Նոյեմբերի 21, 2024

Ընկնել և կանգնել. հաջողությունների և ձախողումների տված դասերը

By Դավիթ Եղիազարյան Մայիսի 09, 2023
Արցախյան առաջին պատերազմում տարած հաղթանակը նշելու համար երբևէ չմշակվեց առանձին տոն: Դրան փոխարինելու եկավ Շուշիի ազատագրման օրը նշելու սովորույթը: Դա պատահական չէր, քանի որ Շուշիի ազատագրումը հայկական ինքնապաշտպանական ուժերի առաջին խոշորագույն հաջողությունն էր և բեկումնային էր պատերազմի այդ փուլի համար: Բերդաքաղաքի ազատագրումը նաև նախադրյալներ ստեղծեց տասն օր անց Բերձորի ազատագրման և Մայր Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման համար: Այսօր Շուշին թշնամական վերահսկողության տակ է, և շատերի համար քաղաքի ազատագրման օրը հակասական հույզեր է առաջացնում: Ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը վստահ է, որ պարտությունները ևս պատմության օրինաչափ մաս են, բայց պետք է շարունակել նշել հաղթանակները, որպեսզի սերունդների` նոր հաղթանակներ կերտելու ոգին և կամքը չանհետանան.
 
«Նախ` ցանկացած հաղթանակը նշելուց, մենք առաջին հերթին հիշում ենք նրանց, ովքեր այդ հաղթանակը բերեցին` զոհվածներին և ողջերին: Սա տուրք է այդ հաղթանակը կռողներին: Անկախ այն բանից, թե հաղթանակից հետո ինչ իրավիճակ է, ինչ ժամանակավոր պարտություն են կրել: Դա նաև ուղերձ է ապագա սերունդներին, որովհետև հաղթանակների կռումը դրական իմաստով հոգեբանական լրջագույն ազդեցություն է թողել: Արցախյան նորօրյա ազատամարտում մեր տարած հաղթանակը նաև ազատագրական պատերազմ էր: Դրա մեջ նաև այդ խորհուրդը կա: Այսինքն` մեր կորցրած հայրենիքի մի մասի ազատագրումը: Այնպես որ` այս տոները պետք է միշտ նշվեն, հիշվեն, հարգանքի տուրք մատուցվի այդ հաղթանակն ստեղծողներին, և ի ցույց ապագա սերունդներին, որ մեր պայքարը, մեր կռիվը, մեր պատերազմը հավերժության մեջ շարունակվում է: Ի դեպ, այնպես, ինչպես ցանկացած ժողովրդինը: Մի պահ ընկրկեցիր, մի պահ թուլացար և կարող ես կորցնել:» 
 
Ըստ Նահապետյանի` վերջին պատերազմի ընթացքում և դրան հաջորդած պայմանագրով կորսված տարածքների նշանակությունը շատ մեծ է, և առանց Քարվաճառի ու Քաշաթաղի վերահսկողության Արցախը չի կարող լիարժեք պաշտպանված և անվտանգ լինել. 
 
«Պատերազմում մենք սկզբունքորեն էական նշանակության տարածքներ չենք կորցրել: Այդպիսի տարածքներ մենք կորցրել են պատերազմից հետո: Արցախի ողնաշարը կոտրեց Իրանի հետ սահմանակից երկու շրջանի` Սանասարավանի և Կովսականի հանձնումը, որոնք մենք պատերազմից հետո ենք հանձնել: Իսկ Իրանի հետ սահմանն Արցախի համար ապագայում կյանքի ճանապարհ կլիներ: Հանձնվեցին նաև Բերձորը և Քարվաճառը, որոնք Արցախը կապում էին Հայաստանի հետ: Ավելին` Քարվաճառը ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է` իր բարձունքներով: Մեծ հաշվով` ով այդ շրջանում տեր ու տնօրինություն է անում, իրականում ռազմական առումով Արցախի իրական տերն է: Մենք այդ շրջանն առանց կռվի ենք հանձնել:» 
 
Հայկ Նահապետյանը չի կասկածում, որ չնայած արդեն թույլ տրված ձախողումներին և սխալներին, իրավիճակն օրհասական չէ, և դեռ հնարավոր է ճիշտ քայլերով փոխել իրերի դրությունը, միայն թե պետք է գործել ավելի վճռական.
 
«Ոչինչ դեռ կորած չէ: Առերևույթ` մեր վիճակը բավականին ծանր է, բայց կորած չէ: Որոշում կայացնող լրջագույն կենտրոն պիտի ստեղծվի Ստեփանակերտում, մասնագիտական կենտրոն: Ես ինքս չգիտեմ որոշումների կայացման նման կենտրոն ստեղծվե՞լ է, արվու՞մ են ճիշտ հետևություններ, ստեղծվու՞մ են բանակային ստորաբաժանումներ, արվու՞մ է տոտալ մոբիլիզացիա (ոչ ջոկատների ստեղծում, ջոկատներով բանակի դեմ չես պատերազմի), ուսումնասիրվու՞մ են մեր հակառակորդ պետության բոլոր թույլ տեղերը` և՛ ներսում, և՛ դրսում, պատրաստվու՞մ են այն պոտենցյալ ուժերը, որոնք անհրաժեշտ պահին կարող են հարված հասցնել: Ես չեմ կարող ասել: Բայց պատմությունը լավագույն ուսուցիչներից է, և ազգեր կան, որոնք չեն ցանկացել պարտվել և իսկապես` ծանր պայմաններում չեն պարտվել: Շրջափակումը ողբերգություն չէ: Ավելի ծանր շրջափակման մեջ գտնվող ժողովուրդներ են դիմացել, դիմագրավել, հետո հաղթական դուրս եկել: Այսօր ես այդ առումով լիահույս եմ, որ եթե ճիշտ որոշումներ կայացվեն, ապա այս վիճակը նույնիսկ կարելի է շտկել: Արցախում ապրող մեր հայրենակիցները կարող են Ադրբեջանին ծնկի բերել, եթե ճիշտ կազմակերպում, ճիշտ որոշումներ, ուժերի ճիշտ մեկտեղում լինի, լինի քրտնաջան աշխատանք, մարդկանց մոտիվացիան բարձրացնեն: Պայքարելու, պատերազմելու և հաղթելու ձգտումը: Դա ամենակարևոր գործոնն է պատերազմում` կռվողի մոտիվացիան, մարտական ոգին որքան է բարձր»: 
 
Ձախողումները և անհաջողությունները միշտ էլ հնարավոր են: Սակայն ոչ մի ձախողում անուղղելի չէ, ինչպես և հավերժ չեն հաջողությունները: Իսկ ձախողումներն ուղղելու և հաջողությունները պահելու միակ ապացուցված եղանակը պայքարելու վճռականությունն է:
 
Artsakh Public Radio
Last modified on Չորեքշաբթի, 10 Մայիսի 2023 16:41
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ