Այսօր արդեն 209 օր է՝ շրջափակված ենք ապրում, 23 օր՝ առանց սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների ներմուծման։ Բնակիչներն արդեն հացի հերթերում են։ Մտահոգված բողոքում են ստեղծված իրավիճակից, բայց վերջում նշում՝ «դիմացել ենք, դիմանում ենք»։ Քաղաքի հերթերի, էլեկտրաէներգիայի, հասարակական տրանսպորտի գրաֆիկի ու ապագայի պլանների մասին լսենք Անի Աբաղյանի հարցումում։
Շրջափակում՝ օր 209, լիակատար շրջափակում՝ օր 23։ Ստեփանակերտի փողոցներն այնքան մարդաշատ են դարձել։ Ոչ, ուղղակի քայլողները քիչ են, շատերը հերթ բռնողներ են՝ բանկոմատների, հացի խանութների դիմաց, բայց անծայրածիրը՝ շուկայում է․ մարդիկ ձու են գտել։ Այսօր մարդկանց մտահոգություններին մեկն էլ կցվեց․ հասարակական տրանսպորտը անցավ հատուկ գրաֆիկի։ Բնակիչները կատակում են․ այս ամենօրյա սթրեսներից հիշողությունն ենք կորցրել․ չգիտեն՝ հոսանքազրկումների գրաֆիկը հիշել, թե՝ տրանսպորտինը։ Շաբաթ, կիրակի օրերին էլ ընդհանրապես չի լինելու․ սա հեշտ հիշվող է, բայց շատ ցավոտ։ Շրջելով մայրաքաղաքի փողոցներով՝ ծանոթացել ենք բնակիչների մտահոգություններին, տրամադրություններին ու ապագայի պլաններին։
«Այսօր իմ ծնունդդ է, ուզում էի ընկներներիս հետ նշել, բայց այս իրավիճակի պատճառով, որ սրճարանները փակ են, դրա համար չի ստացվում»։
«Շատ էի ուզում Երևանում Անանիա Շիրակացու անվան ճեմարանն ընդունվել, բայց տեղափոխությունը չի ստացվել․ շրջափակման պատճառով չեմ կարողացել Երևան գնալ»։
«Չի ստացվում՝ գնաս, հանգստանաս, ամառ ա։ Սննդի խնդիր կա․ որ ճանապարհները փակ են, չի ստացվում նորմալ սնվել»։
«Ամեն ամառ գնում էինք հանգստանալու, բայց դե հիմա չի ստացվում»։
«70 տարեկան կին եմ, ոչ շաքարավազ ունեմ, ոչ ձեթ ունեմ՝ մի ապուր պատրաստեմ, ուտեմ։ Երեք վիրահատություն եմ տարել, հիմա էլ ոչ ուտել կա, ոչ էն։ Չգիտես ինչ անես։ Խանութներ մտնելով տուն եմ գնում, ոչ մի բան չեմ գտնում որ առնեմ։ Դեղերս էլ են վերջացել․ ճնշմանս, կոկորդինս»։
«Ես չեմ աշխատում, եղած ապրանքին էլ այնպիսի գներ են դրել, չեմ հասցնում մի բան գնեմ։ Այս պահին շաքարավազ չունեմ, ձեթ չունեմ»։
«Շուկա՞ն, շուկա ընդհանրապես չկա։ Շուկայի աշխատող եմ եղել, հիմա ընդհանրապես գործ չկա։ Ապրանքը շատ թանկ ա, կտրոններով ա։ Օրինակ առավոտ 06։00-ին պիտի գամ այստեղ կանգնեմ, որ երկու լոլիկ, վարունգ առնեմ։ Շաքարավազը չկա, ձեթը չկա, մակարոն ենք առնում»։
«Եղել է, որ բանան եմ ուզել, բայց դե, չկար»։
«Ես էլ մրգեր եմ շատ սիրում՝ մորի, խնձոր, բայց չենք գտնում»։
«Հունվարից ես անգործ եմ։ Անգործություն ա, սնունդ չկա։ Ես երկու աղջիկ ունեմ, եթե սննդի կամ այլ կարիքներ են ունենում, չեն պահանջում, հասկանում են՝ ինչ իրավիճակում ենք, ինչ կա դրանից են օգտվում»։
«Ես այստեղից դուրս եկողը չեմ․ անցած կռիվների ժամանակ էլ դուրս չեմ եկել։ Ու՞ր գնամ։ Ես այստեղից բացի ոչ մի տեղ չեմ կարող գնալ, իմ տեղն այստեղ է»։
«Չեմ ուզում այստեղից գնալ, որովհետև դժվար է։ Ուզում եմ միայն այստեղ ապրեմ։ Սա մեր հողն է ու ոչ մեկս չենք ուզում լքել։ Այս հողի համար շատ զոհեր ենք տվել։ Իրենց մենք միշտ հիշում ենք ու հենց այդ պատճառով չենք ուզում գնալ այստեղից։ Հանուն իրենց պետք է մնանք այստեղ»։
Դժվարություններին դիմանալ կարելի է ու դիմանում են։ Հարցնում ես ապագայի մասին, միանգամից ասում են՝ չենք ուզում այստեղից գնալ։ Բայց ինչու՞ պետք է մենք հեռանանք մեր հողից։ Պետք է ապրենք՝ հանուն զոհվածների, հանուն ապրողների և մեր ինքնության՝ պետք է։
Առանց հայրենիքի մարդը ժամանակի ու տարածության քմահաճույքներին մատնված մեկն է։