Հունվարի 1-ից ԱՀ առողջապահության համակարգի աշխատողների աշխատավարձերը կբարձրանան 15-20 տոկոսով: Այս մասին երեկ հայտարարել է ԱՀ Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի և սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե-2022-ի նախագծի լրացուցիչ քննարկումների ժամանակ: Աշխատավարձերի բարձրացումը նախատեսվում է անկախ նրանից` ԱԺ-ն կհաստատի՞, թե՞ ոչ՝ քննարկվող՝ բոնուսային համակարգի ներդրման վերաբերյալ կառավարության ներկայացրած առաջարկը:
«Նախատեսում ենք աշխատավարձի 15% բարձրացում բժիշկների, և 20%՝ միջին բուժաշխատողների համար: Այդ ավելացումը բոնուսային համակարգի հետ որևէ կապ չունի»:
Նիստի ընթացքում քննարկվել են առողջապահության ոլորտում որոշ ծրագրերի, մասնավորապես՝ նախատեսվող բոնուսային համակարգի վերջնական մշակման մասին հարցերը։
«Քանի որ անցնում ենք լրիվ անվճար առողջապահության ԱՀ բոլոր քաղաքացիների համար, և անպայման պետք է աշխատենք որակի վրա: Այդ որակը պահելու համար որոշել ենք ներկայացնել մի ծրագիր, որն ընդունվելու դեպքում բժիշկը և մյուս բուժաշխատողները վարձատրվեն ըստ աշխատանքի: Այսինքն՝ յուրաքանչյուր կատարված աշխատանքից նա բոնուս կստանա»:
Նախարարը նշել է, որ բոնուսային համակարգի ներդրման հիմնական նպատակը 2022 թվականի հունվարի 1-ից հանրապետությունում մեկնարկող անվճար բուժօգնության որակի ապահովումն է և բժիշկների՝ ըստ արժանվույն վարձատրվելը։ Նախագիծը միանշանակ չի ընդունվում, պատգամավորների բարձրացրած հարցերը վկայում են, որ կան մտահոգություններ կապված համակարգի լիարժեք գործարկման հետ: ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի մտահոգությունը կոռուպցիոն ռիսկերին է վերաբերում:
«Բոնուսային համակարգը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում: Նաև հնարավորություն է տալիս հիմնարկի ղեկավարին, նախարարին բոնուսով պարգևատրել նրան, ում ուզում է: Աշխատեք այս ուղղությամբ, որ արդարացի ու թափանցիկ լինի»:
Միքայել Հայրիյանը համաձայն է դիտարկման հետ, բայց հավաստիացնում է, որ կան վերահսկման մեխանիզմներ:
«Ճիշտ դիտարկում է: Կան վերահսկման լծակներ, որոնցից մեկն էլ էլեկտրոնային համակարգն է: Մենք ներդնելու ենք էլեկտրոնային համակարգ, որի միջոցով էլ վերահսկվելու է այդ աշխատանքը: Սկզբնական շրջանում մեզ օժանդակելու են ՀՀ առողջապահության համակարգի և ապահովագրական ծառայությունների մասնագետներ: Ընթացքում մեր մասնագետները ևս կվերապատրաստվեն»:
Շահագրգիռ քննարկումների արդյունքում ներկաները որոշել են նախագծի մշակումից հետո Աժ համապատասխան հանձնաժողովի հետ համատեղ նիստում ընդլայնված քննարկում կազմակերպել։ Համատեղ նիստում քննարկվել են նաև ստոմատոլոգիական ծառայություններին ուղղված հատկացումները, հատկապես մասնավոր ատամնաբուժական ծառայություններին տրամադրվող գումարների չափը, դրսից հրավիրված և ուղեգրված մասնագետներին տրամադրվող փոխհատուցման ծրագրի գումարի չափն ու նպատակայնությունը, այդ գումարների վերահսկման մեխանիզմները։ Առողջապահության նախարարը տեղյակ էր պատգամավորների կողմից մատնանշված ոլորտում առկա խնդիրներին:
«Բացահայտվել են ավելի լուրջ խնդիրներ, քան պատկերացնում եք, ինչը ցավալի փաստ է: Այդ հանգամանքը մեզ ստիպում է ամենայն խստությամբ վերաբերել և բժիշկներին, և ատամնաբուժարաններին: Նույնիսկ թույլ է տալիս լուրջ չափորոշիչներ դնել և զրկել լիցենզիաներից»:
Պատգամավորները հանդես են եկել ինչպես հարցադրումներով, այնպես էլ առաջարկություններով։ Ոլորտի պատասխանատուները հավաստիացրել են, որ նման քննարկումները լինելու են շարունակական՝ ի նպաստ բնակչության բուժսպասարկման որակի բարձրացման և բուժաշխատողի սոցիալական երաշխիքների ապահովման։