«Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանն ամփոփել է տարին: Ուսումնարանն այս տարի ավարտել է 26 աշակերտ: Սուղ պայմաններով, բայց նույն պատասխանատվությամբ աշակերտներն ու ուսուցիչները ամփոփել են ևս մեկ բարդ տարի: Լսե՛նք Ասպրամ Ավանեսյանի ռեպորտաժը:
Շուշիում գտնվող ուսումնական հաստատությունները պատերազմից հետո տեղափոխվել են Ստեփանակերտ։ Դրանք, թեև պոկված են իրենց նախնական միջավայրից, բայց շարունակում են իրենց բնականոն գործունեությունը նույնիսկ շրջափակման պայմաններում։ Արդեն երկու տարի է Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանն աշակերտներ է դպրում հարազատ Շուշիից հեռու։ Աշակերտների ձեռք բերած արհեստագործական մասնագիտությունները պահանջված ու կարևոր են՝ ասում են աշակերտներն ու ուսումնարանի տնօրինությունը։ Նինել Սարգսյանն ավարտել է «խոհարարական գործ» բաժինը: Ասում է` այն և՛ պահանջված, և՛ շահութաբեր մասնագիտություն է:
«Բացի հետաքրքիր և պահանջված լինելուց, այս մասնագիտությունը և՛ արվեստ է, և՛ արհեստ է: Արվեստ են անվանում այն մասը, որը հաճախորդը տեսնում է իր առջև, այսինքն ուտեստի պատրաստված վիճակը, վերջին տարբերակը: Իսկ ընթացքը արհեստ է, քանի որ խոհարարն իր բոլոր հույզերը և հոգին դնում է ուտեստի պատրաստման գործընթացում և պատրաստում է հաճախորդների համար»:
Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարանն այս տարի ավարտել է 26 աշակերտ: «Էլեկտրատեխնիկա» բաժինն ավարտած երեք աշակերտ ուսումնարանում ստացած գիտելիքներն արդեն մեկ տարուց ավել է կիրառում են: Նրանցից 2-ն աշխատում են շրջաններում, 1-ը` մայրաքաղաքում, ասում է ուսումնարանի տնօրեն Նարինե Իշխանյանը:
«Նրանք աշխատում են որպես էլեկտրիկներ, նույնիսկ վերջերս ստացել են մասնագիտոն կարգ: Ինչ վերաբերում է շինարարական ոլորտի մնացած մասնագիտություններին, ապա որոշ աշակերտներ տարվա ընթացքում աշխատում էին անհատների մոտ»:
Ուսումնարանի և՛ շրջանավարտները, և՛ մնացած աշակերտները ժամանակ առ ժամանակ ընդգրկվում էին այս կամ այն աշխատանքներում, բայց Արցախի շրջափակմամբ պայմանավորված, երբ չկա շինանյութ և անհրաժեշտ այլ պարագաներ, աշակերտներն աշխատանքով մշտապես ապահովված չեն լինում: Ուսումնարանի շրջանավարտների մեծ մասն այս տարի ավարտել է «հարդարման շինարարական աշխատանքներ» բաժինը:
«Մեծ պահանջարկը հիմնականում նկատվում է «հարդարման շինարարական աշխատանքների իրականացում» և «խորհարարական գործ» մասնագիտությունների գծով: Բայց ես կարծում եմ, որ ուսումնարանում դասավանդվող բոլոր մասնագիտությունները կարևոր են և մեծ նշանակություն ունեն աշխատաշուկայի համար»:
Ուսումնարանն ավարտելուց հետո շատ աշակերտներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Շուշիի տեխնիկական համալսարանում, որպես ինժեներներ: Ուսումը շարունակողների ստույգ թիվ չկա, քանի որ շրջանավարտներից շատերը շուտով զորակոչվելու են Պաշտպանության բանակ` ասում է ուսումնարանի Արտադրական ուսուցման գծով փոխտնօրեն Էրիկ Վերդյանը:
«Շինարարության ոլորտի մասնագետները մեծ դերակատարություն ունեն և կարող են ունենալ պետության պաշտպանողականության, ինչպես նաև պետության բարեկեցիկ ապագայի կերտման գործում»: 2020թ պատերազմից հետո ավելի քան 50 աշակերտ տարբեր պատճառներով դուրս են եկել ուսումնարանից: Նարինե Իշխանյանը ցավով նշում է, որ աշակերտների թիվը տարեցտարի փոքրանում է: «Եթե 2021-2022 ուս. տարում ունեցել ենք 44 շրջանավարտ, ապա 2022-2023 ուս տարում շրջանավարտների թիվը կազմում է 26-ը»:
Եզնիկ Մոզյան ուսումնարանի 2023-2024 ուս. տարվա ընդունելության գործընթացը մեկնարկելու է հուլիսի 3-ին: Ուսումնարանը Շուշիից Ստեփանակերտ հարկադրված տեղափոխվելով` փոխել է գործունեության վայրը, բայց չի փոխել նախնական նպատակը: Պատերազմի հետևանքները փոքր-ինչ հաղթահարել, այսօր էլ` փորձում է շրջափակման հարուցած խնդիրներին դիմակայել: