Նոյեմբերի 21, 2024

Որո՞նք էին օկուպացված Շուշիում կազմերպված «մեդիաֆորում»-ի և Ալիևի ելույթների հիմնական ուղերձները

By Վիկտորյա Սարգսյան Հուլիսի 24, 2023

Բռնազավթված Շուշիում ավարտվել է Բաքվի բռնապետի հանձնարարությամբ և պետական ֆինանսավորմամբ կազմակերպված մեդիաֆորումը։ Հայկական Շուշի քաղաքում հերթական քարոզչական միջոցառման ընթացքում, ինչպես և սպասվում էր, Ալիևի կողմից կրկին հայատյաց մի շարք հայտարարություններ հնչեցին: Լսենք Վիկտորյա Սարգսյանի անդրադարձը:

 Խոսքի ազատության միջազգային վարկանիշում վերջին տեղերից մեկն զբաղեցնող Ադրբեջանը ցուցադրական մեդիաֆորում է կազմակերպել օկուպացված Շուշիում: Ադրբեջանական հերթական շոուն կազմակերպվել է շուրջ 50 երկրների 120 լրագրողների մասնակցությամբ: Այնինչ, Արցախի արդեն 7 ամսից ավել տևող շրջափակման ընթացքում նույն Ադրբեջանը չի թույլատրել ոչ մի միջազգային լրատվամիջոցի կամ կառույցի մուտքն Արցախ:

Ադրբեջանը ոչ միայն խոսքի ազատության պատրանք է ստեղծում, այլև հերթական անգամ փորձում է լեգիտիմացնել Շուշիի օկուպացիան: Մեդիաֆորումի առաջին օրը` Ադրբեջանի բռնապետը շուրջ 4 ժամ ելույթ ունեցավ միջազգային լրագրողների ներկայությամբ: Չնայած Ալիևի բոլոր ջանքերին` ներկայանալու կառուցողական իմիջի մեջ, նա կրկին ապացուցեց, որ Ադբեջանը չի հրաժարվել ոչ հայատյացության քարոզից, ոչ էլ ռազմատենչ ծրագրերից, ասում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը:

«Մասնավորապես, անդրադառնալով մեզ, Ալիևը նշում է, որ հայերի գործողությունները հասկանալու համար հոգեբաններ են պետք: Բնութագրում է մեզ որպես բարբարոսեր և ֆաշիստներ: Դրան զուգահեռ, նա նաև հերթով խոստովանեց (ես դրանք համարում եմ ինքնախոստովանություններ), որ գործողություններ է իրականացրել Փառուխում 2021 թվականին, 2022 թվականին` լայնածավալ պատերազմ սանձազերծելով Հայաստանի դեմ: Եվ այս բոլոր գործողությունները մեզ դաս տալու նպատակ էին հետապնդում»:

Ամբողջ ֆորումի ընթացքում Ադրբեջանի բռնապետը փորձում էր համոզել նաև, որ հակամարտություն չկա և ամեն ինչ լուծված է, բայց հետո, կարելի է ասել, խոստովանել է, որ պատրաստվում է նոր սադրանքների` ասում է ադրբեջանագետը:

«Նա բառացիորեն չի ասել, բայց նշել է, որ զինվում է, հզորացնում է բանակը: Ալիևն ասել է նաև, որ իր բանակն այժմ ավելի հզոր է, քան եղել է 2020 թվականի պատերազմի ժամանակ: Ու ամեն ձևով ցույց էր տալիս նաև, որ, եթե նախկինում ոչ ոք Արցախն Ադրբեջանի մաս չի ճանաչել, ապա Հայաստանի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ամեն բան փոխվել է, և բոլորը դա ընդունում են: Խոստովանում է նաև, որ ղարաբաղյան առաջին պատերազմից հետո իրեն ստիպել են հաշտվել իրողությունների հետ, բայց հիմա ինքը փոխել է իրողությունները և ինքն է ստիպում բոլորին հաշտվել դրանց հետ»:

Արցախցի մի խումբ լրագրողներ հուլիսի 22-ին կազմակերպեցին խաղաղ ակցիա, որի ընթացքում կոչ է արվել` բռնազավթված Շուշիում կայացած մեդիա-ֆորումի մասնակիցներին` հավատարիմ մնալ լրագրողի առաքելությանը. ներկայացնելու ճշմարտությունը և պաշտպանելու մարդու իրավունքները և արժանապատվությունը: Արցախի ժուռնալիստների միության անդամ Արա Վանյանի խոսքով` արցախցի լրոգրողների կոչը պետք է լսելի դառնա:

«Ֆորումին մասնակցել են այնպիսի լրագրողներ, որոնք տարիներ շարունակ ծառայել են Ադրբեջանի շահերին, բնականաբար` ոչ ձրի: Կարծում եմ արցախցի լրագրողների կոչը պետք է լսելի լինի արտասահմանյան իրենց գործընկերներին, և նրանք պետք է սկսեն ցույց տալ իրական պատկերը, որը շարունակվում է արդեն 7 ամիս»:

Խաղաղ ակցիային, լրագրողների հրավերով, մասնակցել է նաև ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Արցախի լրագրողների խաղաղ ակցիան շատ հստակ ազդակ պետք է լինի աշխարհի լրագրողներին, միջազգային մեդիային, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշիում միջազգային մեդիաֆորում կազմակերպելը համաշխարհային հանրության աչքերին հերթական «թոզ փչելն» է, իսկ մարդիկ ովքեր եկել են հումանիտար աղետից ընդամենը մի քանի կիլոմետր այն կողմ ու խրախճանքների մեջ են և որոնց ադրբեջանցիները կերակրում են բառի բուն ու փոխաբերական իմաստներով, բարի լինեն իջնել Ստեփանակերտ, Արցախի այլ համայնքներ՝ ներկայացնելու օբյեկտիվ իրականությունը, թե ինչպիսի զրկանքների ու տառապանքների միջով է անցնում Արցախի բազմահազար բնակչությունը` ընգծել է Գեղամ Ստեփանյանը:

«Արցախի լրագրողները 7 ամիս շարունակ իրենք էլ կրելով շրջափակման ամենամեծ դժվարությունները, շարունակել են իրենց աշխատանքը գոնե ինչ-որ ձևով Արցախի ձայնը դրսում ներկայացնելու ուղղությամբ և նրանք կարող են ու իրավունք ունեն պահանջելու իրենց գործընկերներից` երկերեսանիություն չցուցաբերել և գալ Արցախում ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը ներկայացնելու: Եւ ես ինչպես միշտ, մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը, այնպես էլ այս անգամ լրագրողների հրավերով գտել եմ նպատակահարմար մասնակցել և ևս օժանդակել, որպեսզի արցախյան լրատվամիջոցների ձայնը, մարդիկ, ովքեր իրապես շատ մեծ աշխատանք են կատարում, ևս մեկ անգամ կարողանանք տարածել ամբողջ աշխարհով մեկ»:

Ադրբեջանի բռնապետն այս քայլով ու ելույթով ևս մեկ անգամ փաստում է, որ որևէ խաղաղություն չի ցանկանում կառուցել հայերի հետ: Տաթևիկ Հայրեպետյանը նշում է` քանի դեռ Հայաստանում չկա այն գիտակցումը, որ ոչ թե Արցախը հանձնելով են փրկելու հայոց պետականությունը, այլ` պայքարելով, ապա` Ալիևի գործողություններն ավելի սանձարձակ են դառնալու: Ալիևի ուղերձից մի բան պետք է հասկանալ՝ նա որևէ կետում կանգ չի առնելու, իսկ ագրեսիայի դիմաց զիջումների գնալը բերում է բացառապես նոր ագրեսիաների ու զիջումների: Չզիջելու ու այս ամենը կանխելու համար պետք է աշխատել, հետևողականորեն և ըստ պետական շահերի` նշում է ադրբեջանագետը:

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ