Նոյեմբերի 23, 2024

Ինչու՞ է Ադրբեջանը կրակում Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի վրա

By Վիկտորյա Սարգսյան Հունիսի 14, 2023

Ինչպես ցանկացած ագրեսիայից առաջ, այս դեպքում ևս Ադրբեջանը վերջին ժամանակաշրջանում քարոզչական աշխատանքներ էր տանում: Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ կրակին նախորդել էին Ադրբեջանի կեղծ մեղադրանքները հայկական կողմի հասցեին. իբր վերոնշյալ գործարանը էկոլոգիական խնդիրներ է առաջացնելու: Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի խոսքով`այդ մեղադրանքները հենց վերջին դեպքերի նախերգանքն էին:

«Բնականաբար մենք ունենք հիմքեր` սպասելու արձագանքներ մեր միջազգային գործընկերներից: Բայց եկեք փաստենք, և դա երևաց հենց Լաչինի միջանցքի դեպքում, որ, եթե անգամ լինեն միջագզային որոշումներ, միևնույն է Ադրբեջանը դրանք չի կատարելու: Քանի դեռ Ադրբեջանը չի պատժվում միջազգային իրավունքը արհամարելու իր հստակ քաղաքականության համար, մենք, ցավոք, ականտես ենք լինելու, որ այդ կոչերը, հայտարարությունները կամ որոշումները որևէ էական ազդեցություն ունենալ չեն կարող»:

Այն հայտարարությունը, որ Հայաստանում հայ-ամերիկյան գործարան է ստեղծվում, Ադրբեջանում շատ կանխատեսելի արձագանք առաջացրեց: Ինչպես Լաչինի միջանցքի արգելափակման դեպքում, այստեղ նույնպես Ադրբեջանը կեղծ էկոլոգիական փաստարկներ առաջ քաշեց: Բայց Ադրբեջանի իրական նպատակը Հայաստանի ինքնիշխանությունը սահմանափակելու մեջ է` ասում է քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանը:

«Կան այսպիսի մոտեցումներ Ադրբեջանի կողմից, որ Հայաստանն իրավունք չունի ունենալ այդ ծավալի որևէ հիմնարկություն` առանց Ադրբեջանի հետ համաձայնեցնելու: Իհարկե, նաև իբր էկոլոգիական փաստարկեր էին բերում, ինչին մենք ծանոթ ենք Լաչինի բլոկադայից: Եվ Ադրբեջանում հոդվածներ են գրում, իբր Հայաստանը փոքր երկիր է, իրեն այսպիսի մեծ ձուլարան պետք չէ: Ամբողջ գաղափարն այն է, որ 2020 թվականից հետո Հայաստանը սահմանափակ ինքնիշխանությամբ երկիր է, և որևէ որոշում` նույնիսկ ներքին տնտեսական կյանքին վերաբերող, չի կարող ընդունել առանց Թուրքիայի և Ադրբեջանի հետ համաձայնեցնելու»:

Քաղաքագետի կածիքով` ԱՄՆ-ից արձագանքներ կլինեն` գոնե դեսպանների մակարդակով: Բայց խնդիրն այն է, որ այդ գործարանի ամերիկյան լինելը պայմանական է և չափազանցեցված` ասում է:

«Եվ կապիտալի և աշխատուժի տեսակետից դա ավելի շատ հայ-հնդկական հիմնարկություն է և դա գաղտնիք չէ: «Հետքի» լրագրողները հետաքննություն են արել և բացահայտել են հիմնական բանժնետերերին և կապիտալի ծագումը: Բայց, եթե թեկուզ հիմնադիրներից մեկը գրանցված է ԱՄՆ-ում, ապա դա ուղղակի ոտնձգություն է ամերիկյան սեփականության դեմ: Այժմ գնդակը, այսպես ասած, այն դաշտում է և պետք է սպասել արձագանքների»:

Հունիսի 12-ին Վաշինգտոնում նախատեսված էր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում։ Հանդիպումից չորս օր առաջ Հայաստանի արտգործնախարարությունը, սակայն, տեղեկացրեց, որ ադրբեջանական կողմի խնդրանքով՝ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է։ Այսօր ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը հերքել է ենթադրությունները, թե բանակցությունների հետաձգումը կապված է բանակցային գործընթացում առկա տարաձայնությունների հետ և նշել է, որ դա կախված է միայն ժամանակացույցի հետ կապված խնդիրներով։ Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը նշում է` բանակցությունների հետաձգումը ամենևին էլ տեխնիկական պատճառներով չէ: Ադրբեջանը փորձում է ժամացույցի սլաքները համաձայնեցնել Թուրքիայի հետ և ըստ այդմ գործողությունների գնալ:

«Ես որևէ կասկած չունեմ այդ հարցում և ասում եմ` բոլոր հնչող հայտարարությունները պարզապես հայտարարություններ չեն, այլ իրենց ծրագրերի մասին հստակ խոստովանություն, որոնցով հանդես եկան Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարները»:

Ադրբեջանը «թայմ-աութ» է վերցնում, որպեսզի Թուրքիայի և Ռուսաստանի հետ որոշակի խորհրդատվություններ անցկացնի վաշինգտոնյան ձևաչափին մասնակցելու ապագայի վերաբերյալ` ասում է Արմեն Հովհաննիսյանը` կարծիք հայտնելով, որ հարցը ռուսական կողմի հետ արդեն քննարկվել է, հիմա ժամական է քննարկել Թուրքիայի հետ:

«Եթե մի քանի օրվա ընթացքում Ադրբեջանը այս կամ այն պատրվակով կհայտարարի ձևաչափից դուրս գալու մասին, ապա կարելին է հետևություն անել, որ ուժի կիրառումը Հայաստանում և Արցախում դառնալու է Ալիևի քաղաքականության առաջին միջոցը»:

Իսկ եթե այդպիսի բան չլինի, և առաջիկայում հայտարարվի հանդիպման նոր օրվա մասին, ապա, ըստ քաղաքագետի, կարելի է ենթադրել, որ թուրք և ռուս գործընկերները խորհուրդ չեն տվել Ալիևին այդ աստիճան կտրուկ, այսպես ասած, «դուռը փակել Արևմուտքի առջև»: Առաջիկա օրերի ընթացքում այս հարցի պատասխանը կստանանք:

Last modified on Չորեքշաբթի, 14 Հունիսի 2023 13:57
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ