Նոյեմբերի 21, 2024

Իրականացնենք երազանքները միասին

By Ասպրամ Ավանեսյան Դեկտեմբերի 16, 2021
Արցախի «Մայրիկների ակումբ» ֆեյսբուքյան խմբի ամանորյա նախաձեռնությունը կոչվում է «Իրականացնենք երազանքները միասին»։ Խմբում  ընդունվում  և տեղադրվում են  պատերազմից տուժած ընտանիքների՝  զոհվածների, անհայտ կորածների,  1-ին, 2-րդ և 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող ընտանիքների երեխաների նամակները: Խմբում կան նաև էլֆեր, որոնք կարդում են նամակներն ու իրականացնում երեխաների երազանքները։ 8 տարեկան Էռնիկը Բերդաշեն գյուղից է, իր համար ոչինչ չի ուզում։ Ձմեռ պապիկից 4 տարեկան եղբոր համար ռոբոտ, իսկ 2 տարեկան եղբոր համար մեծ մեքենա է ուզում։ Էռնիկի նամակն արդեն բարի Էլֆի ձեռքում է։  Մի խնդիր կա, ասում է Լիլիթ Պետրոսյանը՝ նախաձեռնության  հեղինակը, էլֆերն ավելի շատ են քան նամակները։ Իրենց ներդրումն ունենալու պատրաստակամություն են հայտնում բոլորը՝ անկախ սեռից ու տարիքից։ 
 
«Էլֆերը՝ որպես Ձմեռ պապիկ, իրականացնում են այն բոլոր երազանաքները, որոնք գրված են երեխայի նամակում։ Էլֆ են դառնում նույնիսկ այն մարդիկ, ովքեր պատերազմում հարազատ են կորցրել»։
 
Նամակների ընդունման վերջնաժամկետը  դեկտեմբերի 20-ն է։ Նախաձեռնության հեղինակը չէր էլ պատկերացնում, որ այն այսքան մեծ արձագանք կգտնի։ 
 
«Այս պահին ունենք 140 նամակ։ Ամեն օր տեղադրում եմ նամակները ֆեսբուքյան էջում, օրական 10-20 հատ։  Շատ նամակներ փորձում եմ պետական կառույցներին փոխանցել, բայց միշտ չէ, որ ստացվում է»։ 
 
Շատ երեխաների երազանքներ արդեն իրականացվել են, ինչն էլ նախաձեռնության հիմնական նպատակն է՝ ասում է Լիլիթ Պետրոսյանը։ 
 
«Գոնե մի քանի ժամով երեխաներին կտրենք այս իրականությունից, մի քանի ժամով նրանց աչքերը փայլեն։ Մայրերը ինձ միշտ գրում են, շնորհակալություն հայտնում, ասում, որ երեխաները անսահման ուրախ են»։ 
 
Մինչև դեկտեմբերի 20-ը «Մայրիկների ակումբը» ընդունելու է  զոհվածների, անհայտ կորածների, 1-ին, 2-րդ, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների ընտանիքի երեխաների նամակները։ Զրուցակիցս նկատում է, որ նամակներում շատ է շոշափվում պատերազմի, զոհերի թեման, բայց  ուզում է, որ երեխաները գոնե նամակներում պատերազմի մասին չխոսեն։  Երեխաները պետք է իրենց բաժին հեքիաթն ունենան, և դա մենք՝ մեծերս,  պետք է ստեղծենք նրանց համար:   
 
 
Artsakh Public Radio
Last modified on Ուրբաթ, 17 Դեկտեմբերի 2021 13:00
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ