Նոյեմբերի 23, 2024

Խորհրդանշական ակցիա Ասկերան-Ակնա ճանապարհին. մասնակիցներն արգելապատնեշներ են տեղադրել երթևեկելի մասում

By Նինա Հայրապետյան Հուլիսի 19, 2023

«Արցախի զարգացման ու անվտանգության ճակատ»-ի նախաձեռնությամբ՝ մի խումբ քաղաքացիներ երեկ տեղադրել են բետոնե արգելապատնեշներ Ասկերան-Ակնա ճանապարհին: 

Ակցիայի մասնակիցները նշում են, որ այն ավելի շատ խորհրդանշական է: Նրանք վստահ են, որ արցախցիները չեն պատրաստվում ընկրկել և ընկճվել:

«Արցախի զարգացման ու անվտանգության ճակատ»-ի համահիմնադիր Արշակ Աբրահամյանը նշում է, որ ակցիան հստակ ուղերձ է արտաքին աշխարհին.

«Մենք հռչակել ենք, որ տնտեսական և սոցիալական ինտեգրումը Ադրբեջանի հետ չի լինելու, ինչը մեր համար կարմիր գիծ է և այսօր մենք այստեղ հավաքվել ենք, տեղադրել ենք այս արգելապատնեշները Աղդամ/Ակնա- Ասկերան ճանապարհահատվածին՝ հստակ մեսիջ ուղարկելով և՛ միջազգային մեր գործընկերներին, և՛ Ադրբեջան պետությանը, որ մենք չենք պատրաստվում ընդունել իր կողմից այսպես ասած հումանիտար օգնությունը»:

Ասկերան քաղաքի բնակիչ, ակցիայի ակտիվ մասնակից Արման Ավանեսյանը նույնպես հաստատեց, որ արցախցիները դեմ են Ակնա-Ասկերան ճանապարհը «հումանիտար բեռներ»-ի համար օգտագործելուն.

«Միակ ճանապարհը, որով պիտի ստանանք պարենային սնուցում մեր իսկ կյանքի բարելավման համար` Բերձորի ճանապարհն է, որը մենք ասում ենք կյանքի ճանապարհ, իսկ եթե չկա Բերձորի ճանապարհը, այլընտրանքը՝ օդային ճանապարհն է»:

Ավանեսյանը նաև նշում է, որ պետք է բոլոր հնարավոր միջոցներով պայքարել Արցախի հայկականության համար.

«Միանշանակ պետք է պայքարենք յուրաքանչյուր ֆորմատով, յուրաքանչյուր պահ օգտագործելով Արցախի Հանրապետության կյանքը բարելավելու և անվտանգությունն ապահովելու համար: Յուրաքանչյուր ձևաչափ, յուրաքանչյուր խողովակ օգտագործում ենք, որպեսզի Արցախը մնա միշտ հայկական ու Արցախում ապրեն ու արարեն հայերը»:

Last modified on Չորեքշաբթի, 19 Հուլիսի 2023 06:39
© 2021 ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՌԱԴԻՈ