Չորս տարի առաջ, երբ ընդունվեցի համալսարան, լրիվ այլ պատկերացումներ, սպասելիքներ ու զգացողություններ ունեի: Իդեալիստական մտածողություն ունեցող երիտասարդի համար փոքր-ինչ տարօրինակ էր լրագրության բաժինն առանց տեսախցիկների ու ձայնագրիչների: Լրագրության բաժնում սովորողներին մի սենյակ էր բաժին հասնում, որը մենք, նախորդներից սովորած, «ստուդիա» էինք անվանում: Այն մի փոքրիկ սենյակ է, որը ծառայում էր որպես լսարան: Ժամանակի ընթացքում հարմարվեցինք «ստուդիա»-յի չափերին, ինչպես նաև` տեխնիկական միջոցների բացակայությանը: Իսկ երբ դիմորդների պակասի պատճառով երկու տարի առաջ դադարեցվեց լրագրության բաժին ընդունելությունը, մենք սկսեցինք գնահատել մեր փոքրիկ դասասենյակը, որտեղ պատրաստվում էին ապագա լրագրողներ: Եվ չգերագնահատելով հակամարտության գոտում տեղեկատվական անվտանգության դերը և դրանում լրագրողի մասնագիտության կարևորությունը, հասկանում ենք, թե ինչքան սուղ պայմաններում ինչքան կարևոր մասնագիտություն ենք ձեռք բերել: Համակուրսեցիս` Անահիտ Այդինյանը զուգահեռներ տանելով սպասելիքների և իրականության միջև, ասում է.
«Ե՛վ սկզբից, և՛ այսօր, այս պահին զգացողություններս նույնն են. էլի հուզված, էլի դողացող ձեռքերով, էլի լարված և մեծ սպասումներով: Հիմա` մեծ սպասումներով ապագայի հանդեպ, այն ժամանակ` մեծ սպասումներով այդ բանի համար, ինչ համալսարանը կտա ինձ: Եթե անկեղծ լինեմ բոլոր սպասումներս չէ, որ արդարացված են, որովհետև մեր սերունդը, կուրսեցիներս էլ կփաստեն, բախվել է լրջագույն խնդիրների: Ինչո՞ւ չեմ կարող որևէ, բացասական բան ասել, որովհետև այս 4 տարվա ընթաքցքում ձեռք եմ բերել լավ ընկերներ, լավ շրջապատ, ունենք նաև դասախոսներ, որոնց հետ ընկերացել ենք»:
ԱրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն այս տարի ունի բակալավրիատի և մագիստրատուրայի 140 շրջանավարտ, որից 24-ը՝ գերազանցության վկայագրերով: Գերազանցության կարմիր դիպլոմով է ավարտել նաև թարգմանչական գործ բաժնի ուսանողուհի Լաուրա Գրիգորյանը: Լաուրայի սպասելիքները համալսարանից` արդարացել են:
«Ճիշտն ասած, ինձ համար կարևոր չէ դիպլոմի գույնը, ավելի կարևոր է, թե դու ինչ ես վերցրել համալսարանից` որպես մարդ, որպես Արցախի քաղաքացի, որպես ԱրՊՀ ուսանող: Ես կարծում եմ, որ մեր Մայր բուհը կարողացել է յուրաքանչյուրիս տալ այն ամենը, ինչի կարիքը մենք ունենք: Գիտելիքներից զատ մենք ստեցել ենք նաև կյանքի ամենակարևոր դասերը: Կարծում եմ` ուսանողները համալսարանում ոչ միայն գիտելիք, այլ նաև կյանքի փորձ են ձեռք բերում, ինչը շատ ավելի կարևոր է կյանքի հաջորդ` ամենապատասխանատում փուլ անցնելու համար»:
Բնագիտական ֆակուլտետն այս տարի ավարտել է բակալավրիատի և մագիստրատուրայի 144 ուսանող, որից 29-ը՝ գերազանցության վկայագրերով: Կիրառական մաթեմատիկա բաժնի ուսանողուհի Շուշան Դաշյանը նույնպես կարմիր դիպլոմով է ավարտել համալսարանը, նախքան համալսարան ընդունվելը շատ մեծ սպասելիքներ ուներ:
«Ես սպասում էի այստեղ` Արցախի պետական համալսարանում ստանալ որակյալ կրթություն, ծանոթանալ և շփվել գիտնականների հետ, որոնք ինձ համար ոգեշնչման աղբյուր կլինեն: Կխաբեմ, եթե ասեմ, որ սպասելիքներս ամբողջությամբ արդարացել են: Բայց պետք է նշեմ, որ մեծամասնությունն իրականացվել է, իսկ չիրականացված մասը երևի կորոնովիրուսի և պատերազմի պատճառով է: Համալսարանը կյանքի փորձ, տարբեր մարդկանց հետ շփվելու հնարավորություն և կրթություն է տվել, որը իհարկե կարելի է ավելի բարձր մակարդակի հասցնել»:
Ոսանողներին շնորհավորել և դիպլոմները հանձնել են դեկանները, ամբիոնների վարիչները: Ուսումնական տարին բարդ էր՝ կապված Ադրբեջանի հայատյաց քաղաքականության հետ` ասել է պրոռեկտոր Վալերի Ավանեսյանը նշելով, որ շրջափակումը և դրա հետևանքով ստեղծված խնդիրները հաղթահարելով՝ համալսարանականները կարողացել են ուսումնական տարվա նախաշեմին հաստատված ուսումնական պլանների համաձայն իրականացնել ուսումնական գործընթացը: