Նոյեմբերի 21, 2024

Քաշաթաղի միջանցքի ապօրինի անցակետում առևանգվել է արցախցի ուսանող, ևս երկուսի հետ կապ հաստատել չի հաջողվում

By Սրբուհի Վանյան Օգոստոսի 28, 2023

Հակարիի կամրջին ապօրինի տեղադրված ադրբեջանական անցակետի մոտ այսօր միջադեպ է տեղի ունեցել․ ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ` ուսումը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետություն տեղափոխվող ուսանողներից մեկն առևանգվել է: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, թե այդ անցակետում երեք հայ ֆուտբոլիստի են ձերբակալել․ նրանք իբրև թե մեղադրվում են Ադրբեջանի դրոշը պղծելու համար։ Սրբուհի Վանյանն է անդրադարձել թեմային։

Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, թե ձերբակալվել է երեք արցախցի, ում նկատմամբ` Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հետապնդում է հարուցել դեռ 2021 թվականին։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն անդրադարձել է միջադեպին.

«Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ձեռք բերված տեղեկատվության համաձայն՝ 2001 թվականի ծնված Ալեն Նելսոնի Սարգսյանն ադրբեջանական սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչների կողմից ուժի և հարկադրանքի կիրառմամբ առևանգվել և տարվել է անհայտ ուղղությամբ։

Բացի դրանից, Արցախից ՀՀ տեղափոխվող անձանցից ևս հինգ հոգու Ադրբեջանի սահմանապահ և այլ ծառայությունների ներկայացուցիչները տարել են անցակետի մոտ տեղադրված հատուկ սենյակ՝ հարցաքննելու։ Հարցաքննության ընթացքում տվել են տարաբնույթ հարցեր՝ սպորտով զբաղվածությունը, ՀՀ գնալու նպատակը, Հայաստանում և Արցախում տնտեսական իրավիճակը և այլն։

Ձեռք բերված տեղեկությունների համաձայն՝ նախօրոք համաձայնեցված ցուցակներում առկա անձանցից ևս երկու հոգի՝ Վահե Հովսեփյանը և Լևոն Գրիգորյանը չեն հատել անօրինական անցակետը, սակայն չի հաջողվում նրանց հետ կապ հաստատել»։

Թե ինչ է ուզում անել իրականում և ինչ ցույց տալ, Ադրբեջանը չի էլ թաքցնում։ Եվ այդ ամենը կատարվում է, քանի որ Հայաստանում իշխանություններն առաջ են տանում Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ Արցախում իշխանությունը հանցավոր անգործության է մատնված՝ ասում է քաղաքագետ Ռոբերտ Հայրապետյանը։

«Սա ՀՀ և Ադրբեջանի իշխանությունների համագործակցության արդյունքում իրականացվող ցեղասպան քաղաքականության արգասիքն է, երբ տարեցներին առևանգում են հանցագործներ լինելու քողի տակ, մատնանշելով արցախյան առաջին պատերազմը, իսկ երիտասարդներին, ովքեր պիտի զարգացնեն երկիրը, մնան ապրելու՝ առևանգում են, փորձելով վախեցնել, որ լքեն այն»։ 

Ռոբերտ Հայրապետյանը ուշադրություն է հրավիրում մինչ այդ արձանագրված դեպքերին, որոնք պատշաճ ձևով չշահարկվեցին կամ չօգտագործվեցին, և անպատժելիության մթնոլորտում Սդրբեջանը շարունակեց իր ցեղասպան գործողությունները։

«Ես ուզում եմ նորից վերադառնալ 2020 թվականից հետո, և դրանից հետո գերեվարվածներին, այդ թվում և Վագիֆ Խաչատրյանին, և այսօրվա 21ամյա երիտասարդին, որոնց նկատմամբ զրո ուշադրություն կա ՀՀ կառավարության կողմից»։ 

Որևէ քայլ չի ձեռնարկվում այդ գերիներին` նույն նոյեմբերի 9-ի փաստաթղթի, Ժնևյան կոնվենցիաների հիմքով և միջազգային իրավական այլ փաստաթղթերի հիման վրա` այդ մարդկանց հետ բերելու ուղղությամբ։ Եվ օր օրի.

«Ադրբեջանն ավելի կոպիտ կերպով է խախտելու մեր բոլորիս կյանքի իրավունքը, տեղաշարժի իրավունքը, ապրելու իրավունքը, քանի դեռ ՀՀ կառավարությունն Ադրբեջանի հետ շարունակում է նույն քաղաքական գիծն առաջ տանել»։ 

Քաղաքագետը նշում է, որ պետք է կամ իշխանությունները փոխեն իրենց քաղաքականությունը, կամ՝ փոխվի իշխանությունը, այլապես` ողբերգական լրահոսի շրջապտույտը շարունակվելու է։ Իսկ թիրախում հասարակ մարդն է, քաղաքացին, ով ըստ Սահմանադրության՝ բարձրագույն արժեք է։

© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ