չես կարող ոչ մի բանի հետ փոխել։ Ամենաթանկս թողել եմ այնտեղ․․․»։
Այդուամենայնիվ, ամուսիններն իրենց սրտում պահում են վճռականությունը և հավատն առ այն, որ իրերի դրությունը փոխվելու է, և հարազատ գյուղը կրկին ազատ է լինելու։ Եվ միայն Արաքսից մինչ Մռավ բռնազավթված տարածքների ազատագրումով կվերաիմաստավորվեն այն բոլոր կորուստները, որ ունեցել են Սարդարյանները և նրանց ընտանիքի պես հազարավոր այլ ընտանիքներ ամբողջ Հայաստանում։