Նոյեմբերի 21, 2024

Ավագների խորհուրդը․ Արցախում հանրային նոր կառույց է ստեղծվել

By Սրբուհի Վանյան Հունիսի 24, 2023

Արցախում նոր հասարակական կազմակերպություն է ստեղծվել՝ «Ավագների խորհուրդ»։ Կազմակերպության նախագահությունն արդեն հանդես է եկել հայտարարաությամբ, ներկայացնելով կառույցի ստեղծման շարժառիթներն ու նպատակները։ Լսենք Սրբուհի Վանյանի անդրադարձը։

 «Ավագների խորհուրդ» հասարակական կազմակերպության նախաձեռնող խումբն այս անունն է ընտրել կազմակերպության համար։ Ինչո՞ւ. նախաձեռնող խմբի անդամ ու կազմակերպության նախագահ Միքայել Հաջյանը դա հիմնավորում է նրանով, որ կառույցի կազմում ընդգրկված են հիմնականում ավագ տարիքի անհատներ, թոշակառուներ, որոնք երկար տարիներ գործունեություն են ծավալել տարբեր ոլորտներում, ունեն մաքուր անցյալ, հարուստ կենսափորձ, հեղինակություն, մեծ ավանդ, և մտահոգ են Արցախում ստեղծված իրավիճակով։ Հենց այդ մտահոգությունն ու այդ իրավիճակից ելքի փնտրտուքն էլ դարձել է կազմակերպության ստեղծման շարժառիթը։ Հանրությունը, կարծես, տարբեր ճակատների է բաժանվում, և պետք է մի ուժ, որը կհամախմբի հանրությանը և կօգնի փակուղուց դուրս գալ, ասում է Միքայել Հաջյանը։

«Ցավոք, պառակտման որոմը նաև Արցախի հանրության մեջ է ընկել , մենք փորձում ենք հնարավորինս կասեցնել, ապա վերացնել դա, և իշխանություններին, հանրությանը, քաղաքական ուժերին համախմբել մեկ միասնական նպատակի շուրջ․ Արցախի ինքության պահպանման, հայեցի կյանքի ու զարգացման»:

Վիճակը, որի մեջ հայտնվել ենք, փակուղային է մեզ համար: Այս ծանր պայմաններում երկրում հետզհետե խորանում ու սպառնագին բնույթ է կրում ռազմա-քաղաքական, սոցիալ-տնտեսական, բարոյա-հոգեբանական և մարդասիրական ճգնաժամը։

Դրան զուգահեռ Արցախի պետականության դեմ շարունակաբար ուղղվող աշխարհաքաղաքական և տարածաշրջանային բնույթի մարտահրավերները մեծապես վտանգում են արցախահայության գոյությունը սեփական հայրենիքում, Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների զարգացումը մղելով Ադրբեջանի հետ «ինտեգրմանը»։ Սա, մենք բոլորս լավ ենք հասկանում, որ իրականում Արցախի հայաթափում է նշանակում, ասում է Միքայել Հաջյանը։ Եվ ուրեմն մեկ բռունցք դառնալու և նույն մեխին խփելու ժամանակն է։

«Մենք ուզում ենք վերացնել այդ տարաձայնությունները, ստիպել , օգնել հանրությանը, որ մեկ բռունցք դառնանաք ու խփենք մեկ մեխի»:

«Ավագների խորհուրդ» ՀԿ կազմակերպական բնույթի հարցերը կարգավորված են, ասում է նա, հունիսի 13-ին կայացել է առաջին նիստը, ստացել են պետական գրանցում։

«Կազմակերպությունն այսուհետ հանդիսանում է ԱՀ հանրային դաշտի հավաքական դերակատար»,-ասում է Հաջյանը։

Կազմակերպության անդամ կարող են դառնալ ոչ միայն Արցախի, այլև` ՀՀ ու այլ երկրների քաղաքացիներ՝ Սփյուռքի մեր հայրենակիցներ։

«Որոշ բանակցություններ արդեն վարել ենք։ Ավստրալիայում, Սանկտ Պետերբուրգում արդեն ունենք ընկերներ, համախոհներ, որ պատրաստակամ են օգնել Արցախին»:

Միքայել Հաջյանը համաձայն չէ գոյություն ունեցող կարծիքին, թե Սփյուռքն անտարբեր է դարձել Արցախի խնդիրների հանդեպ, և պասիվ դիրքորոշում է ցուցաբերում դրանց լուծման գործում։ Ողղակի մենք շատ բան չենք տեսնում։ Սփյուռքը հիասթափված չէ, ասում է նա։

«Սփյուռքը շատ բան է անում, պարզապես մենք միշտ չենք տեղյակ լինում։ Կատարվում է հսկայական աշխատանք, մանավանդ արևմտյան երկրներում, ԱՄՆ-ում, հօգուտ Արցախի»:

Ինչո՞վ է տարբերվելու կամ առանձնանալու նոր ստեղծված հասարակական կազմկերպությունն Արցախում գրանցված տասնյակ, կամ գուցե, 100-ից ավելի հասարակական այն կազմակերպություններից, որոնք շատ լավ ծրագրեր ունեն գուցե, բայց, ցավոք, այդ ծրագրերի մեծ մասը գործնականում չեն կիրառում։

«Մենք կենսափորձ ունեցող մարդիկ ենք, ի տարբերություն երիտասարդների։ Բնականաբար չենք նսեմացնում երիտասարդների կատարածը։ Մենք խրախուսում ենք, գտնում, որ բոլորը պետք է իրենց քաղաքացիական ակտիվությունը ցուցաբերեն, մենք մեր անելիքն ունենք, պետք է միաբանվենք։ Կարծում եմ՝ կհաջողենք»:

Այնպես որ՝ ավագների խորհուրդը կարևոր է, անհրաժեշտ, և նրան պետք է անսալ։ Քանի որ նրանք հսկայական կենսափորձ ունեցող մարդիկ են և իրենց ներուժը միավորել մեկ ընդհանուր՝ Արցախի փրկության գաղափարի շուրջ, ասում է մեր զրուցակիցը։ Այն բաց հանրային կառույց է պատրաստ համագործակցության երիտասարդների, տարբեր տարիքի, խմբի անձանց հետ, և պատրաստ է իր կազմում ընդնունել բարի համբավ ու հեղինակություն վայելող, կյանքի տարբեր բնագավառներում ու ոլորտներում կազմակերպական հարուստ փորձի և խոր գիտելիքների տեր, Արցախի անկախ պետականության պահպանմանը և զարգացմանը պատրաստակամ ԱՀ, ՀՀ և հայկական սփյուռքի քաղաքացիների։

Last modified on Երկուշաբթի, 26 Հունիսի 2023 12:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ