Ժամանակակից մարդու գլխավոր խնդիրն ազատ ապրելն ու տնտեսապես անկախ լինելն է։ Բայց մարդն իր տեսակով, կենսաբանորեն տնտեսական էակ չէ՝ համոզված է քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը։ Մարդու համար հոգևոր կարևոր պահանջմունքները երկուսն են։
«Մարդն ունի 2 հիմնական և կարևորագույն պահանջմունքներ։ Առաջինը՝ ընկալված, ճանաչելի լինելն է, երկրերդը՝ արժանապատվություն ունենալը։ Աշխարհի բոլոր հասարակություններում սրանք կան։ Շահում են միայն այն պետությունները, որոնց քաղաքականությունը հիմնված է լինում այս գաղափարների վրա, իսկ տնտեսական միջոցները և մեթոդները այդ ճանապարհին տանող գործիքակազմ են»։
Մենք ապրում ենք մոդեռն կամ զարգացող աշխարհում, որտեղ ծաղրի են արժանանում այն մարդիկ, որոնք խոսում են, օրինակ, ազգի, ազգային ինքնության մասին՝ ասում է քաղաքագետը։ ԱրՊՀ լրատվության բաժնի պատասխանատու Զարինե Սառաջյանը ասվածին իր փորձն է ավելացնում։
«Վերջերս գեղարվեստական գիրք եմ հրատարակել, անունը՝ «Արցախասեր»։ Իմ զարգացած ընկերներից մեկը ասում է, որ ինձնից չի սպասել։ Չի սպասել, որ ես «հետամնաց» վերնագիր կարող եմ դնել»։
Արժեքները, հատկապես, ազգային արժեքները ժամանակաշրջան ու տարածություն չպետք է հարցնեն։ Ազգային արժեքների հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունը բերելու է մշակութային համահարթեցման կամ գլոբալիզացիայի, որն իր հերթին լավ բանի չի բերելու՝ համոզված է Սուրեն Պետրոսյանը։
«50 տարվա մեջ, 200 փորձարկված պետություններից, որոնց թվում է նաև Հայաստանը, ոչ մեկը մշակութային առումով չի նմանվել մյուսին։ Կարող է՝ տնտեսապես իրար մոտեցել են, բայց մշակությաին առումով, ո՛չ։ Չնայած այս պրոցեսի ժամանակ քանդել ու քայքայվել են բազմաթիվ ազգեր ու պետություններ։ Մշակութային և ազգային ինքնությունը շատ ստատիկ է»։
Եվրոպական երկրներում երկար ժամանակ կառավարական ճգնաժամ էր։ Դրանք այն ժամանակներն էին, երբ արդեն զարգացել էին տեխնոլոգիաները։ Պատճառն այն էր, որ քաղաքացիները սպասարկում էին միայն իրենց ընտանիքի շահերը։ Քաղաքացիները նույնականանում էին իրենց ընտանիքի հետ միայն, այլ ոչ թե ազգի ու պետության։ Այս խնդիրը եվրոպական երկրները հաղթահարել են 100-150 տարի առաջ։ Հայաստանում, սակայն, նման խնդիր այսօր էլ կա՝ ասում է քաղաքագետը։ Արցախում խնդիրը շերտավորված է, քաղաքացիները չեն նույնականանում ազգի հետ, սպասարկում են միայն ընտանիքի շահը։ Վերջին դեպքով, մասնավորապես, պատերազմով պայմանավորված, փորձում են նույնականանալ Ռուսաստանի հետ՝ ասում է քննարկման մասնակիցներից մեկը, օրինակ բերելով Եռատոնին Ստեփանակերտի փողոցներում Սովետական Միության դրոշի հայտնվելը։ Քաղաքագետը այսպես է մեկնաբանում։
«Մարդու ամենակարևոր պահանջմունքը ֆիզիկական անվտանգությունն է։ Եթե մեր անվտանգությունը մեր կողմից չի երաշխավորվում, ժողովուրդը փնտրում է այլ համակարգեր, որոնք կարող են երաշխավորել անվտանգությունը։ Ժողովրդին մեղադրել չի կարելի, որովհետև նա իր անվտանգությունն է փնտրում»։
Քաղաքագետի խոսքով՝ նման դեպքերը որոնք տեղի են ունենում որոշակի ժամանակահատվածում ո՛չ միշտ, չի կարելի դիտարկել որպես ազգային ինքնությունը կորցնելու քայլ։ Ազգային ինքնագիտակցությունը կորցնելու առումով վտանգավոր է կարող է լինել, երբ նման իրադարձությունները տևական բնույթ կրեն։Իսկ ի՞նչ է ազգային ինքնագիտակցությունը, կամ ո՞վ է հայը։ Սուրեն Պետրոսյանը բացառության սկզբունքով է գտնում հայ մարդու սահմանումը։
«Այն մարդը, ով հարցականի տակ դրեց Արցախի հայկականությունը, կամ դիտարկեց Արցախի հանձնամ կամ այլ կարգավիճակով դիտարկման տարբերակը հայ եզրույթի հետ որևէ աղերս չի կարող ունենալ։ Մեր հավաքական կերպարի չափիչն ու արտացոլանքը Արցախն է»։
Կա մի պատմական ճշմարտություն՝ հողը պատկանում է նրան, ով այնտեղ ապրում է՝ ասում է Սուրեն Պետրոսյանը։ Նա նախատեսում է միջոցառումների շարք՝ ուղղված առաջին հերթին դրան, ինչպես նաև ինքնության գիտակցության բարձրացմանն ու կարևորմանը, սեփական դերի արժևորմանն ու ինքնության ճգնաժամի հաղթահարմանը և՛ Արցախում, և՛ Հայաստանում։