Այսօր թշնամին Արցախի հետ շփման գծի մի շարք հատվածներում խախտել է զինադադարը, կրակ է վարել նաև գյուղատնտեսական աշխատանք կատարող խաղաղ բնակիչների ուղղությամբ: Իրավիճակը լարված է նաև Սյունիքում. թշնամին կիրառել է ականանետեր և անօդաչու թռչող սարք: Բացի այդ` Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ փորձել են Հակարի կամրջի ուղղությամբ առաջխաղացում գրանցել ու տեղադրել ադրբեջանական դրոշը: ՀՀ սահմանապահ ծառայությունը հետ է մղել թշնամու առաջխաղացման փորձը: Քաղաքական գիտությունների թեկնածու, ազգային շահի և պետության ռազմավարական քաղաքականության փորձագետ Գուրգեն Սիմոնյանի խոսքով` կատարվածը նպատակաուղղված սադրանք էր.
«Պետք է ասենք, որ լրահոսում տեղեկատվություն է շրջանառվում, որ ռուս ներկայացուցիչների միջոցով դրոշը ժամանակավոր տեղադրել էին, որից հետո հայկական կողմի պնդմամբ և համակ գործունեության շնորհիվ դրոշն իջեցվել ու առհասարակ հեռացվել է տարածքից։ Սա Ռուսաստանի կողմից հրահրված սադրանք է։ Արցախում շատ հստակ պետք է հասկանան, որ այս ամենը Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ պայմանավորվածությամբ սադրանք է ընդդեմ Հայաստանի Հանրապետության, ընդ որում, երբ ես ասում եմ Հայաստանի Հանրապետություն՝ ի նկատի ունեմ նաև Արցախը, որովհետև Արցախը ՀՀ-ի անվտանգային համակարգի անկապտելի մասն է»։
Դրանից քիչ անց թշնամին արգելել է Քաշաթաղի միջանցքով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից 25 բուժառուի և նրանց հարազատների տեղափոխումն Արցախից Հայաստանի Հանրապետություն` նրանց ստիպելով վերադառնալ Ստեփանակերտ: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դատապարտում է իրողությունն ու նշում` միակ լուծումը այնտեղից անցակետի հեռացումն է:
«Փաստացի, Ադրբեջանի կողմից հումանիտար նշանակության տեղաշարժը որպես գործիք է օգտագործվում Արցախի ժողովրդին հավելյալ ահաբեկելու, նրա իրավունքների դեմ ոտնձգություն իրականացնելու համար: Չի բացառվում , որ սա շարունակական բնույթ է ունենալու: Այսինքն` եթե անգամ վերականգնվի, ապա նման տարբեր պատճառաբանություններով, անգամ այս փոքր հնարավորությունից նորից մենք զրկված լինենք: Անցակետի առկայությունն Արցախի ժողովրդի համար կենսական կարևորություն ունեցող միջանցքի վրա՝ ուղղակի գոյաբանական սպառնալիք է, ինչը պետք է հասկանան բոլորը»:
Ստեղծված խնդիրը զուտ հումանիտար բնույթ չի կրում` ընդգծում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը` նշելով՝ սա քաղաքական լուրջ խնդիր է:
«Կեղծ թեզերով 3 տարի է կերակրում են հանրությանը, այն է՝ խաղաղության օրակարգը։ Այն բոլոր հեքիաթները, որ բոլոր կողմերը ուզում են ցույց տալ, թե Արցախում չկա շրջափակում։ Փաստ է, որ այս պահին հիվանդներին էլ են հետ ուղարկում, այսինքն՝ Կարմիր խաչը ևս չի կարողանում իրականացնել իր առաքելությունը, էլ չեմ խոսում ռուսական կողմի հումանիտար առաքելության մասին։ Սա նաև փաստ է, որ թշնամու հետ չի կարելի գնալ խաղաղության օրակարգի քննարկման, որովհետև այս կեցվածքով ավելի է լկտիանում թշնամին, և պահանջներն ավելի են մեծանում։ Պետք է լինել կոնկրետ ու հավասար բանակցային կողմ, որտեղ պետք է հայկական կողմը ունենա իր պահանջներն ու կարողանա դրանց հետևից գնալ»:
Դրան զուգահեռ թշնամի պետությունը բռնազավթված Քաշաթաղի շրջանում` Լաչինի միջանցքի մոտակայքում, օրերս զորավարժություններ է իրականացրել: Բանակցային ակտիվ շրջանը հաշվի չառնելով` ադրբեջանական կողմը ռազմական գործողությունների է պատրաստվում:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի խոսքով` բռնատիրական երկիրը, բանակցային գործընթացում նպատակներին չհասնելով, դիմում է ագրեսիայի կամ շանտաժի:
«Ադրբեջանը կրկին որդեգրեց բանակցություններից հրաժարվելու ձևն ու վերադարձավ հին մեթոդներին` մկանների ցուցադրությանը: Խոսքը վերաբերում է զորավարժություններին, ինչու չէ՝ նաև երկու նպատակ հետապնդող հայտարարություններին` սահմանի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելը: Նպատակներից մեկն այն է, որ թշնամին փորձում է ռազմական հետագա գործողությունների համար հենք ստեղծել, լեգիտիմացնել: Երկրորդը` փորձ է կատարում կոնկրետ Արցախի վերաբերյալ ասել` ինքը ունի «լիակատար» իրավունք, որպեսզի իրականացնի «հակաահաբեկչական գործողություններ»: Ինչին անընդհատ ձգտում է Ադրբեջանը»:
Քաշաթաղի շրջանի հանձնումից հետո` Ադրբեջանը հերթական զորավարժությունն է անցկացնում այնտեղ: Թուրքիան իր ռազմական աջակցությունը մշտապես ցուցաբերել է Ադրբեջանին, այդ թվում` զորավարժությունների կազմակերպման և անցկացման գործում: Այս անգամն էլ բացառություն չէ: Գուրգեն Սիմոնյանի խոսքով` հիմա հարձակողական, լեռնային, հատուկ ջոկատայինների զորավարժություններ են իրականացվում: Ընդ որում` յուրաքանչյուր ստորաբաժանման առաջադրանք է տրված որոշակի բարձունք կամ հատված վերահսկելու ուղղությամբ:
«Ի՞նչ ենք անում մենք. մանկապարտեզներ ենք կառուցում, բնակելի թաղամասեր ենք կառուցում՝ բազալտե երեսպատմամբ։ Մոռացե՞լ ենք 2020 թվականը.յուրաքանչյուր շինություն մեկ արկի հաշիվ է։ Այդ ներդրումները, ֆինանսական ամբողջ ծավալը պետք է ուղղորդվեր ազգաբնակչության մարտունակության բարձրացմանը՝ նոր իրողություններին համաձայն, 6-րդ սերնդի պատերազմներին պատրաստվելու համատեքստում»:
Մոտ ապագայում պատերազմ լինելու է, բայց միջազգային զսպիչ որոշ գործոններով պայմանավորված` ակտիվ փուլը դեռևս անկանխատեսելի է, նշում է Սիմոնյանը:
«Մենք գոյութենական պայքարի մեջ ենք և պետք է դա գիտակցենք ամբողջ ազգով․ պատերազմ է լինելու, այո՛, սա բացահայտում չէ, ակնհայտ է։Առայժմ համաշխարհային բևեռի զսպիչ գործառույթներով ռազմական գործողությունների ակտիվ ֆազան դեռևս առկախված է, անկանխատեսելի է։ Ես, օրինակ, մոտակա ժամանակներս չեմ կանխատեսում լայնածավալ որոշակի գործողություններ, բայց դա շատ արագ կարող է փոխվել»:
Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն հակառակ կարծիքին է։
«Ռազմական գործողությունների բարձրացման վտանգը, իմ դիտարկմամբ, ավելի բարձր է ինչպես Հայաստանի, այնպես էլ Արցախի հետ սահմանին, որովհետև Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի հարցին ռազմական լուծում տա»:
Վերջին գործողությունները Հայաստանի և հայկական սոցիալ-տնտեսական տիրույթի նկատմամբ հերթական ագրեսիան են, որը պետք է հետ մղվի: Հայկական զույգ պետություններն ի վիճակի են անելու դա` գրագետ և հեռատես քաղաքականության իրագործման միջոցով: