Նոյեմբերի 22, 2024

Եռատոնի մարդիկ

By Ասպրամ Ավանեսյան Մայիսի 09, 2022

Եռատոնը սոսկ տոնացույցի էջ չէ։ Եռատոնը  զգացմունքներ է ու   տրմադրություն։ Եռատոնը  մարդիկ են։ Մարդիկ, որոնք կերտել ու մեզ են պարգևել մեր սիրելի Եռատոնը։  Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժի հերոսները Եռատոնի մարդիկ  են:

«Նախանցյալ տարի ողջ մնացածները 31-ն էին, անցյալ տարի դարձել ենք 21-ը, այս տարի մնացել ենք 11 հոգի: Ինձ մոտ հիմա հարց է առաջանում՝ հաջորդ տարի այն մեկն ով է լինելու, որ ողջ է մնալու»:

Խոսողը Սերգեյ Բարսեղյանն է՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերան, Արցախի վետերանների միության նախագահ: Ձայնագրությունը նախորդ տարվա մեր թողարկումից է: Սերգեյ Բարսեղյանի հաշվարկները, բարեբախտաբար, անտեղի հոռետեսական էին։ Այսօր՝ ձայնագրությունից մեկ տարի անց, արձանագրում ենք․ Արցախում Հայրենական մեծ պատերազմի 5 վետերան ունենք: Նրանցից մեկը 98-ամյա Արաքսյա տատիկն է: 18 տարեկան էր, երբ տարան Ուկրաինա՝ հայրենական պատերազմին մասնակցելու: Գրեթե 77 տարվա դեպքերը Արաքյա տատիկը երեկվա պես է հիշում: Մեզ հետ զրույցում էլ երանությամբ է պատմում «բարդ ժամանակների» մասին:

«Մին շեբեթ ա տեռալ մունք սոված, հաց չիլալ օտինք։ Մասկվից մին սերժանտա իլալ, եկալա-ասումա՝ Ասինկա՛, Դուք շատ լավն եք, այս ապրանքներից վերցրեք տարեք-կերեք։ Էրկու վեշմեշուկնըն երկալալ քեցալ տես-տեն հըվաքալ, պերալ։ Էդ պրադուկտը տարալում, սոված մարդիկ, է՜, ուրխացալն, աշխարքը ուրանցնա տռալ։ Շատ դժվարություննեում քաշալ,  ակոփներումը, ծյունը կխռներիս կայիս, բայց լավա լի իլալ»։ 

Հայրենական պատերազմին մասնակցելու համար Արաքսյա տատիկը պարգևատրվել է 13 մեդալով և բազմաթիվ պատվոգրերով: Նա Ավետարանոցից է: Բոլոր մեդալները, պատվոգրերը, կոստյումը, ջահել ժամանակվա նկարներն ու հիշողությունները Ավետարանոցում է թողել: Մնացել է միայն մի նկար՝ հարսի հեռախոսի մեջ: Այդ նկարն է Հայրենական պատերազմի միակ հիշողությունն ու ապացույցը:

«Գյուղումնում իլալ էն վխտեն, 10-րդ դասարանումը կրդիիս, լոխ ասալն՝ ա կտրված, շտե՞ղս քինում, կռվա է։  Ասալում՝ հունցանիմ կռվա։ Տարալն Բաքու ավտամատ փռնելը, շագատ անելը սվրցրալ, դրանա ետը տարալն Ուկրաինա՝ Օդեսա, Պալտավա, Նիկոլաև,  տրեծի ուկրաինսկի փրոնտն ա իլալ։ Ռաձիստում իլալ, 3 հտե վեր սամալյոտ ընք վեր քցալ, մեդալն տվալ»։

Հայրենիքի համար Արաքսյա տատիկի պատերազմը 1945-ին չավարտվեց: Նա պիտի ականատեսը լիներ Մեծ հայրենիքի՝ ԽՍՀՄ փլուզմանը, Բաքվի, Սումգայիթի ջարդերին ու դրան հաջորդած երեք պատերազմներին։ Այդ պատերազմներն էլ իրենց հերոսներն ու հերոսական դրվագներն ունեցան։ Այնպիսի փառապանծ հաղթանակներ, որոնք 44-օրյայի մղձավանջից հետո էլ իրենց փայլը չեն կորցրել։ Այդպիսի հաղթանակներից էր Շուշիի ազատագրումը։ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից կամավորագրված Արմեն Գալստյանը հիշում է՝ Շուշիի ազատագրումից հետո ժողովուրդը ցնծության մեջ էր։

«Շուշին սովորական բնակավայր է, բայց նրա նշանակությունն այնքան մեծ էր, որ անկախ իրենից, ոչ միայն արցախահայությանն, այլև ամբողջ Մայր Հայաստանի ժողովրդին  ոգևորել էր։ Ազատագրումից հետո, երբ ես հետ եկա Շահումյանից, Շահումյանն արդեն ընկած էր, ժողովուրդը դեռ ցնծության մեջ էր։  Շուշին ազատագրելով՝ բացեցինք ճանապարհ դեպի Մայր Հայաստան»։ 

Կարևոր իրադարձություններն ամենայն մանրամասնությամբ մնում է մարդկային ենթագիտակցության ու հիշողության մեջ։ Արմեն Գալստյանը 1992-ի հաղթական մայիսը լավ է հիշում։

«Մայիսի 10-ին անցանք հիմնական մարտական գործողություններին։ Առավոտ շուտ արդեն Զառիսլուի մատույցներում  էինք, 6 հոգով բարձրացանք, տեղավորվեցինք բարձունքի վրա։ 1-2 ժամ չանցած նկատեցինք, որ դիմացից ադրբեջանական 3 տեխնիկա է գալիս, ՀՄՄ-1, տանկ ու ՀՄՄ-2, հետո արդեն սկսեցին առաջանալ դրանց ստերաբաժանումները։ Որոշակի ժամանակ անց տեսանք, որ մեր աջ կողմից մետ 20-25 հոգի մոտենում են մեզ, մոտ 10 հոգի էլ անմիջապես դիմացից դուրս եկան։ Այսքանին 6 հոգով դիմադրեցինք»։ 

Շուշիի ազատագրումը առաջին հստակ պլանավորված ու մանրակրկիտ հաշվարկված ռազմագործողությունն էր, որն էլ դարձավ Արցախի բանակի ստեղծման ամենակարևոր հիմնաքարը։ Արցախյան բանակի կազմավորման ակունքներում կանգնած են հայրենիքի նվիրյալ զավակները։ Իմ զրուցակից Կարեն Աթայանը մեկն է նրանցից։ Նա անցավ ողջ պատերազմն ու մասնակցեց բանակաշինության գործին։ Արցախի ՊԲ-ում ծառայել է 23 տարի։ Ասում է՝ մեր բանակը ստեղծվել է անհրաժեշտությունից ելնելով։

«Մեր բանակը ստեղծվեց մեր բանակին զուգահեռ։ Պարտադիր հիմունքներով չէր, կամավորական հիմունքներով էր, մարդիկ զգացին, որ պաշտպանվելու անհրաժեշտություն կա և սկսեցին ինքնակազմակերպվել։ Այս հիմքի վրա առաջացան մեր ջոկատները, որոնք հետագայում միավորվեցին ըստ շրջանային բաժանումների, գումարտակների ու պաշտպանական շրջանների։ Սրանք հետագայում միավորվեցին Պաշտպանության բանակի կազմի մեջ, որպեսզի իրականացվի կառավարման գործընթաց։ Տարերային տարբերակից անցանք կազմակերպված տարբերակի»։ 

Արցախի ՊԲ-ն նվիրյալներ շատ է ունեցել՝ ասում է։ Մեկը սահման է պահել, մյուսը՝ մարտավարություն մշակել, մեկ ուրիշը՝ ռազմագործողություն պլանավորել։ Ինքը՝ Կարեն Աթայանը, իր խմբի հետ զենք էր պատրաստում։

«Այն ժամանակ շատ քիչ որսորդական հրացաններ կային, որոնք հավաքվել էին հայտնի «Օղակ» օպերացիայի ժամանակ։ Մենք հիմնականում զենք-զինամթերք չունեինք, ստիպված զենք հայթայթել տարբեր ճանապարհներով, ինչու չէ նաև պատրաստել։ Եղած ռեսուրսները մոբիլիզացրեցինք ու սկսեցինք զենք պատրաստել»։ 

Որքան էլ 2020թ․ պատերազմը մթագնի անցյալի մեր հաղթանակները, այն չի կարող խմբագրել պատմությունն ու նսեմացնել մեր հայրերի սխրանքը։ Իսկ նրանք իսկապես սխրանքներ են գործել։ Նրանք են Եռատոնը կերտողները, նրանք Եռատոնի մարդիկն են։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ